Մշակույթ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Գիա Կանչելին

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր վշտակցությունն է հայտնում վրացի հռչակավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ ժողովրդի ու Հայաստանի մեծ բարեկամ Գիա Կանչելիի մահվան կապակցությամբ։

Գիա Կանչելին երկար տարիներ ապրել է Դիլիջանի կոմպոզիտորների տանը, որտեղ էլ հեղինակել է իր վեց սիմֆոնիաները։ Նա շատ ջերմ հարաբերություններ ուներ բազմաթիվ հայ անվանի մշակութային գործիչների հետ․ շատ մտերիմ է եղել դերասան Մհեր Մկրտչյանի հետ։

Մի առիթով նա նշել է, որ իր նոր ստեղծագործությունները մշտապես ցույց էր տալիս կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանին, Էդուարդ Միրզոյանին, Ալեքսանդր Հարությունյանին, Ավետ Տերտերյանին։

2009 թ. Երևանյան հեռանկարներ 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան հրավիրեց Գիա Կանչելիին:

Կանչելին վերջին անգամ Հայաստանում էր 2017թ–ին, որտեղ մասնակցել է իր պատվին կազմակերպված փառատոնին։

Այդ այցի ժամանակ էր, որ Կանչելին խոստովանել էր, որ իր կյանքի կեսը կապված է Հայաստանի հետ։

Նա «Միմինո» և «Կին–ձա–ձա» հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակն է և ինչպես ինքը 2017 թ-ին անկեղծացավ հայ լրագրողներին, հենց նա է պնդել, որ Մհեր Մկրտչյանը «Միմինո» ֆիլմի հայտնի դրվագում ասի, որ աշխարհում ամենալավ ջուրը Դիլիջանում է։ Ըստ կոմպոզիտորի, նախատեսված էր ասել, որ ամենալավ ջուրը Լենինականում է և միայն իր միջամտությունից հետո ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիան փոխում է ֆիլմում հնչեցվող քաղաքի անունը՝ հիմնվելով Կանչելիի պնդումների վրա, ով ասում էր, որ Դիլիջանում անցկացրած երկար տարիներն իրեն թույլ են տալիս այդպես կարծելու։

Գիա Կանչելին 84 տարեկան էր։

Back to top button