Քաղաքական

Ում վրա կտարածվի համաներումը, ինչու են բողոքում ազատազրկվածների հարազատները

Վերջին անգամ Հայաստանում համաներում տեղի է ունեցել 2013-ի հոկտեմբերի 3-ին: Վերջին օրերին շատ է խոսվում նոր սպասվող համաներման մասին: Շատերը, սակայն, այդ լուրն ընդունել են ոչ թե ոգեւորությամբ, այլ՝ դժգոհությամբ: Պարբերաբար կազմակերպվում են բողոքի ակցիաներ: Այսօր կառավարության նիստում վերջնական որոշվել է, թե երբ է խորհրդարանում քննարկվելու համաներման նախագիծը:

Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա 2 940 կալանավոր եւ դատապարտյալ: Կառավարությունից պնդում են, որ քայլը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափումը չէ: Համաներումն իրականացվում է Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

 

Հոկտեմբերի 31-ին ժամը 11-ին է սկսվելու ԱԺ արտահերթ այն նիստը, որի ընթացքում պետք է քննարկվի համաներման հարցը: Հենց սկզբից խոստացվել է, որ համաներումը լինելու է աննախադեպ ծավալի: Ազատազրկման վայրերում գտնվողների հարազատները, սակայն, օրեր շարունակ անհանգիստ են, բողոքի խաղաղ ակցիաներ են կազմակերպում կառավարության եւ ԱԺ շենքերի մոտ:

Ծանոթանալով ցանկին, թե որ չափարոշիչներն են գործելու համաներման համար, շատերը ենթադրել են՝ իրենց հարազատների վրա սպասվող  համաներումը չի տարածվելու: Բողոքի ակցիաների մասնակիցներից է Լալա Բեռնեցյանը՝ Սարի թաղի գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը:

Էդուարդ Զեյթունյանը եւ եւս մի քանի հոգի մեղադրվում են 2016-ի հուլիսի 19-ին Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն գործադրելու մեջ:

Մինչ համաներման նախագիծը կդառնա խորհրդարանի օրակարգային հարց՝ ցուցարարները փորձում են հանդիպել արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ՝ պատրաստի ցանկում փոփոխություններ առաջարկելու եւ նոր հոդվածներ ներառելու համար: Նախարարի պաշտոնակատարն արդեն նախապես նշել է, որ այս համաներումը ազատության մեջ հայտնվելու միակ հնարավորությունը չէ:

ԱԺ շենքի մոտ երկու օր է հավաքվում են ցմահ դատապարտվածների հարազատները: 93 ցմահ դատապարտված կա Հայաստանում, նրանցից 14-ը դատապարտված են բանակում կատարված սպանությունների համար: Ցուցարարները մի քանի պատգամավորներից արդեն հստակ խոստում ստացել են, այն էլ՝ ԱԺ ամբիոնից:

«Ծառուկյան» խմբակցությունից Շաքե Իսայանն էր: Առաջարկին միացել են նաեւ <<Ելք>>-ից պատգամավոր Ալեն Սիմոնյանը եւ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: Ցմահ դատապարտվածներին առնչվող գործերում կան նաեւ քաղաքական գործեր՝ ասում է ակցիայի մասնակից, նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Ցմահ ազատազրկվածների հարցով եւս մեկ լուծում արդեն երկար ժամանակ  մշակվում է արդարադատության նախարարությունում:

Նախարարի պաշտոնակատարը նշում է՝ սպասվող համաներումը քրեակատարողական հիմնարկների բեռնաթափման խնդիր չունի: Պարզապես արվում է մարդասիրական քայլ: Ինչո՞ւ է այն համընկնում նախընտրական շրջանի հետ. Զեյնալյանն ասում է՝ երբեք խնդիրն այդ տեսանկյունից չի դիտարկել:

Համաներման օրենքի նախագիծը ԱԺ արտահերթ նիստում հավանաբար կքննարկվի արագացված՝ 24-ժամյա ռեժիմով: Մինչ լիագումար նիստը՝ բոլոր նախորդող քննարկումները թե կառավարությունում, թե Աժ-ում դռնփակ ռեժիմով են ընթացել եւ ընթանալու: Այդպես է պահանջում կարգը: Որքան դատապարտյալ եւ կալանավոր ազատ կարձակվի՝ դեռեւս հստակ թիվ չի ներկայացվում:

Back to top button