Հասարակություն

Վերջին 170 տարում Գյումրիում նման ջրհեղեղ չէր եղել

Երեկ երեկոյան Գյումրին հեղեղվել էր անձրևաձրերով ու կարկտուտից գոյացած սառցակույտերով։ Գարեգին Նժդեհի հրապարակում տասնյակ մեքենաներ էին ջրասույզ եղել։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնը 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների մասին։ Գյումրիի քաղաքապետարանում հանձնաժողով է ստեղծվել վնասի չափը որոշելու և տուժած քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելու համար։

170 տարվա մեջ առաջին նման դեպքն էր Գյումրիում ու եղանակը կանխատեսողների համար անկանխատեսելի։ Հայհիդրոմետ ծառայությունը կանխատեսել էր 46 մմ տեղումներ, սակայն 1 ժամում գերակատարվեց մեկ ամսվա պլանը՝ 81 մմ տեղումներ, սառցաբեկորների վերածված կարկուտի կուտակումներ, տասնյակ ջրասույզ ավտոմեքենաներ, բնակարաններ ու քանդված փողոցներ։

 «Անզոր էինք մենք բնության դեմ։ Տունը նստած մեզ համար հեռուստացույց էինք նայում, փոքր բալիկ ունենք, հղի հարս, և ականատես եղանք մի ահավոր վիճակի։ Մեր բախտը բերեց՝ երկրորդ հարկ ունեինք։ Իսկ ինչ անեն այն ընտանիքները, որոնք մի հարկանի տանն են ապրում»,- պատմում է Լիլիկ Ավագյանը՝ տան առաջին հարկի սառցենման կուտակումները ցույց տալով։

Երեկ գիշեր ջուրն են դատարկել, այսօր՝ դեռ կարկտակույտերն են տնից դուրս հանում բարեկամների օգնությամբ, հետո էլ կհաշվեն նոր վերանորոգած ու կահավորած տան վնասի չափը։

Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնը 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների մասին։  Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։

Գյումրիի քաղաքապետարանում հանձնաժողով է ստեղծվել վնասի չափը որոշելու և տուժած քաղաքացիներին օգնության ձեռք մեկնալու համար։

«Ամենատխուր վիճակը ավտոկայարանի տարածքն է, որտեղից գետակ է անցնում։ Այդ գետակը հեղեղել է տները։ Կան տնակներ, որ ամբողջովին են տեղաշարժվել։ Հին փողոցներն են քանդվել»,- պատմում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Գյույմրիի քաղաքապետարանում քննարկում են, ուրբաթ օրն էլ՝ ավագանու արտահերթ նիստ կհրավիրեն, որ ֆինանսական օգնություն տրամադրեն տուժած քաղաքացիներին։ Շատերը գույքից ու տեխնիկայից են զրկվել, որոշ ընտանիքներ էլ՝ տնից։

«Դրսում հայտնված 4 ընտանիք կա, կփորձենք վարձով տուն գտնել, մինչև տնով ապահովենք»,- ասում է քաղաքապետը։

Ավերակների է վերածվել «Զանգակ» մանկապարտեզը՝ հայտնում է Սամվել Բալասանյանը։ «Արդեն պայմանավորվածություն ունենք, երեք ամից կսկսենք շինարարական աշխատանքները»։

Գյումրիում ստեղծված հանձնաժողովը շուտով վնասի չափը կհստակեցնի, կառավարությանը կներկայացնի, որ համատեղ ուժերով օգնեն տուժած բնակիչներին։

Back to top button