ԿարևորՀասարակություն

«Հալած յուղի պես» թեկնածու ՍԴ համար չկա․ քննարկում «Իմ քայլը» խմբակցությունում

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բուռն քննարկումների մեջ է եղել՝ հասկանալու, թե ինչ պետք է անեն ՍԴ դատավորի 3 թեկնածուների հետ։ Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանում թափուր տեղերը լրացնելու ժամկետը մոտենում է, հայտնի են նաև կառավարության, ՀՀ նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուները։

Նրանց անունները հրապարակելուց հետո տարբեր խնդրահարույց դրվագներ հատնի դարձան այդ անձանց հետ կապված։ Երեք թեկնածուներն էլ միանշանակ չեն ընդունվում թե հանրության, թե քաղաքական շրջանակների կողմից։ Ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար հրավիրված «Իմ քայլը» խմբակցության նիստը մի քանի ժամ է տևել։

Սահմանադրական դատարանում երեք թափուր տեղերն առաջացել են մեկ ամիս առաջ Հայաստանում ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ դադարեցվեցին Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։ 

Նոր կազմով Սահմանադրական դատարանի համար առաջադրված դատավորի 3 թեկնածուները հանրության ու նաև պատգամավորների մի մասի համար պակաս խնդրահարույց չեն հներից։ Ինչպե՞ս պետք է առաջիկայում քվեարկի խորհրդարանական մեծամասնությունը, եթե ասենք՝ մեկ տարի առաջ արդեն մերժել է թեկնածուներից մեկին։ Ոչ միանշանակ ընկալումների համար կան նաև այլ պատճառներ։ Խնդրի հետ կապված «Իմ քայլը» խմբակցության անդամները հավաքվել էին, բայց ժամեր տևած քննարկումից հետո կայացված որոշման մասին խմբակցության ղեկավար կազմից ոչ մեկ չխոսեց։

Մոտեցումները ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

«Որոշումը կլինի այն ժամանակ, երբ մենք կկազմակերպենք քվեարկությունը, կկայացվի որոշում և մեր գործընկերը կհրապարակի այդ արձանագրությունը, որից էլ կերևա ԱԺ դիրքորոշումը կոնկրետ թեկնածուի նկատմամբ։ Այսօր քննարկում էինք հարցերը, որոնք վերաբերում էին ՍԴ ապագա դատավորների թեկնածուների հետ կապված։ Տեսակետներ հնչեցին, հարցեր ներկայացրեցինք՝ դրական և բացասական և յուրաքանչյուր պատգամավոր իր խղճի առաջ քվեարկություն կկատարի` կողմ կամ դեմ։ Ես համոզված եմ, որ ՀՀ–ում այս պահին գործող որևէ իրավաբանի վերաբերյալ  հաստատապես նման քննարկումներ կլինեն։ Եթե դուք կգտնեք նման իրավաբանի, ում վերաբերյալ ոչ մի քննարկում չի լինի և «հալած յուղի պես» բոլոր պատգամավորները և հասարակությունը կընդունի, դուք այդ թեկնածուին հնչեցրեք, ես էլ իմ փաստերը կներկայացնեմ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ դատավորներին ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5–ով: 132 պատգամավոր ունեցող խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է։ Այդքան պատգամավոր պետք է կողմ քվեարկի թեկնածուի օգտին, որ նա ՍԴ դատավոր դառնա։ 88 հոգանոց «Իմ քայլ»-ում այս հարցում բացարձակ միասնականություն չկա, չեն բացառվում, որ ընտրությունները կարող են տապալվել։

ԱԺ–ում ընտրությունների տապալումն իր մաշկի վրա արդեն զգացել է ԵՊՀ–ից իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը։ Նա մեկ անգամ արդեն փորձել է իր ուժերը: 2019–ին պատգամավորները 30 «կողմ» եւ 53 «դեմ» ձայներով մերժել են նրա թեկնածությունը: Այն ժամանակ թեկնածուն ԱԺ–ում ասում էր․  

«Խաբել չեմ սիրում, հատկապես այս պատասխանատու պաշտոնին հավակնելու պահին, որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ և քաղաքական խարդավանքների մեջ չեմ մտել, առաջադրման որոշումը կայացրել եմ, երբ առաջին թեկնածուի ձախողվելուց հետո Հանրապետության նախագահը հայտարարեց մրցույթ և այդ հեղափոխական ռոմանտիկ շրջանում որոշեցի մասնակցել մրցույթին։ Հենց ձեր պատգամավորների թվում կան համալսարանական կոլեգաներ, ուսանողներ ունեմ, մարդիկ, որոնց հետ տարբեր տարիներին շփվել եմ, ընդհնուր ծանոթներ կան։ Չեմ փորձել անհատական լոբբինգային աշխատանք կատարել։ Առաջադրվել եմ՝ հույսս դնելով իմ կենսագրության, պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական ու մարդկային հատկանիշների վրա»,- ասել է Արթուր Վաղարշյանը։

Նրա թեկնածությունն այս անգամ կրկին առաջադրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Իր պաշտոնն ստանձնելու օրվանից նա խորհրդարանին ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն, եւ Ազգային ժողովը մերժել է հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին:

ՍԴ դատավորի պաշտոնի համար կառավարության կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի առնչությամբ խնդիրը կապված է ոչ թե հենց իր, այլ հոր՝  Դավիթ Ավետիսյանի հետ, որը 2008-2016 թվականներին զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

Քննել է նաև «Մարտի 1»-ին առնչվող գործեր: Սա է պատճառը, որ կառավարության թեկնածուն չի ընկալվում։ Ընդդիմախոսները տեսական հնարավորություն են տեսնում՝ եթե «Մարտի 1»–ին առնչվող գործերը մտնեն ՍԴ, ապա այս թեկնածուի համար շահերի բախում կլինի՝ կրտսեր Ավետիսյանը ՍԴ–ում ստիպված կլինի պաշտպանել ավագ Ավետիսյանի շահերը։ Այսպիսի մտավախություններին ի պատասխան Վահրամ Ավետիսյանն ասել է․

«Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ ՀՀ–ում գոյություն ունեցած դատական համակարգի հետ առկա խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի «քավության նոխազը»։ Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ անհրաժեշտ է հստակ պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ արդյո՞ք Վճռաբեկ դատարանը ըստ էության գործ քննող դատարան է, թե՞ ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»։ 

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուն Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է։ 2008–ի մարտյան դեպքերի ժամանակ նա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր, բայց հանրությանը և մամուլին հայտնի է մեկ այլ աղմկահարույց գործով։ 2004–ին տնտեսական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը մերժել էր եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերության դիմումն ընդդեմ «Սինեմաքս» ընկերության` այդպիսով նախապատվություն տալով պետռեգիստրում այդ պահին չգրանցված «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությանը։

ՍԴ դատավորի թեկնածուներից միայն մեկի՝ կառավարության կողմից առաջադրված Վահրամ Ավետիսյանի հետ են հանդիպել պատգամավորները, այն էլ՝ միայն «Իմ քայլը» խմբակցությունից։ Մյուս թեկնածուների հետ հանդիպում և քննարկում դեռ չի եղել։

Back to top button