ԿարևորՄշակույթ

Mes Deux Amours. Չարենցի երկու կանայք «հանդիպել» են

Իրարից  տարբեր ու իրար նման՝ Արփենիկին ու Իզաբելլային ամբողջ կյանքում միավորել է Մեծը՝ Չարենցի սերը։

Չարենցի երկու սերերը կենդանության օրոք երբեք չեն հանդիպել, իրար չեն ճանաչել ու չեն իմացել։ Բայց այսօր՝ նրանց երկուսի մահից տարիներ անց,  Չարենցի տուն-թանգարանը «կազմակերպել» է Արփենիկի ու Իզաբելլայի հանդիպումը. բաց է  «Արփենիկ-Իզաբելլա. ցուցահանդես»–ը:

«Պատահական չէ, որ Չարենցի  երկու կանանց նվիրված ցուցադրությունը միաժամանակ ենք արել։ Տարին հոբելյանական է երկուսի համար էլ՝  Արփենիկ Տեր-Աստվածատրյանի 120-ամյակն է, Իզաբելլա Կոդաբաշյանի՝ 110-ամյակը»,- ասում է Չարենցի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնի վարիչ Գեղեցիկ Ալավերդյանը։

Արփենիկ. Չարենցի «առաջին սիրո երգը»

Նրանք հանդիպել են «Ամերկոմում»՝ ամերիկյան հայախնամ որբանոցին կից դպրոցում՝ որպես կոլեգաներ, 1921–ին են դարձել ամուսիններ։ Արփենիկ Տեր–Աստվածատրյանի հետ Չարենցը ամուսնությունից մեկ տարի անց մեկնել է Մոսկվա՝ ուսանելու, հետո վերադարձել է հայրենիք, ապա նորից մեկնել. այս անգամ Եվրոպա՝ ճամփորդության։

«Այստեղ ցուցադրված են Արփենիկին բերված նվերներից։ Հարդարման պարագաներ են, քսուքների եւ օծանելիքի համար սրվակներ, կոշիկի մաքրման խոզանակներ ու եղունգների հարդարման իրեր»,– պատմում է Գեղեցիկ Ալավերդյանը։

Դեպի Եվրոպա ճանապարհորդությունից  Չարենցն Արփենիկին բերում է 20-րդ դարի եվրոպացի կանանց հատուկ պարագաներ։ Դիմահարդարման փոշու տուփն ու դրա հավաքածուի փոքրիկ ամանը չափազանց եվրոպական են՝ հատուկ արեւմտյան կանանց փոքրիկ սեղանների ոճին։

«Զմրուխտի նման կանաչ  են, էլի շատ գեղեցիկ։ Արփենիկն իր ժամանակի մտավորական կանանցից էր, շատ խելացի, բարեկիրթ, եւ հենց դա էլ գրավել է Չարենցին»,– ներկայացնում է Գեղեցիկ Ալավերդյանը։

Չարենցին Արփենիկը երկար գրավել չի հասցնում․ ամուսնությունից 6 տարի անց՝ 1927–ի հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը, ուշացած վիրահատության պատճառով Արփենիկը մահանում է։

Բանաստեղծը կնոջ մահից հետո այրում է նրա ամբողջ հագուստը, նվիրում նրա հիշատակին 5 տասնյակի հասնող ստեղծագործություն, քանդակագործ Արա Սարգսյանին խնդրում, որ ստեղծի Արփենիկի մահադիմակն ու ձեռքը եւ տարիներ անց իր առաջնեկին անվանում Արփենիկ՝ նրա մեջ լսելով իր «առաջին սիրո երգը»։

Իզաբելլա. O, պրինցուհի իմ տնային


Արփենիկի մահից 4 տարի անց՝ 1931-ին, 21-ամյա  Իզաբելլա Կոդաբաշյանը մի երեկույթի ժամանակ հանդիպում է Չարենցին, նրանից ստանում ամուսնության առաջարկ՝ 3 օր մտածելու ժամանակով։

«Չարենցը Իզաբելլային ասում է, որ ինքը երիտասարդ չէ եւ չի կարող անընդհատ գալ նրա հետեւից։ Իզաբելլան իր հուշերում գրում է,  որ անընդհատ մտածել է՝ ասի այո, թե ոչ, այո–ոչ, եւ ի վերջո կանգնում է «այո» տարբերակի վրա»,– պատմում է Գեղեցիկը։

Իզաբելլայի հետ Չարենցի ամուսնությունը տեւում է այնքան, ինչքան Արփենիկի հետ՝ 6 տարի։ 1937–ին նախ ձերբակալում են բանաստեղծին, հետո՝ Իզաբելլային։ Երկու դուստրերը՝ Արփենիկն ու Անահիտը, մնում են Իզաբելլայի մոր խնամքին։

Չարենցի երկրորդ կնոջ զարդապահարանում այն ամենն է, ինչ ընտրել է ամուսինը։

«Սպասքը արեւելյան ոճով էր, քանի որ Չարենցը շատ է սիրել Արեւելքը, արեւելյան մշակույթը։ Գույներն էլ շատ արեւելյան են՝ վառ կապույտը, ոսկեզօծ, նախշազարդ, տաք»,– Իզաբելլայի սեղանը նկարագրում է Գեղեցիկը։

Չարենցի երկու կանանց անձնական օգտագործման իրերը պատմում են ե՛ւ կանանց, ե՛ւ Չարենցի մասին։ Արփենիկի իրերը շատ ավելի եվրոպական են, շատ ավելի իր ընտրությամբ, Իզաբելլայինը՝ արեւելյան եւ բացառապես բանաստեղծի ճաշակով։

Արփենիկը Չարենցի առաջին ու ամենախիստ քննադատն էր, իսկ Իզաբելլան՝ «պրինցուհին» Չարենցի տնային։

Չարենցի երկու կանայք բանաստեղծի տանը «հանդիպում են»՝ նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավում, որտեղ Չարենցն է Արփենիկի եւ Իզաբելլայի հետ։

Նկարում երեւում է Չարենցի սերը Արևելքի հանդեպ՝ արևելյան գլխարկի տեսքով, սերը կանանց հանդեպ՝ երկու կանանց դեմքով, Բուդդայի արձանիկը, որովհետև Չարենցը բուդիզմ էր ուսումնասիրում: 

Ցուցադրությունը մեծ չէ, այցելուն կարող է տեսնել այն, ինչ պահպանվել է նրանցից․ցավոք, քիչ բան է պահպանվել։

Back to top button