ԿարևորՀասարակություն

Համացանցը մեզ երբեք չի մոռանում

«Օրինակ` ձեր կարծիքով ձեր ֆեյսբուքը անվճա՞ր է,  թե՞ վճարովի»։

Հարցի շուրջ չէի մտածել, ենթադրեցի, որ վճարովի է, հաջորդեց պատասխանը․

«Դուք դրա համար փող ե՞ք տալիս, չէ, բայց ֆեյսբուքը ձեր համացանցային  վարքագիծը ուսումնասիրելով՝ ձեզ կարողանում է գովազդ առաջարկել»։

Օրեր առաջ ընկերոջս հետ խոսում էինք, թե որտեղից կարող ենք գնել տաքացուցիչ։ Օրվա ընթացքում, երբ ֆեյսբուքյան էջս էի թերթում,  պարբերաբար սկսեցի հանդիպել տաքացուցիչներ առաջարկող էլեկտրոնիկայի խանութների գովազդների։ Շատ արագ մեր ուզած մոդելը գտանք ու գնեցինք։ Վստահ եմ` բոլորի հետ նման բան պատահել է, երբ խոսում կամ գրում  եք իրար որևէ իրի անհրաժեշտության մասին կամ որոնում եք ինչ–որ բան, և սոցիալական ցանցերը շատ արագ արձագանքում են ձեզ։ Ստացվում է՝  ոչ թե մենք ենք համացանցում հետևում որևէ մեկին, այլ հենց ինքը՝ համացանցն է հետևում մեզ։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյան․

«Ֆեյսբուքը վաճառում է մեր անձնական տվյալները։  Օրինակ՝  եթե դուք հավանում եք տալիս մի էջի, որտեղ շներ կան, միգուցե ֆեյսբուքը գովազդի տեսքով ձեզ շան կեր առաջարկի, ձեր տվյալներն էլ վաճառի շան կեր արտադրող ընկերության։ Ցանկացած սոցիալական հարթակ օգտագործելիս պետք է ծանոթանալ այդ հարթակի կանոններին, իսկ մենք Հայաստանում խնդիր ունենք, որովհետև մարդիկ երբ գրանցվում են այս կամ այն սոցիալական հարթակում, չեն կարդում, թե տվյալ հարթակը իրենց անձնական տվյալները ինչպես է օգտագործելու»։

Համացանցը մեզ երբեք չի մոռանում։ Սա այն եզակի դեպքերից է, երբ ՝ «Երբեք մի ասա երբեք» կանոնը չի գործում․ համացանցի հիշողությունից մեր տվյալները և մեզ հետ կապված պատմությունները չեն ջնջվում երբեք։ Հասարակության շրջանակներում սակայն կան մի շարք թյուրըմբռնումներ, մասնավորապես, երբ հերթը հասնում է սահմանելուն, թե ինչ է անձնական տվյալը՝ գաղտնի՞ք, թե՞ հանրամատչելի տեղեկություն․

«Անձնական տվյալը թույլ է տալիս մարդուն նույնականացնել, պարզել մարդու ինքնությունը։ Անձնական տվյալը ինքնին գաղտնիք չէ։ Երբ ասում ենք անձնական տվյալների պաշտպանություն, նկատի ունենք գործիքակազմը՝ իրավական, տեխնիկական և կազմակերպչական։ Բայց սա չի նշանակում, որ անձնական տվյալները չեն կարող լինել գաղտնի, դրանք կարող են լինել և՛ գաղտնի, և՛ հանրամատչելի։ Սակայն պետք է պահել օրինականության սկզբունքը, տվյալները պետք է պահպանվեն, պաշտպանվեն և մշակվեն որոշակի իրավական սկզբունքներով»։

Որո՞նք են այդ սկզբունքները․

«Իրավական սկզբունքները 3-ն են։ Առաջինն անձական տվյալը օգտագործելու օրինական նպատակն է, երկրորդը՝   մարդու համաձայնությունը և երրորդը՝ տվյալների համաչափությունը նպատակին»։ 

Պատերազմը տևեց  44 օր, 45-րդ օրից ի վեր ոչ պատերազմ է, ոչ էլ խաղաղություն։ Պատերազմական իրավիճակում կան անձնական տվյալների պաշտպանության մի շարք ռիսկեր․

«Սովորաբար ճգնաժամային և պատերազմական իրավիճակներում ավելի շատ սկսում են անձնական տվյալներ ձեռք բերվել՝ ոչ թե թիրախում ունենալով մեկ մարդու անձնական կյանքը, այլ այդ տվյալները ձեռք են բերվում հատուկ նպատակների համար։ Գուցե բառերս անհասկանալի են, ռադիոլսողների համար օրինակով բացատրեմ․  եթե թշնամին ապատեղեկատվությունը տարածի դատարկ էջով, մենք չենք տրվի սադրանքին, բայց եթե թշնամուն հաջողվի ձեռք բերվել իրական էջ, ունենալ մարդու անուն ազգանունը  և համացանցային պատմությունը և այդ էջով տարածել, շատերը կխաբվեն։ Հետևաբար՝ սա օգտագործվեց անձական տվյալների միջոցով այլոց ծուղակը գցելու համար»։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մի քանի պարզ խորհուրդ տվեց, թե ինչպես  պաշտպանել անձնական տվյալները․

«Ամենակարևորը՝ հետևել անվտանգության կանոններին և ապահովել այդ անվտանգությունը տվյալ սոցիալական  հարթակում։ Ձեռնպահ մնալ սոցիալական հարթակներում անձնական շատ տվյալներ ներբեռնելուց, քան դա անհրաժեշտ է սահմանված նպատակին հասնելու համար և զգուշ լինել այլոց անձնական տվյալները փոխանցելուց, իսկ ամենակարևորը՝ միացնել երկփուլային անվտանգությունը։»։

Համացանցը, որին չենք ճանաչում, որի հետ վիճել չենք կարող,  փաստորեն խլել է մեզնից մոռացված լինելու իրավունքը։ Բայց  համացանցից պաշտպանվելու իրավունքն արդեն մեր  պարտականությունն է։

Back to top button