Միջազգային

Թուրքմենստանի նախագահի «մահվան» լուրը չի հաստատվել

Թուրքմենստանի նախագահի «մահվան» լուրը տարածած քաղաքագետը ներողություն է խնդրել: Եվրասիական խնդիրների մոնիթորինգի կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաևը հայտարարել է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել։ Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, նա պարզաբանել է, որ ավելի վաղ ստացված տեղեկությունները հերքվել են նույն այդ աղբյուրի կողմից։

«Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից ու մերձավորներից, նաև Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից»,- գրել է Ռուբաևը։

Ավելի վաղ քաղաքագագետն ասել էր, որ նախագահի մահվան մասին իրեն ասել են Աշգաբադում աշխատող գործարարները՝ հղում անելով հատուկ ծառայություններում աշխատող իրենց ծանոթներին։

Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանատունը նախագահի մահվան մասին լուրը բացարձակ սուտ է անվանել։ Երկրի քաղաքական շրջանակների աղբյուրը հաղորդել է, որ նախագահը մեկնել է Գերմանիա հիվանդ մորը տեսակցելու, որն արդեն 10 օր ծանր վիճակում է ու գամված է անկողնուն։

Կիրակի մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով իրենց աղբյուրներին, տարածել էին տեղեկատվությունը, որ Թուրքմենստանի նախագահը մահացել է:

 

Back to top button