ԿարևորՏնտեսական

Որ գերատեսչություններում հաշվեքննություն կիրականացվի 2020–ին

Հայաստանում երբևէ պարտքի, այդ թվում արտաքին, աուդիտ չի իրականացվել։ Ավելի պարզ՝   չկան տվյալներ, թե մեր պարտքը ՝ ներառյալ բյուջետային  վարկերը, որքանով են նպատակային ծախսվել։ Ընդհանրապես` ներքին աուդիտ արված չէ և ոչ մի ոլորտում, «Ռադիոլուրին» ասել է Հաշվեքննիչ  պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը: 

Այս  տարին բացառիկ տարի է լինելու նաև այս կառույցի համար։ Նրանց, այսպես ասենք, թիրախում ֆինանսների  ու ևս 16 նախարարություն է լինելու։ Այս տարվանից պետական բյուջեի կատարման եռամսյակային հաշվեքննություններ են իրականացնելու։

37 ռիսկային փաստ՝  Հայաստանի պարտքի մասով․ արձանագրումը Հաշվեքննիչ պալատինն է։ Թերեւս ամենակարևորներից` պարտքի ներքին աուդիտ չի անցկացվել։ 

«Մենք առանձին վարկային ծրագրեր չենք ուսումնասիրել։ Մինչ այս էլ ենք վարկային ծրագրեր ուսումնասիրել, հիմա էլ ենք ուսումնասիրում։ Վերահսկիչ պալատի ու Հաշվեքննիչ պալատի հաշվետվություններում մեր նպատակն էր հասկանալ պետական պարտքի կառավարման համակարգը արդյունավե՞տ է, թե՞ ոչ»,– ասում է Հաշվեքննիչ պալատի մեթոդաբանության, վերլուծության և միջազգային կապերի վարչության պետ Կարեն Առուստամյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն արձանագրում է` իսկապես, պարտքի կառավարման բնագավառում ներքին աուդիտ չի իրականացվել:             

«Ցավոք, ներքին աուդիտը ոչ միայն պարտքի կառավարման բնագավառում չի համապատասխանել այն սպասումներին, որ այդ համակարգի ներդրման ժամանակ ունեցել ենք համակարգից: Եվ դրանով պայմանավորված՝ ջանքեր են գործադրվում, որ հիմա իրավիճակը փոխվի նաև ներքին աուդիտի բնագավառում»։

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է նաև՝  բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը և դրա հիման վրա նախքան երաշխիքի տրամադրումը և տրամադրումից հետո իրականացված ռիսկի գնահատումները: Պալատի կարծիքով` կա հետհսկողության խնդիր, որը պետք է բարելավվի: Բյուջետային վարկավորման գործընթացը կրել է իրավիճակային բնույթ: Ենթավարկերի և բյուջետային վարկերի հարցում բացակայել է վարկային ռիսկի գնահատման մեթոդաբանությունը` նշում է Կարեն Առուստամյանը։

Ներքին աուդիտ չի անցկացվել, սակայն հայտնի է, որ  Հայաստանն ամենաշատը պարտք վերցրել է Զարգացման միջազգային ընկերակցությունից՝ ընդհանուր պարտքի  25 տոկոսը։ Ասիական զարգացման բանկից վերցրած վարկերն ամբողջի 17․5 տոկոսն են կազմում։

Եռյակը17․4 տոկոսով եզրափակում է Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը։ Ներգրավված վարկեր ունենք Աբու Դաբիի զարգացման հիմնադրամից, Չինաստանի արտահանման- ներմուծման  բանկից։ Ֆինանսների նախարարության   պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել  Խանվելյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝   

«Ունենք վարկեր դոլարով, եվրոյով, ԱՄԷ դրամական միավորով, ճապոնական իենով»։

BBC- ին վերջերս հաղորդեց միջազգային փորձագետների մի զեկույցի մասին, թե ինչպես են, այսպես ասենք, Համաշխարհային բանկի վարկային միջոցները յուրացնում երկրները։ Տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղքատ երկրներում վարկերի ստացման շրջանում նկատվել է դեպի օֆշորային գոտիներ գումարների մեծ հոսք։ Ավելին` աղքատ երկրներից օֆշոր հոսել է ՀՆԱ- ի մինչեւ 7,5 տոկոսին համարժեք գումար, չքավոր երկրներից`մինչեւ 15 տոկոս։

Ուսումնասիրված 22 երկրների շարքում նաև Հայաստանն է, քանի որ ՀԲ աջակցություն ստացող երկրների մեջ  առաջատարներից  է։   Ցանկում նաև Աֆղանստանն է, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին,  Գանան, Գայանան, Մոզամբիկը, Ռուանդան։

Այս տարի բացառիկ տարի է լինելու Հայաստանում ֆինանսական վերահսկողության առումով։ Ֆինանսական ոլորտի պատասխանատուները խոստացել են՝   2020 թվականին բյուջետային աջակցության վարկեր չեն ներգրավվի։ Այդ վարկերը վերցվում են բյուջեի դեֆիցիտը  ֆինանսավորելու  նպատակով։ Հաջորդ տարի բյուջեի  դեֆիցիտը կֆինանսավորվի միայն  ներքին աղբյուրներից։  Բացառիկ տարի է լինելու նաև Հաշվեքննիչ պալատի համար։ Նրանց, այսպես ասենք, թիրախում ֆինանսների  ու ևս 16 նախարարություն է լինելու։ Այս տարվանից պետական բյուջեի  կատարման երեք, վեց,  ինն ամիսների ու տարեկան հաշվեքննություն են իրականացնելու։ 

«Ինչն իրենից ենթադրում է, որ պետք է ստանանք պետական բյուջեի ծախսերի լայն ծածկույթ։ 16 մարմիններում պետք է 64 հաշվեքննություն անցկացվի։ Նրանց ֆինանսավորումը բյուջեից կազմում է բյուջեի ֆինանսավորման 96 տոկոսը»,– ասում է Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը։

Չիբուխչյանն անկեղծանում է՝ երբեմն տեղեկատվություն ստանալիս խնդիրներ ունենում են, հիմնականում, սակայն, համագործակցում են պետական մարմինների հետ։

Back to top button