ԿարևորՀասարակություն

Անորոշություն ու Կապանի բնակավայրերի գլխին կախված վտանգ

Կապան համայնքի Սրաշեն, Շիկահող և Ներքին հանդ սահմանամերձ բնակավայրերն էլ ավելի մոտ կլինեն թշնամուն` սահմանային փոփոխություններով պայմանավորված։

«Ռադիոլուրի» թղթակիցը եղել է գյուղերում, որտեղ բնակիչներն ասել են, որ մտադիր չեն լքել իրենց կեցության վայրը, սակայն մտավախություն ունեն․ թշնամին չի փոխվել։ 

Կապան համայնքի Սրաշեն գյուղի  բնակիչ Արամայիս Ստեփանյանը չափում է թշնամուց իրենց բնակավայրի հեռավորությունը։

«Ուղիղ հատվածով 3 կիլոմետր, որտեղ հասանելի է ամենափոքր փամփուշտը»։

Արամայիսն ասում է` եթե սահմանների փոփոխություն լինի հոգուտ ադրբեջանցիների, ապա սրաշենցիների գլխնի նույնպես վտանգ է կախված։

«Մեր դաշտի անմիջապես սահմանի վրա գտնվում է թուրքի վերջին գյուղը, որը ներկա պահին մենք ենք մեր դիրքերով և որտեղ մեր սեփականաշնորհված, պետական, վարչական հողերն են։ Իրենք էլ՝ կպած մեզ։ Եթե ադրբեջանցին գա մինչև իր գյուղը, այն գյուղը, որ հիմա մենք ենք նստել, սրաշենցիների համար դժվար կլինի»։

«Կյանքի փորձը ցույց է տվել, լավ բան չենք տեսնելու»։

Մարզային իշխանություններից նեղացած Է, բարկացած։ Լենդրուշ Մկրտչյանը համագյուղացիների հետ գյուղի կենտրոնում հավաքվել ծանր ու թեթև են անում, մտահոգ են։

«Մեր հողերի մի մասն ընկնում է ադրբեջանցու տան կողքի սենյակի պատի միջով, տան մեջից մետր ու կեսը ընկնում  է մեզ։ Խորհրդային Միության ժամանակ,  հիմա եթե այդ ձևով են վերցրել, ապա կարող է մեզ էլ տան իրենց»։

Սրաշենում հանդիպեցինք նաև Կովսականի շրջանի Դիցմայր գյուղի բնակչուհի Լուսինե Ղազարյանին։ Նա գյուղից դուրս է եկել հոկտեմբերի 19-ին, երբ արդեն այլընտրանք չկար, կրակում էին։

 «Զրոյից, փլատակներից տուն եմ վերանորոգել։ Երկու տղա, մի աղջիկ ունեմ։ Երկու տղայիս շպալի վրա եմ մեծացրել։ Անգամ փայտի գետին չի եղել։ Եթե աջակցեն իմ բնակավայրիս համար․․․կամ հույս լինի այնտեղ ապրելու,  բայց ես հույս չունեմ, քանի որ այնտեղ շատ վտանգավոր է»։

Չնայած ընտանիքի հետ այժմ Սրաշենում են, բայց հայրենի գյուղի բնագծերն էլ որոշակիորեն վտանգված են, անհանգստացած ասում է Փառանձեմ Բարսամյան։

«Նա թուրք է, իր մտածելակերպը չի փոխել, չի էլ փոխելու, ոււստի կցանկանայի կառավարությունը այնպես անի, որ մեզ վտանգ չլինի»։

Սրաշենի վարչական ղեկավար Անահիտ Բաղդասարյան․ «Մոտենում են մեր սահմաններին, արոտավայրերին, դաշտերին։ Մարդիկ կվախենան գնան ու մշակեն հողերը»։

Եղանք նաև Շիկահող բնակավայրում։

Վարչական ղեկավար Նարե Ղազարյանը, չնայած կին լինելուն, զենք էր վերցրել, իսկ այսօր թշնամին քթի տակ, սարի այն կողմում է,  ինքն էլ՝ մտահոգ է։

«Իրենց սահմանը այս պահին գտնվում է մեր սարերին շատ մոտ, որտեղ էլ հենց գտնվում են արոտավայրերը։ Ու մարդիկ, եթե մինչև այսօր հանգիստ էին, անասունը երկու, երեք օրով չէր գալիս, գնում էին, փնտրում էին, հիմա մարդկանց համար խնդիր է լինելու գնալ փնտրել բերելը։ Եթե այսքանից հետո չստացվի ճիշտ դիվանագիտություն վարել, շատ հավանական է, որ վաղը, մյուս օրը ավելի լուրջ  փաստի առաջ կանգնենք և ավելի մոտենան մեր սահմաններին»։

Այս պահին էլ Շիկահողում կամավորները ինքնապաշտպանություն են իրականացնում, պարզ է, որ պետք է սննդի ու վառելիքի խնդիր առաջանա։ Խնդիրը լուծում  է Կապանի համայնքապետը։ Նարե Ղազարյանի հետ զրուցելուց հետո շարժվեցինք Ներքին Հանդ բնակավայր։ Մոտ 6080 հա հողային ռեսուրս ունի բնակավայրը։ Գյուղատնտեսական նշանակության հողեր, վարելահողեր, խոտհարք, արոտ և այլն, վտանգը` գյուղացիների գլխին կախ։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյան։

«Մեր ժողովուրդը արդեն գիտակցում է, անասունները այդ տարածքներ արդեն չեն տանում, բայց չտանենք էլ էլի վտանգ է։ Փաստը ցույց է տվել, որ այս 20 օրվա մեջ 4-5 անասունի կորուստ ունենք։ Սկզբից մեզ վրա աշխատեց սնարյադով, հիմա խաղաղ է, բայց զգոնությունը չենք կորցրել»։

Բնակչուհի Լուսինե Բաբայան. «Մեր թշնամիները մեզանից գտնվում են 5 կիլոմետր հեռավորության վրա։ Մեր գյուղի բնակիչներն այնտեղ պոստերում կանգնած են։ Չես իմանա, թե ամեն պահի ինչ կարող է լինել մեր գյուղի հետ։ Երևակայի, մենք մեզ այստեղ ապահով էլ չենք զգում։ Ինչո՞վ ենք վստահ, որ այսօր մեր անվտանգությունն ապահովված է»։

Ռադիկ Բաղդասարյան․ «Այսօր ճիշտ է սահմանին են տղերքը, բայց գիշերը ամեն մի ձայնից սարսափում ես։ Դիվերսիա կլինի։ Ամեն դեպքում վտանգը զգում ենք»։

Շրջելով գյուղերով մի բան պարզ էր, այս մարդիկ չեն պատրաստվում լքել իրենց գյուղը, այլ հակառակը` ուզում են ավելի շենացնել, բայց իսկապես վախենում են հակառակորդի նենգությունից, համակեցության մասին լսել չեն ուզում։

Back to top button