ԿարևորՎերլուծական

Կոշտ Ադրբեջանի համար, բարդ՝ Հայաստանի․ Բրատիսլավայի արդյունքները

Բրատիսլավայում կայացած Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հետո միջնորդների հայտարարությունը տարբերվում է նախորդներից, կան դրական շեշտադրումներ` ասում է քաղաքագետ Նարեկ Մինասյանը.

«Համանախագահները որոշակի արդյունք են արձանագրել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են, օրինակ, բռնության հարաբերական ցածր մակարդակը սահմանին, օպերատիվ կապի  օգտագործումը՝ իրավիճակի լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, կարեւորվել է նաեւ մարդասիրական միջոցառումների իրագործումը՝  օրինակ արձանագրել են լրագրողների փոխայցերն ու, իրենց ձեւակերպմամբ, բանտարկյալների համաժամանակյա ազատ արձակումը,  որ տեղի ունեցավ հունիս ամսին»։

Մինչ Բրատիսլավայում Մնացականյան–Մամեդյարով հանդիպումը՝ ադրբեջանական կողմը կրկին շեշտադրեց տարածքային ամբողջականության` իր շահերից բխող մոտեցումների կարևորությունը։ Հայկական փորձագիտական շրջանակները կարծում են, թե Բաքվի այս քայլից հետո պետք չէր բանակցությունների գնալ, քանի որ հակառակորդը կարծես փորձում էր թելադրողի դիրքերից ներկայանալ։

Փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հայկական կողմի գործելաոճը ճիշտ գնահատեց․ «Եթե չգնար Հայաստանը բանակցությունների՝ կստացվեր ադրբեջանական սադրանքը աշխատեց»։

Ադրբեջանական հայտարարությանը Հայաստանը չարձագանքեց անմիջապես։ Դրա համար արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարմար գտավ օգտագործել ԵԱՀԿ նախարարական հանդիպման հարթակը։ Ըստ փորձագետի` ՀՀ  ԱԳ նախարարի խոսքը հստակ էր ու ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը հենց իր դեմ աշխատեց․

«Կարեւորեց, որ առանց Արցախի մասնակցության բովանդակային հարցեր հնարավոր չէ քննարկել»։

Արտգործնախարարը նշեց այն կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Արցախի անվտանգության ապահովման համար։ Ու շատ հստակ է, որ այս գծերն ամենեւին նախկին ԼՂԻՄ սահմաններով չեն անցնում։

Սա թերեւս Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների այս տարվա վերջին հանդիպումն էր։ Այն կոշտ էր Ադրբեջանի ու բարդ Հայաստանի համար, քննարկվում էր Արցախին բանակցային սեղան բերելու հայկական կողմի մոտեցումը։

Back to top button