ԿարևորՀասարակություն

Կորոնաթվերի աճը պայմանավորված չէ ուսուցիչների պարտադիր թեսթավորմամբ. համաճարակաբան

Սեպտեմբերի 7-ից սկսած իրականացվում են ուսուցիչների և դպրոցական անձնակազմի թեսթավորումները։ ԱՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանի խոսքով՝ այդ պարտադիր թեստավորումն անհրաժեշտ էր ռիսկերը նվազեցնելու համար։

Նրա խոսքով՝ իրենց լաբորատորիան օրական 3000 թեսթավորում է իրականացնում, իսկ վերջին օրերի կորոնավիրուսային թվերի աճը պայմանավորված է, ոչ թե դպրոցների գործարկմամբ, այլ՝ սեզոնային վարակների սպասելի բարձրացմամբ, երբ քաղաքացիները դրանից ելնելով ավելի հաճախ են դիմում թեստավորման, նաև՝ որոշ սահմանափակումների մեղմացմամբ։ Ի դեպ, համաճարակաբանը նաև նկատել է, որ երեք կանոնների պահպանումը, այդ թվում՝ դիմակ կրելը պաշտպանելու է նաև սեզոնային վարակներից։      

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանն այսօր արձագանքեց հայտնի դեպքերի մասին հարցին, երբ ուսուցիչները անվճար թեստի դրական պատասխանից հետո նաև վճարովի թեստեր էին հանձնել ու ստացել բացասական պատասխաններ։ Չնայած դրա՝ ուսուցիչներին ինքնամեկուսնալու ցուցումներ էր տրվել, ինչն առաջացրել էր մեծ դժգոհություններ նրանց շրջանում։ Լուսինե Պարոնյանն ասաց, որ իրենց լաբորատորիան անցել է որակի արտաքին գնահատում և 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել, ինչն արձանագրվել է նաև ԱՀԿ-ում։

«Սա նշանակում է, որ մեր լաբորատոր կարողությունները կասկածի տակ դնել չի կարելի։ Ես խորհուրդ եմ տալիս մեր ուսուցիչներին՝ զուր տեղը գումարներ չծախսել և չդիմել մասնավոր լաբորատորիաներ»։    

Վերջին շրջանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը Լուսինե Պարոնիկյանը չի կապում դպրոցների բացվելու և ուսուցիչների պարտադիր թեստավորման հետ։ Նա նկատեց, որ օդակաթիլային վարակների սեզոնային բարձրացումը սպասելի էր և, բնական է, որ պետք է կորոնավիրուսային հիվանդության թվերը նույնպես բարձրանային։

«Մենք շատ չունենք ուսուցիչների մեջ դրական դեպքեր, որ դա ազդեր մեր ընդհանուր ցուցանիշների վրա։ Մենք անգամ երբ հանում ենք ուսուցիչների դրական դեպքերը, մենք տեսնում ենք թվերի աճ»։    

Լուսինե Պարոնյանի փոխանցմամբ՝ երկու շաբաթում հնարավոր չի եղել բոլոր դպրոցների անձնակազմերին թեստավորելը և հիմա այդ գործընթացը շարունակվում է։ Այն կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում։

«Մոտավորապես 1.5 տոկոսի շրջանում է դրական դեպքերը։ Սա նշանակում է, որ նպատակային է մեր միջոցառումը։ Այսինքն, անգամ այդ 1.5 տոկոսի մոտ հայտնաբերելով՝ մենք բավականին վարակի տարածումը կանխարգելում ենք»։

Հայտնաբերված բոլոր դեպքերը հիմնականում առանց ախտանիշի դեպքեր են։ Նրանք պիտի տանը մնան և հսկողության տակ լինեն։ Ախտանշաններ լինելու դեպքում միայն կտեղափոխվեն հիվանդանոց և բուժում կստանան։ Պետությունը մեծ բեռ է վերցրել՝ ասաց Լուսինե Պարոնյանը։ Թե որքան գումար է պետությունը ծախսում 1 ուսուցչի համար՝ ասաց, որ կախված է թեսթի տեսակից։ Լուսինե Պարոնյանը գործընթացն արդարացված է համարում. կանխվում է հատկապես երեխաների միջոցով վարակի տարածումը.  

«Որպեսզի այս երեխաները վարակը իրենց տուն չտանեին, իրենց մեծահասակ տատիկ, պապիկներին չվարակեին, իհարկե, այդ առումով մեր միջոցառումը արդարացված է։ Անգամ՝ այդ քիչ տոկոսի հայտնաբերումը մեզ բավականին բան է տալիս»։ 

Ընդհանուր առմամբ, համաճարակաբանի խոսքով, համաճարակային իրավիճակը մեր բոլորի ձեռքում է։ Քաղաքացիներն իրենք պետք է զգոն լինեն և կանխեն իրենց ու շրջապատի մարդկանց վարակումը՝ պահպանելով հակահամաճարակային երեք պարզ կանոնները՝ սոցիալական հեռավորություն, դիմակի կրում և ձեռքերի հաճախակի լվացում։ Աշխարհում դեռ այլ միջոցներ չկան և այդ մեթոդները իրենց արդյունավետությունը հաստատել են. խիստ պահպանմամբ բավականին նվազում անեցանք՝ եզրափակեց ԱՆ հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչը։

Back to top button