ԿարևորՏնտեսական

Ինչպես է փոխվել/փոխվելու տնօրինվող եկամուտը տիպային ընտանիքում 2018-2022թթ-ին

Տիպային ընտանիքի օրինակով կատարած ACSES վերլուծական կենտրոնի հաշվարկները ցույց են տալիս, որ հաջորդող երկու տարիներին հարկային բեռի բարձրացումը սիմվոլիկ է լինելու՝ գրում է ֆեյսբուքի իր էջում կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը:

«Վերջին 2.5 տարիներին դե ֆակտո անվանական աշխատավարձն ավելի արագ տեմպերով է աճել, քան սպառողական գների ինդեքսը, հետևաբար կարող ենք ասել, որ վերջին 2.5 տարում արձանագրվել է բնակչության տնօրինվող եկամտի իրական աճ»,- նշում է նա:

Իսկ օրինակը հետևյալն է.

Դիցուք, Վարդանը և Արմինեն իրենց երկու երեխաների հետ ապրում են Հերացու փողոցի վրա գտնվող, Վարդանի ծնողներից ժառանգած 120քմ մակերեսով բնակարանում։ Վարդանն աշխատում է շինանյութերի խանութում որպես վաճառող 200,000 դրամ աշխատավարձով, իսկ Արմինեն ատամնաբուժական կլինիկայում՝ որպես ընդունարանի աշխատակից 150,000 դրամ աշխատավարձով։ Պարզության համար ենթադրենք, որ նրանց եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է և այն դիտարկվող ժամանակահատվածում չի փոխվել և չի փոխվելու, իսկ ինֆլյացիան 0% է։

2018թ-ի հունվարի համեմատ, հուլիսին պարտադիր սոց․ վճարների համամասնության փոփոխությանը արդյունքում (2.5% նախկին 5%-ի փոխարեն), դիտարկվող ընտանիքի տնօրինվող եկամուտն ավելացել է 8,750 դրամով կամ ավելի քան 3.5%-ով։

2020թ-ի հունվարից ուժի մեջ է մտել եկամտային հարկի համահարթ դրույքաչափը՝ 23%, որի արդյունքում դիտարկվող ընտանիքի տնօրինվող եկամուտն ավելացել է 2,500 դրամով կամ մոտ 1%-ով։

2021թ-ի հունվարից եկամտային հարկի դրույքաչափը դառնալու է 22%, իսկ պարտադիր սոց․վճարինը 3.5%, դիտարկվող օրինակում բարձրանալու է նաև փաստացի վճարվելիք գույքահարկը, արդյունքում ընտանիքի տնօրինվող եկամուտը նվազելու է ամսական ընդամենը 35 դրամով։

2022թ-ի հունվարից եկամտային հարկի դրույքաչափը դառնալու է 21%, իսկ պարտադիր սոց․վճարինը 4.5%, դիտարկվող օրինակում բարձրանալու է նաև փաստացի վճարվելիք գույքահարկը, արդյունքում ընտանիքի տնօրինվող եկամուտը նվազելու է ամսական 334 դրամով կամ մոտ 0.13%-ով։

Back to top button