ԿարևորՀասարակություն

Հեռավար դաս ապաստարանից

Ապաստարանում պատսպարված արցախցիներին  այս օրերին ոչ թե աքլորի կանչն է արթնացնում, այլ թշնամու կրակոցները: «Ստորգետնյա կյանքին» դեռևս անծանոթ Արման Ղարիբյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներից է։

Ոչ մի կրակոց, ոչ մի ռումբերի ձայն չեն կարող խոչընդոտել դասապրոցեսի իրականացմանը։ Երեկոյան ժամը 7-ին ապաստարանում ստեղծվում է ակադեմիական միջավայր. պարոն Ղարիբյանը մուտք է գործում zoom հարթակ և իր ուսանողների համար դասախոսություն է կարդում հենց ապաստարանից։

«Ուսանողները ունեն կրթության իրավունք և այդ իրավունքը չպետք է տուժի որևէ կերպ՝ անգամ եթե պատերազմական իրավիճակ է։ Եվ որոշեցի այնպիսի պայմաններ ստեղծել, որ ինտերնետ կապ լինի և կարողանամ դաս անցկացնել. բարեբախտաբար ստացվեց։ Միակ խնդրանքս ուսանողներին այն է եղել, որ դասերն անենք երեկոյան ժամերին, որովհետև այդպես ավելի անվտանգ է»։

Ապաստարանից դաս անցակցնելու համար առաջին պայմանը ռումբերի հետ լեզու գտնելն էր, որն արդեն պարոն Ղարիբյանին հաջողվել է։

«Սովորել ենք, ռումբերի ձայներին այլևս կտրուկ չենք արձագանքում։ Հիմա, երբ պայթյուն է լինում, ոչ թե թաքնվում ենք, այլ փորձում ենք հասկանալ, թե որ կողմից է պայթյունը»:

«Ժուռնալիստի վարպետություն» առարկայի դասախոսը երբեք չէր պատկերացնի, որ համալսարանի տաք ու լուսավոր լսարանները մի օր փոխարինվելու են ապաստարանի խոնավ պատերով։ Իսկ ուսանողներից գոհ է,մշտապես դասերին նատրաստ են։

«Այնուամենայնիվ փորձում ենք այնպես անել, այդ մեկուկես ժամը, որ տրամադրում ենք դասին, անցնի արդյունավետ»։

Դրսում ռումբերն են պայթում ,իսկ ներսում հեռավար դասը շարունակվում է։ Հաղթանակ կերտողներից մեկն էլ նա է՝ իր մասնագիտությանը մշտապես հավատարիմ դասախոսը։

Back to top button