ԿարևորՏնտեսական

Այսուհետ բոլորը կհարկվեն 23 %-ով

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգրքում կատարված  փոփոխությունը, համաձայն որի՝ սկսում է գործել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափը։ Սա նշանակում է, որ գործում է եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ՝ ֆիքսված 23 % հարկում անկախ աշխատավարձի մեծությունից։

Այս ամսվանից դադարում է գործել եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափի պրոգրեսիվ սանդղակը, որի համաձայն եկամտահարկի հաշվարկը կատարվում էր՝ պայմանավորված աշխատավարձի չափով. մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար եկամտահարկը  23 տոկոս էր, 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձից պահվում էր 28 տոկոս եկամտահարկ եւ 36 տոկոս էր կազմում 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողների եկամտահարկը։

Ահա եռաստիճան այս համակարգի փոխարեն այս ամսվանից ուժի մեջ է մտնում եկամտահարկի համահարթեցված դրույքաչափը, այսինքն՝ բոլորն այսուհետ  կհարկվեն 23 տոկոս եկամտային հարկով։ Ի՞նչ հետեւանք կունենա եկամտահարկի այս համահարթեցումը եւ ի՞նչ է այն նշանակում։

Նախ պարզաբանելու խնդրանքով դիմեցինք գործող հաշվապահի՝ առավել առարկայական ներկայացնելու նոր ձեւով եկամտահարկի հաշվարկը՝ թվային պատկերով.  «Այժմ բոլոր աշխատավարձերն են հարկվելու 23 տոկոսով։ Օրինակ՝ եթե նախկինում 140 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողը 32200 դրամ հարկ էր վճարում, դա չի փոխվում եւ մնում է նույնը։ Սակայն, 150 հազար դրամից ավել ստացողները, օրինակ՝ 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող աշխատողի եկամտային հարկը նախկին օրենսգրքի համաձայն կազմում էր 48.500 դրամ, այժմ 200 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար կկազմի 46 հազար դրամ, որը 2500 դրամով ավելի քիչ է»։

Ի դեպ, այս փոփոխությանն անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով նկատել է, որ եկամտահարկի իջեցման  հաշվին հարյուր հազարավոր քաղաքացիների աշխատավարձ բարձրանալու է:

Դա բնական է եւ հաշվապահական տեսանկյունից էլ ունի հստակ պարզաբանում. «Բնականաբար, եթե նախկինում 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողից 28 տոկոսն էր պահվում, իսկ հիմա 23 տոկոսը, ապա՝ այդ ավել մասի՝ 5 տոկոսի չափով աշխատողի եկամուտն ավելանում է»։

Հաշվապահական տեսանկյունից հարկման նոր՝ համահարթեցված կարգը որեւէ դժվարություն չի առաջացնում, առավել եւս՝ հիմա հիմնականում հաշվապահական համակարգչային ծրագրերով են աշխատանքներ կատարվում։ Փոխարենը, սակայն, ավելի հեշտացնում է որեւէ աշխատողի համար,  որպեսզի ինքնուրույն կարողանա հաշվել իր եկամտահարկի չափն ու ստուգել՝ արդյո՞ք ճիշտ է ստացել իր աշխատավարձը՝ նկատեց մեր զրուցակից հաշվապահը։

Դեռ քննարկումների ժամանակ ասվում էր, թե եկամտահարկի համահարթեցմամբ լավացվում է հարուստների վիճակը, էլ ավելի վատացվում աղքատներինը։ Սոցիալական արդարության խնդիր այս առումով, սակայն, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը չի տեսնում։ Փոխարենը համոզված է.

«Եկամտային հարկի համահարթեցումը բերելու է հարկերի վերաբաշխման՝ ուղղակի հարկերից դեպի անուղղակի հարկում, եւ գործարարների համար ավելի մրցունակ պայմաններ է ստեղծելու։ Այսինքն, դա ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը եւ ներդրումների ավելացմանը»։

Ֆինանսների նախարարության տվյալների hամաձայն, Հայաստանում վարձու աշխատողների 65.1 %-ը ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ եկամտահարկի համահարթեցման հետևանքով աշխատողների 65.1 %-ը, ովքեր ստանում են մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, որեւէ փոփոխություն չեն զգալու։ 150  հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները վարձու աշխատողների 34.7 %-ն են, իսկ մնացած 0.3%ը՝ ստանում են 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ։

Այսինքն՝ վարձու աշխատողներից 35%-համար եկամտային հարկի բեռը նվազում է, ինչը նշանակում է, որ աճում է նրանց կողմից տնօրինվող եկամուտը։ Այս փոփոխությունները շարունակվելու են։

Ֆինանսների փոխնախարար Արման  Պողոսյանի պարզաբանմամբ՝ աշխատավարձի գծով հարկային այս բեռի նվազեցումը կարեւոր է նաեւ տնտեսվարողների համար եւ բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերից է։

«Ընդգծված քաղաքականություն ենք վարում հարկային բեռի նվազեցման աշխատավարձերի գծով եւ սա դեռ սկիզբն է։ Մինչեւ 2023 թվականը եկամտային հարկի համահարթեցված դրույքաչափը նվազեցվելու է մինչև 20%-ի։ Նախատեսվում է, որ մասնավորապես 2021 թվականից այն կսահմանվի 21%, 2022-ից՝  20.5 %, իսկ 2023-ից՝ կդառնա 20 տոկոս»,- նշում է Պողոսանը:

Եկամտային հարկի այս փոփոխությունների արդյունքում դրված նպատակների իրականացումը գնահատելու համար, որոշ տնտեսագետներ կարծում են ժամանակ պետք է անցնի։ 

Back to top button