ԿարևորՍպորտ

Ազգերի գավաթ. օրվա հերոսը Լևոն Արոնյանն է

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արդեն երկու հաղթանակ է տարել Շախմատի միջազգային ֆեդերացիայի Ազգերի գավաթի առցանց մրցաշարում։

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Հնդկաստանի թիմի անդամ Գուջրատի Վիդիտի նկատմամբ։ Եվրոպայի հավաքականը հաղթանակ է գրանցել 2,5։1,5 հաշվով։

Չորրորդ տուրում Եվրոպայի թիմը մրցել է ամերիկացիների հետ։ Արոնյանը սևերով պարտության է մատնել կուբացի Լենիեր Դոմինգեսին։ Այսպիսով, Եվրոպայի թիմը հաղթանակ 1 տարել 3։1 հաշվով։

ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին, ֆեյսբուքյան իր էջում ամփոփելով խաղարկային երկու օրերի արդյունքները, գրել է.

«Ավարտվեց Ազգերի գավաթի խաղարկության երկրորդ  օրը:

Առջևում է Չինաստանը` 8 հնարավորից 7 միավորով: ԱՄՆ-ը և Եվրոպան 5-ական միավոր ունեն. Ռուսաստանը՝ 4. «Մնացածը աշխարհը»՝ 2. Հնդկաստանը՝ 1:

Օրվա հերոսը Լևոն Արոնյանն է, որը հաղթեց Դոմինգեսին և Վիդիտին: Առջևում դեռ վեց տուր կա, բայց ակնհայտ է, որ սուպեր եզրափակչի երկու ուղեգիր նվաճելու պայքարը կսկսվի չորս առաջատարների միջև»:

Ազգերի գավաթը մեկնարկել է մայիսի 5-ին։ Մայիսի 10-ին լավագույն երկու թիմերը կհանդիպեն սուպերեզրափակչում և կպայքարեն 180 հազար դոլար մրցանակային ֆոնդի համար։

Ազգերի գավաթի առցանց մրցաշարում Եվրոպայի թիմը ներկայացնում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հայ Լևոն Արոնյանը, հոլանդացի Անիշ Գիրին և ուկրաինացի Աննա Մուզիչուկը։

Պահեստային խաղացողներն են լեհ Յան Կրիշտոֆ Դուդան ու վրացուհի Նանա Ձագնիձեն։ Թիմի ավագը շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովն է։

Back to top button