ԿարևորՀասարակություն

«Մեր Տան» աղջիկները տուն են փնտրում

Կառավարությունը նախորդ տարվա վերջին և այս տարվա սկզբին  1 միլիարդ 900 միլիոն դրամի բնակարանների գնման վկայագրեր է հանձնել մանկատան շուրջ 300 շրջանավարտի՝ յուրաքանչյուրին հատկացնելով 6 միլիոն 300 հազար դրամ: Էջմիածնի «Մեր Տուն» հասարակական կազմակերպությունում ապրող աղջիկներից  4-ն են ստացել վկայագրեր, սակայն դեռ նրանցից մեկն է գնել բնակարան Գավառում, մյուսները նշված գումարի սահմաններում բնակարաններ չեն գտնում Էջմիածնում, Երևանում և հարակից այլ քաղաքներում:

Տարվա սկզբին  Էջմիածնի «Մեր Տուն» հասարակական կազմակերպությունում ապրող  աղջիկները լավ լուր ստացան կառավարությունից:  Նրանցից 4-ին հատկացվեց բնակարանների գնման վկայագրեր՝ 6 մլն. 300 հազար դրամ գումարի սահմաններում: Գումարի այս չափը ամրագրվել էր՝ ուսումնասիրելով անշարժ գույքի շուկան, որով մանկատան սաները կկարողնան  ձեռք բերել բնակարաններ Երևան քաղաքի ծայրամասերում, բայց նշված գումարով Էջմիածնի «Մեր Տանն» ապրող  աղջիկները չեն կարողացել տուն գտնել Էջմիածնում, Աբովյանում, Աշտարակում, Արտաշատում և հարակից գյուղերում:

«Ես հիմա սովորում եմ Երևանում և ինձ համար ավելի հեշտ կլիներ տուն գնել Երևանին մոտ շրջաններում, բայց այդ գումարին համապատասխան բնակարաններ չկա: Հետաքրքրվել եմ և Գավառում եմ գտել հարմար բնակարան, վերջին որոշումս կայացրել Գավառում»:

Մարիան Գավառում է տուն գնելու, գնացել, տեսել հավանել է: Ընտրությունն այս քաղաքի վրա է կանգնել, քանի որ իրեն հարազատ է զգում այստեղ: Նա Գավառի մանկատան սան է եղել, նախնական և մասնագիտական կրթությունը ստացել՝ այդ քաղաքում: Այժմ բուհերից մեկի 1-ին կուրսի ուսանողուհի է: 

Երկու  օր առաջ դարձյալ  Գավառում բնակարան է ձեռք նաև  բերել Քրիստինեն: Նա պատճառներ ունի այս քաղաքում մնալու՝ հարազատ քույրն ու եղբայրը Գավառի մանկատանն են: 20-ամյա աղջիկը որոշել է հեռու չլինել հարազատներից:

«Գավառում է անցել մանկությունս, մարդկանց ճանաչում եմ, և հետո ես մի ուրիշ ձևով եմ կապված քրոջս հետ, հնարավոր է աշխատեմ և  հետագայում նրա խնամակալությունը վերցնեմ: Հիմա սովորում եմ»:

Բնակարանների ընտրությունը աղջիկներինն է, բայց ապրելու ենթակա պայմանների  գնահատականը տրվում է տվյալ մարզի քաղաքաշինության վարչության մասնագետներին: Կառավարությունը դաս է քաղել նախորդ տարիներին մանկատան շրջանավարտների գնած բնակարաններից, որոնք ապրելու համար պիտանի չէին:

Քրիստինեն հաջորդ շաբաթվա ընթացքում արդեն կստանա ձեռք բերած բնակարանի սեփականության վկայականը, իսկ մյուս երկու աղջիկները դեռ չեն կարողանում բնակարան գտնել:

«Ես տարբեր շրջաններում նայել եմ, Աշտարակում, Աբովյանում, Արարատում: Զոդում բնակարանը լավն էր, բայց շատ խոնավ, առաջին հարկում էր»:

Մարիամը Էջմիածնի պետական քոլեջի ուսանողուհի է, մտադրվել է  ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում: Որքան էժան լինեն  բնակարանները վկայագրերում նշված գումարից,  այնքան աղջիկները կշահեն, կկարողանան վերանորոգումներ անել և կահավորել, ասում է  Էջմիածնի «Մեր Տուն» հասարակական կազմակերպության փոխտնօրեն Մարիամ Կիրակոսյանը:

«Եթե մարզերում տուն գնեն, պետությունը ևս մեկ առավելություն է տալիս, աղջիկները բիզնես ծրագիր ներկայացնելու դեպքում կստանան 1 մլն. դրամ, որպեսզի իրենց  բիզնեսը ստեղծեն, տվյալ միջավայրում ինտեգրվեն և ունենան իրենց աշխատանքը»:

Բնակարաններ ձեռք բերելուց հետո աղջիկները կշարունակեն ապրել Էջմիածնի «Մեր Տանը»,  քանի որ նրանք ուսանողներ են: Նրանց հետ պայմանգրերի կնքումը երկարացվում է մինչև ծրագրի ավարտը: Էջմիածնի «Մեր Տուն» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյան. «Շահառուների հետ մենք պայմանագիրը կնքում ենք 4 տարի՝ գան, սովորեն, դուրս գան, բայց երեխա կա, որ չի կարողացել դուրս գա և մնացել է 10 տարի, որովհետև տեղ չուներ գնալու: Մենք էլ հո չենք կարող մեր երեխեքին պահենք, պահենք, վերջում աննպատակ հանենք ծրագրից» :

Մինչև ուսումնառության ավարտը և՛ Տիգրանուհին, և՛ աղջիկները ցանկանում են  «Մեր Տնից»  դուրս գալ հարսի քողով, իսկ մինչ այդ փորձում են գտնել բնակարան այլ մարզերում: Մանկատան առանց ծնողական խնամքի մնացած շուրջ 300 շրջանավարտին հատկացված բնակարանների գնման վկայագրերի ժամկետը մինչև 2020թ դեկտեմբերի 20-նն է, որից հետո վկայագրերը կկորցնեն ուժը:

Back to top button