ԿարևորՀասարակություն

Վիքիպեդիան 20 տարեկան է

Հայերեն առաջին հոդվածը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում հայտնվել է  2005 թվականին։

 «Անկախությունից  հետո 10 տարի մոտավորապես չեմ աշխատել, որևէ աշխատանք չունեի, հետո ընդունվեցի Ինֆորմատիկայի ինստիտուտ՝ որպես ավագ գիտաշխատող, և ինտերնետից օգտվելու կարիք շատ կար, մասնավորապես, Վիքիպեդիայից, իսկ հայերեն հոդվածները բացակայում էին։ Հասկացա, որ պետք է ունենանք հայերեն Վիքիփեդիա, դա մեզ և մեր լեզուն միջազգային հարթակում ներկայացնելու լավ հնարավորություն է»,- ասում է Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական ՀԿ նախագահ, մասնագիտությամբ մաթեմատիկոս Սուսաննա Մկրտչյանը։

Սկզբում թիմում քիչ անդամներ կային, հետո տիկին Սուսաննան հասկացավ, որ այն ընդլայնելն ուղղակի անհրաժեշտություն է և սկսեց քայլեր ձեռնարկել։ Այսօր Հայաստանում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում հայերեն լեզվով հոդվածներ հրապարակող  և խմբագրող ակտիվ կամավորների թիվը հասնում է 2500–ի, ամենաակտիվների թիվը, ովքեր աշխատում են շաբաթվա մեջ ընդհուպ մի քանի օր, 300-ի։

Շատ ակտիվ 300 խմբագիրների շարքում է հասարակագիտության ուսուցչուհի և արդեն Վիքիփեդիայի դասընթացների վերապատրաստող Նվարդ Առաքելյանը։ Նվարդը Վիքիփեդիայում հոդվածներ գրել ու խմբագրել սկսել է 2018 թվականից։ Մասնակցում էր ուսուցիչների համար կազմակերպված «վիքիդասընթացին» և որպես առաջին հոդվածի թեմա ընտրեց մահապատիժը։ Այսօր ինքն է վերապատրաստում այն ուսուցիչներին, որոնք ցանկանում են դառնալ, ինչպես ինքն է նշում «վիքիընտանիքի» մի մասնիկը։

«Պետք են առնվազն 3-4 հավաստի աղբյուրներ։ Բացի միջազգային աղբյուրներից՝ օգտվում ենք հայկական մեդիադաշտի հավաստի աղբյուրներից,  դա կարող է լինել , օրինակ, Հանրային Ռադիոյի կամ Հանրային հեռուստաընկերության կայքը»,-ասում է Նվարդը։

Միջազգային Վիքիփեդիան, ցավոք, վերահսկողություն չի սահմանում օտարերկրյա խմբագիրների համար, այդ պատճառով 44 օրյա պատերազմից հետո հայկական Վիքիփեդիայում պատերազմին և Արցախին վերաբերող հոդվածները խմբագրելու հարցում խնդիր է առաջացել․

«Այն բոլոր հոդվածները, որոնք վերաբերում են Հայաստանին և Արցախին, օրինակ՝ աշխարհագրական դիրք, տեղանուններ, ադրբեջանցիները մուտք էին գործում և խմբագրում, քանի որ հայերենին շատ լավ տիրապետում են։ Օրինակ Ուրբաթում անվանումը, որը հայկական աղբյուրում Սանասար է, նրանք անընդհատ փոխում էին, և վատն այն է, որ 3 անգամ խմբագրել, վերախմբագրելուց հետո Վիքիպեդիան արգելափակում է ցանկացած խմբագրի մուտք, և հնարավոր է, որ 3-րդ անգամը հենց ադրբեջանական կողմը հասցնի խմբագրել»։

Կամավորների շարքում են նաև Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք էլ  փորձում են զարգացնել արևմտահայերեն Վիքիպեդիան։ Նվարդն ասում է,  ինքը արդեն 400-ից ավել հոդվածների հեղինակ է և իր աշակերտներին էլ խորհուրդ է տալիս օգտվել հայկական Վիքիպեդիայից, իհարկե այն հոդվածներից, որոնք վերջնական խմբագրված և ստուգված են․

«Մենք «վիքիընտանիք»  ենք, ես շնորհավորում եմ բոլորիս Վիքիպեդիայի օրվա կապակցությամբ, և շատ կուզեմ, որ իրենց ոլորտներում մասանգիտացած և թրծված մարդիկ իրենց ներդրումն ունենան հայերեն Վիքիպեդիայի համալրման հարցում, որպեսզի մենք աշխարհին էլ ավելի գրագետ ներկայանանք»։

Back to top button