ԿարևորՀասարակություն

Ազբեստը վնասակար է ձեր առողջությանը

Այս օրերին բավականին շատ է խոսվում ծխախոտի վտանգավորության, վնասակար հատկությունների մասին։ Մասնագետներն այն համարում են քաղցկեղի առաջացմանը նպաստող գործոն։

Սակայն Հայաստանում քաղցկեղի առաջացմանը նպաստող մեկ այլ կարևոր գործոն ևս կա, որի մասին քիչ է խոսվում։ Խոսքը ազբեստի մասին է, որը մեր օրերում լայն տարածում ունի։

Ազբեստը մանրաթելային կառուցվածքով, հրակայուն ու թթվադիմացկուն հանքատեսակ է: Նաեւ էլեկտրական հատկությունների մեկուսիչ է և լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում՝ շինարարության, ավտոմոբիլների, հրթիռների արտադրության մեջ։

Սակայն ոչ բոլորը գիտեն, որ այն համարվում է քաղցկեղածին նյութ և դրա օգտագործումն ամենևին չի խրախուսվում։ «Հայ կանայք հանուն առողջության, առողջ շրջակա միջավայրի» ՀԿ  անդամ, բժիշկ համաճարակաբան Քնարիկ  Գրիգորյանն է բարձրաձայնում ազբեստի վտանգավորության մասին.

 «Ազբեստն իրենից ներկայացնում է  սուր թելիկներ, շատ նուրբ, բարակ և ամուր։ Քայքայման ժամանակ թելիկները շրջակա միջավայր են ընկնում և փոշու ձևով  շնչառական օրգաններով  անցնելով  վնասում են լորձաթաղանթը։ Ավելի վառ պատկերացնելու համար ասեմ, պատկերացնենք ասեղ , որը խրվել է մի տեղ և հնարավոր չէ հանել , այն  շարժման ժամանակ մեխանիկական  վնաս է հասցնում հյուսվածքներին։ Նման դեպքում կարող է սկսվել բորբոքում, միևնույն ժամանակ հեշտությամբ թափանցում են այլ քիմիական նյութեր։ Ապացուցված է, որ այն պատկանում է քաղցկեղածին նյութերի շարքին»։

Զարգացած երկրները վաղուց հրաժարվել են ազբեստից և դրա հայտնաբերման  դեպքում հատուկ  տեսչության աշխատակիցները դիմակներով մոտենում և վնասազերծում են տարածքը։ Մինչդեռ Հայաստանում այն շարունակում է լայն կիրառվել։ Երևանի տանիքների 43 տոկոսը ազբեստից է. խոսքն ասյպես ասած «շիֆերի» մասին է։

Այն լայն տարածում ունի նաև գյուղական համայնքներում` ասում է համաճարակաբանը.

«Գյուղական համայնքներում տեսել են, որ բնակիչները ներտնտեսային տարածքների ցանկապատումն արել են ազբեստների միջոցով։ Օրինակ ՝ տանիքի ծածկը, սանհանգույցը, որը բակային շինություն է համարվում  և այլն։ Այժմ ժողովուրդը  հասկանում է դրա վտանգավորությունը և  քիչ-քիչ հրաժարվում է ազբեստից»։

 Հետզհետե տանիքները փոխարինվում են ցինկապատ թիթեղներով, որոնք ավելի անվտանգ են։ Սակայն այսօր էլ շատ դեպքերում ազբեստի որոշ տեսակներ  օգտագործում են։ Ասել է, թե լիովին գործածությունից դուրս դեռևս չի  եկել։

«Լինում են նաև հարթ ուղիղ լիստեր, որոնք համարվում են հրակայուն և ջերմամեկուսիչ , կարող են օգտագործվել ջերմային տարբեր սարքավորումների մեջ, դրանք իհարկե պաշտպանված են մետաղյա մարմնով»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը:

Այժմ ջերմամեկուսացման համար օգտագործում ե նաև  այլ նյութեր, օրինակ  ապակուց բամբակյա շերտեր, որոնք նույնպես վտանգավոր են առողջության համար։ Թեև դրանք ալյումինապատ են, սակայն շինարարներին խորհուրդ է տրվում աշխատելիս օգտագործել  ձեռնոցներ և շնչադիմակ։

Ինչ վերաբերում է ազբեստին, այն որպես վտանգավոր նյութ ներառված է քիմիական նյութերի շրջանառությունը կանոնակարգող միջազգային փաստաթղթերում, ասում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը.

«Միջազգային Ռոթերդամի կոնվենցիայով արգելված են ազբեստի վտանգավոր տեսակները։ Հայաստանում ազբեստի 5 տեսակ արգելված է օգտագործման համար։ Ազբեստի հանքավայր նույնպես մեր երկրում չկա։ Վերջին տարիներին լայնածավալ օգտագործում կդժվարանանք ասել կա, թե` ոչ։ Համենայն դեպս` ԱՆ  օգտագործման ծավալների մասին տվյալների  չի տիրապետում»։

ԱՆ ներկայացուցիչը նշում է, որ մեծ մասամբ օգտագործվել է արտաքին ձևավորումների համար ։ Թե ինչ քայլեր են արվում, որպեսզի բնակչությունը հրաժարվի քիմիական այս նյութից, Բակունցը տեղեկացրեց, որ 2015 թվականից  օրենքով լուծում են տվել խնդրին. «Ամենակարևոր քայլը Ազբեստի օգտագործման արգելումն է։ ժամանակի ընթացքում այն գործածությունից դուրս կգա։ Այսինքն` ազբեստի տարածվածությունը գնալով կնվազի»։

Դժվար է ասել ազբեստի ազդեցությունն է մեծ մարդու առողջության վրա, թե` ծխախոտի։ Երկուսն էլ քաղցկեղածին են, սակայն, մասնագետի խոսքով, եթե ազբեստի տարածվածությունը գնալով նվազում է, հետևաբար նաև ազդեցությունը, ապա նույնը չենք կարող ասել  ծխախոտի  պարագայում։ Սակայն թե  մեկի, թե մյուսի  դեպքում լավագույն  տարբերակը հրաժարվելն է վնասակար նյութից կամ էլ սովորությունից։ 

Back to top button