ԿարևորՀասարակություն

Մենք լավ փրկարար ենք, եթե փրկելու մարդ չկա․ մեկ օր փրկարարների ակադեմիայում

Երրորդ հարկի միջանցքի ամենավերջին դուռը կիսաբաց է, ներսում՝ զուսպ ակտիվություն։ Սենյակ չեմ մտնում․ ներսում կարևոր գործով են զբաղված, խանգարել չի կարելի։ Փոխարենը սկսում եմ մտածում այդ պահին թվացյալ ամենաանպատեհ հարցի շուրջ․ ո՞րն էր մեր մանկական երազանքների ամենահեղինակավոր եռյակը։  Դառնալ աշխարհահռչակ երգի՞չ, տիեզերագնա՞ց կամ սուպերհերո՞ս։ Իսկ ի՞նչ են անում մարդիկ, որոնց մոտ իրականացել է հարյուրհազարավոր մանուկների երազանքը։ Ես այս հարցի պատասխանը գտնելու հնարավորություն ունեմ․ Սպասել ևս 10 րոպե՝ մինչ պայմանավորված ժամը կհասնի և իջնել երկրորդ հարկ։ Ընդամենը։

Մոռացա ասել․ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եմ, այնտեղ, ուր սովորում են դառնալ իսկական հերոս՝ փրկարար։ Այցիս օրն էլ պատահական չէ՝ այսօր Փրկարարի օրն է։

  • «Փրկարարը այն անձն է, որը պատրաստ է իր կյանքը զոհաբերել, վտանգի տակ դնել աղետի մեջ գտնվող, ծանր կացության մեջ գտնվող մարդուն օգնելու համար, որի համար չկա թե ինչ ազգության է  տուժածը, ինչ կրոնի է տուժածը, ինչ սեռի, ինչ դավանանքի․ Կա ընդամենը տուշած, որին պետք է փրկել, այդ պահին։ Անգամ եթե նա քո արյան թշնամին է՝ միևնույն է նրան այդ պահին պետք է փրկել»։
  •  «Մենք գիտենք, որ ռիսկի գործոնը շատ մեծ ա, գիտենք, որ մեր կյանքը վտանգի տակ ենք դնում, բայց գիտենք՝ հանուն ինչի ենք դա անում»։
  • «Մեր գործունեությունը հենված է բարության վրա, և միայն բարի լինելն արդեն բավական լուրջ գործոբն է դա իրականացնելու, մնացածը ձեռքբերովի է»։

Սենյակը, ուր ինձ հրավիրեցին՝ Ակադեմիայի ռեկտորի՝ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանինն է։ Այստեղ են նաև Ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչները՝ Հայկանդուխտ Ղարիբյան, փրկարար ծառայության գնդապետեր Գևորգ Հովակիմյան, Սարգիս Կյուեղյան, Ռադիկ Մխիթարյան, Կարեն Զիրաքայան, բոլորն էլ՝ տոնական տրամադրությամբ։

Իմ՝ հերոս դառնալու երազանքն իրականացնելու համար արդեն մի փոքր ուշ է, բայց խնդրում եմ յուրաքանչյուրին ընդամենը մեկ բառով՝ ապագա երազողների համար ներկայացնել, թե ինչ է պետք ունենալ դրա համար․

«Բարություն, մի քանի անգամ բարություն և մտածելկլու կարողություն, համբերություն, նորից բարություն և մարդկային լավագույն հատկանիշները, բարություն դիմացինին արժևորում արժեքների գնահատում և տալ, ոչ թե վերցնել»։

Ներկաներից չորսի համար պատասխանը կարծես միանշանակ է՝ բարի լինել, իսկ ռեկտորը հավելում է մեկ կարևոր գիծ ևս՝ սիրել:

«Սիրել երկիրը, որովհետև այդ նույն բնակիչը այդ նույն երկրի անբաժանելի մասն է, լեռը սիրել, որպեսզի չթողնես, որ լեռան լանջը սահի, գետը սիրել, չթողնել որ նա ափերից դուրս գա․ սիրել երկիրը, նվիրված լինել հայրենիքին, ոչ թե բառերով, այլ գործունեությամբ, սա է փրկարարի հիմնական հենքը, որից էլ բխում է այն բարությունը, որը ուղղված է մարդուն»։

Շենքը, որում գտնվում եմ, այս պահին 1150 փրկարար է պատրաստում, զրուցակիցներս էլ ոչ միայն միջազգային որակավորմամբ փրկարարներ են, այլ նաև դասախոսներ։ Ուսումնական օրերից մեկի մասին են պատմում․ պարոն Մաթևոսյանը մտել է լսարան ու տեսել գրատախտակին գրվածը․ «մենք լավ փրկարար ենք, եթե փրկելու մարդ չկա»։

