ԿարևորՀասարակություն

Առցանց հեքիաթներ՝ Սփյուռքում մեծացող երեխաների համար

Համավարակի այս օրերին Միացյալ նահանգներում հայերենի ուսուցչուհու կողմից ստեղծած առցանց հայապահպանության նախագիծը մեծ արձագանք է ստացել Սփյուռքի տարբեր գաղթօջախներում։ Լիզա Մանոյանի «Հեքիաթները խոսում են արևմտահայերեն» նախագիծը հասել է Կանադա, Ֆրանսիա, Լիբանան, Կիպրոս, Վրաստան ու Ավստրալիա՝ ընդգրկվելով հայկական դպրոցների առցանց դասածրագրերում։

ԱՄՆ-ի Փասադենայի Ալֆրեդ և Մարգրիտ Հովսեփյան վարժարանի հայերենի ուսուցչուհի Լիզա Մանոյանը անցնելով առցանց դասավանդման, արևմտահայերենով հեքիաթներ է սկսել կարդալ նաև հայ փոքրիկների համար։ Մարտի կեսերին զարմիկների երեխաների համար համացանցում տեղադրած նրա առաջին գիրքը հարյուրավոր ունկնդիրներ է ունեցել՝ հասնելով աշխարհի տարբեր անկյուններ․ 

«Այս թագաժահրի պատճառով ինքնամեկուսանալով, փոխադրվեցի 21 տարի առաջ, երբ առաջնեկ զավակս ունեցած էի և այն ժամանակվանից պահարաններում պահած ամերիկյան գրականության նշանավոր մանկագիրների գրքերը հանեցի։ Հիշեցի, երբ երեխաներս մանուկ էին, ես բերանացի, վայրկյանական դրանք անգլերենից թարգմանում էի ու հայերենով կարդում, որովհետև անգլերենը պիտի իմանային, հայերենն է, որ պետք է պահպանենք»։ 

Մանոյանն առաջին գրքից հետո ստացած արձագանքներից հետո սկսեց շարունակել առցանց ընթերցանությունը, այսօր արդեն անգլերենից թարգմանած ու առցանց արևմտահայերեն գրքերը հասնում են 50-ի։ Ընտանիքի անդամների օգնությամբ դրանք տեսանյութերի են վերածվել և տարածվել նրա յութուբի ու ֆեյսբուքի էջերով։

«Մեկը մյուսի հետևեն Մելբեռնից, որտեղ նախկին պաշտոնակիցս է հաստատված, Ֆրանսիայից՝ զարմիկներս, Կանադայից՝ ուսուցչուհի, Լիբանանի՝ իմ ավարտած դպրոցից, նաև  Կալիֆոռնիայից տնօրեններ ու մանկավարժներ արտոնություն են խնդրել՝ օգտագործելու այս ընթերցանությունները։ Սիրով ընդառաջեցի»։

Մանոյանը ասում է․ «Մտքովս չէր անցնի, որ տանը նստած ձայնս ամբողջ աշխարհը պտտած ըլար այս ձևով։ Չէի պատկերացնի այս արհեստագիտական աշխարհի հառաջացման կարելիություններով ինչեր կարանք ընել մենք»։

Հենց սա էր հայերենի ուսուցչուհու նպատակը՝ Հայաստանից դուրս աշխարհի տարբեր անկյուններում հայ երեխաները հայերեն լսեն։

Back to top button