ԿարևորՏնտեսական

Ադամանդի վերամշակման գործարան՝ Աբովյանում

Աբովյան քաղաքում այսօր տեղի է ունեցել «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացման արարողությունը։ Գործարանի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գործարանում այս պահին 120 ադամանդագործ է աշխատում։ Հիմնադիրները խոստանում են՝ այդ թիվը կհասնի մինչեւ 700-ի. բոլոր նախադրյալները կան՝ ասում են։

Առավել սպիտակ գույներն ավելի թանկարժեք են համարվում՝ ադամանդագործության նրբություններում մասնագիտացած Ժաննա Խաչատրյանը  կիսվում է իր գիտելիքներով. մասնագիտությամբ տեսակավորող է, որքան քարի գույնը մուգ է՝ այնքան գինը նվազ՝ ասաց։ Ժաննան նախկինում մասնագիտացել եւ աշխատել է Նոր Հաճնի «Շողակն» գործարանում։

Աշխատակիցներից Անահիտ Գուլանյանն էլ ասաց, որ վարպետացել է հենց այս գործարանում. «Էյ Դի Էլ Դայմոնդս»-ի տեխնոլոգիաները նորագույն են եւ աշխատանքային պայմանները առավել հարմար՝ ասաց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են գործարանի տարածքում՝ ծանոթացնելով այստեղ ստեղծված հնարավորություններին։ «Էյ Դի Էլ Դայմոնդս» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի մարտին։ ՀՀ-ում այսօր ադամադագործության ոլորտի բացարձակ առաջատարն է։ Գործարանի արտադրամասի պետի տեղակալ Վարուժան Թեւանյանն ասաց, որ մեծ նպատակներ կան։

Այս պահին այստեղ աշխատում է 120 ադամանդագործ։ Այս թիվը շուտով կավելանա։ Դեկտեմբերի 5-ից ընդունելություն է հայտարարված։ Գործարանում աշխատելու հնարավորություն կունենա մինչեւ 700 աշխատակից։

Ծրագրի իրականացման համար կատարվել է 3.5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Բաղիրյան եղբայրները համահիմնադիր են։ Արտակ Բաղիրյանն ասաց՝ նախատեսվում է, որ 2020 թվականին արտահանման ծավալները կհասցվեն մինչեւ 100 մլն ԱՄՆ դոլարի։

Դրա համար կան բոլոր նախադրյալները. ստեղծելու ենք այնպիսի ապրանքներ, որոնք մրցունակ են լինելու ամբողջ աշխարհում՝ վստահեցնում է գործարանի համահիմնադիրը. «Մենք հավատում ենք, որ Հայաստանը միայն լինելու է հավելյալ արժեք ստեղծելու երկիր։ Տվեք հային հնարավորություն, եւ նա գրեթե անհնարինը կարող է իրագործել»,– հավելեց Բաղիրյանը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրեց, որ այս ոլորտում Հայաստանը շուկայի խնդիր չունի։

Հայաստանը եւ Հնդկաստանն ունեն եղբայրական հարաբերություններ եւ մշակութային պատմություն՝ շեշտելով այս մասին ընկերության հնդիկ համահիմնադիր Դոնան Անսալին նկատեց, որ Հայաստանը նախկինում ունեցել է ադամանդագործության հրաշալի ավանդույթներ եւ ինքը համոզված է, որ այդ ամենը կրկին վերածնվում են ու նոր այս հրաշալի գործարանը կլինի դրան սատարողը.

«Այսօր մենք տեսնում ենք, որ ադամանգագործության այդ գեները նորից զարթնում են եւ վստահհ ենք, որ Հայաստանի դինամիկ զարգացող տնտեսությունը մեծապես կօժանդակի նաեւ այդ ճյուղի զարգացմանը»։

Նախարարը նկատեց, որ գործարանը համադրել է ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները, հիմնադիրներն ունեն Հայաստանից դուրս գործունեության փորձ։ Այդ ամենին մեկտեղվում է նաեւ Հայաստանում ստեղծված հնարավորությունները, իսկ արդյունքը կլինի այս ոլորտում կայուն այս կազմակերպությունը՝ իր որակյալ արտադրանքով։

Back to top button