Ձևակերպումը շատ է հավանել, հիմա էլ ոգևորությամբ բացատրում է՝ ինչ է սա նշանակում․

«Այսինքն մենք այնպես ենք գիտականորեն զարգացած, այնպես ենք կարողացել բնակչության հետ աշխատել, որ սխալներ թույլ չեն տրվում և մարդածին վտանգներ չեն առաջանում։ Այսինքն պետք է կանխել–կանխարգելել այն բոլոր վտանգները, որոնք մարդուց են կախված։ Եթե մենք նման արդյունքի հասնենք, դա նշանակում է՝ աշխարհի ամենազարգացած փրկարարներն ենք։ Իսկ եթե բնական վտանգներ են ծագում, ապա մենք այնպես աշխատենք, որ այնտեղ, որտեղ աշխատում ենք կամ ապրում, այդ վայրերը խոցելի չլինեն այդ վտանգներից։ Այսինքն լավ շենք է կառուցված, երկրաշարժը ցնցվեց–անցավ, շենքին ոչինչ տեղի չունեցավ։ Այս դեպքում մենք կարող ենք ասել, որ մենք այլ մակարդակի ենք բերել փրկությւոնը, հասկանու՞մ եք։ Ոչ թե այն, որ դեպքը եղավ, հարյուրավոր մարդիկ մնացել են փլատակների տակ տեսեք հերոսաբար ոնց ենք փրկում․ ոչ, դա անգրագիտաբար ենք փրկում, դա անգրագետ աշխատանքի արդյունք է մինչև դեպքի լինելը, այ մենք պետք է ձգռտենք դրան»։

Կանխում-կանխարգելում իրականացնելու կարևորության գիտակցում, բնակչության մեջ անվտանգության կուլտուրայի զարգացում․ սրանք են փրկարարի օրը և մյուս բոլոր օրերին փրկարարների ցանկությունները․

«Պետք է մարդը ամաչի, որ ինքը փողոցն անցնում է կամայական տեղից, դա ամոթ պետք է համարվի, քայլեք հապա մեր քաղաքում տեսեք հինգ հարկանի շենքի մի անկյունում ոնց ա մեկը 6-րդ հարկ կառուցում և ոչ մեկ չկա` ասի ընկեր ջան դու շենքի հավասարակշռություն խախտել ես, մի փոքր ցնցում և շենքը գնալու է, սա անվտանգության կուլտուրայի բացակայություն է, և մենք պետք է փորձենք բնակչության մտածողության դաշտում հեղաշրջում կատարել»։

Փրկարաները իրենց գործունեությունից դրվագներ են պատմում, ես՝ լսում ու ամեն պատմության հետ փշաքաղվում, մինչ ավարտը լսելը՝ լարված սպասում, լավ ավարտի դեպքում՝ թեթևացած շունչ քաշում, վատի դեպքում՝ տխրում։ Ես, որ ընդամենը լսում եմ մի երկու պատմություն նրանից, որոնցից հարյուրավորները տեսել, զգացել ու ապրել են այս մարդիկ։ Դրանք ձեզ չեմ ներկայացնի, այսօր տոն է, տխուր բաներից չխոսենք։ Փոխարենը խոսակցությունն ուղղվում է ավելի ուրախ ուղղությամբ, դեպի ընտանիք․

«մեր ապրելու ձևն ա, դա մեր ուրախությունն ա, իսկ ընտանիքում՝  իհարկե ուրախ բաները մտնում ա ընտանիք, բայց էն առօրյայում ինչը մենք տեսնում ենք, էն կանչերում, որ գնում ենք, դա ընտանիք չի մտնում․ հիմա կնոջս որ հարցնեք, ինքը գիտի ես գալստուկս կապած կաբինետում նստած եմ, շատ բաներ չենք ասում»։

Գոնե այս պահին իսկապես աշխատասենյակում նստած, փողկապով, կրծքներին բազմաթիվ մեդալներով փրկարարների հետ զրույցը կարող էր դեռ երկար ձգվել, իրենց պատմություններն անվերջ են, իմ՝ լսելու հետաքրքրությունը՝ ևս։ Սակայն զրույցը ընդհատվում է, շտապում են ակադեմիայի դահլիճ, ուր փակ միջոցառման շրջանակներում շնորհակալագրերի ու պատվոգրերի հանձնման արարողություն է տեղի ունենալու։  Մարդիկ, որ մեծացել ու ապրում են իրենց երազանքը,  այն ապացուցող ևս մեկ շոշափելի փաստ պիտի տանեն տուն։

Ես էլ եմ շտապում, բայց՝ ռադիո, ունկնդրին փոխանցելու գաղտնիքը՝ մանկության ամենահեղինակավոր երազանքներից մեկն իրականացնելու ճանապարհը։

Նաև նորից, այս անգամ՝ ռադիոաբար ասել․ շնորհավոր օրդ, փրկարար։

Back to top button