ԿարևորՀասարակություն

24 ժամով կասեցվել է «Բիլայն»-ի կենտրոնական գրասենյակի աշխատանքը

3600-ից ավելի  կազմակերպության գործունեության դադարեցման որոշում,  շուրջ 40 հազար  ստուգում,  1000-ական ստուգայց ՝ յուրաքանչյուր օր։ Տեսչական մարմինները շարունակում են հետևել, թե  ինչպես են կատարվում պարետի որոշումները։

Ստուգող մարմինները սահմանված նորմերի թերի կատարումներ արձանագրում են, բայց նաև վստահեցնում են, որ խախտումների քանակը հաստատուն նվազում է:

ԱԱՏՄ տեսուչների հաշվարկով, օրինակ, եթե նախկինում խախտումներ էին արձանագրում ստուգվող կազմակերպությունների 80 տոկոսում, ապա հիմա այդ ցուցանիշը հազիվ 10 տոկոս է։

Աշխատանքի   ու առողջապահական  տեսչական մարմնի աշխատակիցները «Բիլայն»-ի կենտրոնական գրասենյակում են։ Լրագրողները տեսուչներին սպասում են ապակիներից այս կողմ, ներսում ԱԱՏՄ մասնագետներն իրազեկում են պարետի որոշման մասին․ «Բիլայն»-ի գլխամասային գրասենյակի եւ սպասարկման գրասենյակներից մեկի գործունեությունը կասեցվում է նախորդիվ այստեղ անակնկալ ստուգայցի ժամանակ արձանագրած խախտումների հիմքով։

Սա առաջին դեպքն է, երբ կապի ու հաղորդակցության ոլորտի ընկերության  գրասենյակը 24 ժամով կասեցվում է։ ԱԱՏՄ տեսուչ Վարդգես Ռուբինյան.

«Ընկերությունում իրականացվել է գրասենյակային մշտադիտարկում, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ։ Աշխատակիցները ջերմաչափվել են, բայց դա գրանցամատյանում  չի գրանցվել կամ գրանցվել է թերի։ Փակվող աղբամաների քանակը չի համապատասխանել պարետի սահմանած նորմերին»։

ԱԱՏՄ աշխատակիցների կողմից կասեցումներն այսքանով չեն ավարտվում։ Դրանց օրական միջին թիվը մի քանի տասնյակի է հասնում։ Այսօր կասեցվողների թվում էր նաեւ Ներսիսյան 3 հասցեում ՀիդրոԷնշին ՍՊԸ-ի կողմից իրականացվող դպրոցի շինարարությունը։ Օրեր առաջ այստեղ կատարված ստուգայցի ժամանակ՝ բացի պարետի սահմանած հակահամաճարակային նորմերի խախտումներից, նաեւ շինարարական անվտանգության նորմերի խախտումներ էին գրանցվել։

Մասնավորապես, փակ աղբամանների բացակայության պատճառով վտանգավոր թափոններ համարվող օգտագործված ձեռնոցները եւ դիմակները նետված են եղել շուրջ բոլորը, ապահովված չեն եղել լվացման և ընդմիջման համար պատշաճ պայմաններով։ Նկատվել են նաեւ խմիչքի շշեր, մինչդեռ ալկոհոլի օգտագործումը շինաշխատանքների ընթացքում խստիվ արգելված է։

 «ԱԱՏՄ վարչության պետ Աշոտ Հարությունյանը կարգադրում է 24 ժամում բացառել խախտումներն ու թերացումները, անմիջապես շտկել դրանք, այլապես կկիրառվեն վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ»։

Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ ԱԱՏՄ աշխատանքային մյուս թիմերը հանրապետության մարզերում եւ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում այսօր նաև անակնկալ ստուգայցեր, մշտադիտարկումներ են իրականացնում։ Ստուգայցերն ուժեղացված ռեժիմով այսօր Արաբկիրում են։ Նաեւ կրկնակի դիտարկումներ են անցկացվում այն տնտեսվարողների մոտ, որոնց գործունեությունը  օրեր առաջ կասեցվել է խախտումների պատճառով։ Խնդիր է դրված պարզել՝ վերացվե՞լ են արդյոք կասեցման պատճառ դարձած խախտումները։ Եթե ոչ, վարչական առավել խիստ միջոցներն անխուսափելի են։

Այո, ստուգայցերը կրկին խախտումներ արձանագրում են՝ ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի պետ Գագիկ Գրիգորյանը։

Ասում է, որ  տեսուչները նկատել են դեպքեր, երբ որևէ տեղ ստուգումներ իրականացնելու պահին աշխատակիցները ԱԱՏՄ մասնագետների մուտք գործելուն պես շտկել են դիմակները, բայց տեսուչների աչքից ոչինչ չի վրիպել։

Տեսուչ Վարդգես Ռուբինյան.« Հասնելու ենք նրան, որ բոլոր տեղերում իսպառ վերացվեն խախտումները ։  Թվեր չնշեմ, բայց տոկոսային հարաբերությամբ կարող եմ ասել, որ 20, 30, 50 մշտադիտարկումից  խախտումներ արձանագրվում են 5-6 տնտեսվարողի մոտ։ Այսինքն՝ սկզբից մոտ 80 տոկոսի մոտ էր խախտումներ արձանագրվում, հիմա չնչին տոկոս են կազմում» ։

ԱԱՏՄ մշտադիտարկումները փաստում են՝ դեռևս կան թերացումներ ու խախտումներ՝ կապված գծանշումների բացակայության, չափազանց մոտ տեղակայված աշխատասեղանների, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման հետ։

Back to top button