ԿարևորՏնտեսական

Կանաչ լույս՝ հայ գործարարների համար

Պատկերավոր ասած «կանաչ լույս» է վառվում տեղական արտադրողի համար։ Տնտեսական ուղղվածություն ունեցող «իմքայլական» պատգամավորներով հավաքվել, քննարկել և որոշել են ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ։ Աշխատանքային խումբը կզբաղվի այն բոլոր օպերատիվ լուծում պահանջող խնդիրներով, որը հայ գործարարները ունենում են. մանր խնդիրներից մինչև տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված խնդիրներ, ասում է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Առաջացող հարցերին աշխատելու են արագ լուծումներ տալ։

 «Կոչ եմ անում պետական մարմինների բոլոր աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ գտնվել և որևէ լրացուցիչ խնդիրներ չստեղծել բիզնեսի համար՝ ժամանակ ձգել, տարբեր կանոնակարգումները, որոնք ունեն տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն, չօգտագործել բիզնեսի դեմ։ Այսինքն՝ այս փուլում ու ընդհանրապես սրանից հետո ես խնդրում եմ, որ այդ պատասխանատվության զգացումը բոլորի մոտ մի քիչ ավելի բարձր մակարդակի վրա լինի։ Իսկ մենք մեր հերթին կհետևենք, որ այդ բոլոր պրոցեսները կատարվեն ինչպես հարկն է, ու որևէ մեկը Հայաստանում օրինական դաշտում աշխատող գործունեություն ծավալող բիզնեսմենների նկատմամբ որևէ լրացուցիչ խոչընդոտ չստեղծի»։

Ինչ խնդիրներ իրականում ունեն փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները․ իրենք անձամբ այսօր պատմում էին խորհրդարանում։ Տարբեր ոլորտներից գործարարները պատգամավորներին թվարկել են արագ լուծում պահանջող խնդիրները․ լոգիստիկ՝ ճանապարհային խնդիրներից մինչև բյուրոկրատական քաշքշուկներ և բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտություն։ Գործարարները թվարկել են այն անհրաժեշտ հիմքը, որի դեպքում կփորձեն անիրական զարգացումներ ապահովել։

Արթուր Գոմկցյան «Հայաստանի գյուղատնտեսական դաշինք»․ «Գյուղատնտեսությունը մի ճյուղն է, որը կարող է և պետք է մեծ դեր ունենա մեր տնտեսության զարգացման գործում, ու այս պահին առավել ևս իրոք պետք է կարողանանք անիրական զարգացումներ ապահովել։ Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել ու տեսնել արդյունքներ»։

«Բացի մեր տեղական բիզնեսից նաև ներդրումների հետ կապված խնդիրներ կան։ Օրինակ՝ դեպք ունեմ, որ 1.5 տարի է այս գերատեսչությունից մյուսն են վազեցնում։ 15 միլիոն դոլարի զարգացման ծրագիր է շինարարության ոլորտում։ Մենք այդ իմիտացիաներից պետք է հեռու կանգնենք, որովհետև ձև են տալիս, որ աշխատում են, բայց անընդհատ–անընդհատ խանգարում։ Հիմա մենք նորից վարչապետին արդեն երկրորդ անգամ փորձում ենք նամակ գրել»։  

Եղիշե Հովհաննիսյան․ «Տրանսպորտային առաքողների միություն» «Իսկապես կուտակվել են բավականին լուրջ խնդիրներ՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը բավականին երկար ժամանակ գտնվում էր շրջափակման մեջ և հասկանալի պատճառով շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի տրանսպորտային առաքումների հարցը լուծենք։ Ընդհանրապես, տրանսպորտային լոգիստիկան ինքնարժեքի մեջ բավականին լուրջ բաղադրիչ է՝ մինչև 75% է կազմում։ Ուրեմն, իսկապես ունենք բավականին լուրջ անելիքներ»։

«Պատերազմի ժամանակ ակնհայտ երևաց, որ մենք պետք է ունենանք շատ ավելի ճկուն և ավելի բազմակողմանի և ավելի ճկուն ռազմավարություն տարբեր տեսակի տրանսպորտային փոխադրումների հետ կապված։ Որովհետև տեսանք՝ որոշ բաներ արգելվեցին մեր հարևանների կողմից, որոշ բաներ ուշացան, շատ է քննարկվել ազգային ավիափոխադրողի խնդիրը։ Հասկացանք, որ պետք է դրա մասին շատ ավելի լուրջ մտածենք»։

Այսօր խորհրդարանում եկել էր գործարարներին լսելու ժամանակը։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ նոր և անգամ շատ վաղուց մշակված առաջարկներ, որոնք ներկայացվեցին պատգամավորներին։ Վերջիններս խոստացան՝ այլևս պետք չէ նամակներ գրել վարչապետին կամ այլ ատյանների։ Վերջնաժամկետ սահմանեցին՝ 1 ամսից հայ գործարարը տարբերություն է զգալու։ Ուղիղ կապի և խնդիրների արագ լուծման համար անգամ փոխանակեցին հեռախոսահամարներ։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպումից հետո լավատես է՝ պատերազմն ազդել է տնտեսության, բայց ոչ գործարարների վրա։

«Դե, ընդհանուր, կարծում եմ, որ հիմա ավելի դժվար է, որովհետև պատերազմն իր հետ բացասական հետևանքներ է բերել, բայց նաև աշխատելու մոտիվացիայի առումով հիմա ավելի մոտիվացված են ու ավելի վճռական»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դեռ վաղ է համարում խոսել հայկական շուկայում թուրքական կամ ադրբեջանական ապրանքների հայտնվելու մասին։ Հաստատում է, որ դեկտեմբերի 31–ին ուժի մեջ է մտնելու թուրքական ապրանքների նկատմամբ 6–ամսյա արգելքի որոշումը։ Դա որևէ մեկը չի չեղարկել։ Առաջնային հարց է համարում տեղական արտադրողների խնդիրների լուծումը։   

Back to top button