Քաղաքական

Վրաստանի նախագահի թեկնածուների խոստումներն ու ազգային փոքրամասնությունները


Հոկտեմբերի 28-ին Վրաստանը վերջին անգամ համապետական քվեարկությամբ նախագահ կընտրի։

Ավելի քան 20 թեկնածու է առաջադրված, սակայն հիմնական պայքարն ընթանալու է իշխանությունների աջակցությունը վայելող և երկրի ամենաազդեցիկ ընդդիմադիր ուժերի թեկնածուների միջև։

 

 

Վրաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավը բավականին թեժ մթնոլորտում է անցնում, չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանական երկրի նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։ Մի շարք խնդիրներ, այդ թվում երկրի ՍԴ-ի կողմից վերջերս մարիխունայի օրինականացման փաստը դարձել են թեկնածուների քարոզարշավի կարևոր մասը, ոմանք հարցի շուրջ իրենց տեսակետով էլեկտորատ են շահում, ոմանք, ընդհակառակը՝ կորցնում են կամ վատացնում հարաբերությունները եկեղեցու հետ։

Իշխող «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ով մի շարք հարցումներով ամենաբարձր վարկանիշն ունի, ասում է, որ կտրականապես դեմ է որևէ տիպի թմրանյութի ազատականցմանը։

Զուրաբիշվիլին, ով Սաակաշվիլիի իշխանության շրջանում մոտ մեկ տարի ղեկավարել է արտգործնախարարությունը, պնդում է, որ 2008-ին Ռուսատանի հետ պատերազմը սկսել է Միխեիլ Սաակաշվիլին։ Եվս մեկ հայտարարություն Զուրաբիշվիլիից, որ քննարկումների առիթ է դարձել ու ընդդիմադիրների կողմից քսենոֆոբիկ համարվել, քաղաքացիությանն է վերաբերում։ Նինոծմինդայում նա ասել է, որ «Սաակաշվիլին թուրքերին վրացական քաղաքացիություն էր բաժանում, իսկ ձեզ՝ ոչ»։

«Ռադիոլուր»-ի հետ ամփոփելով իր քարոզարշավը, Զուրաբիշվիլին նկատում է, որ լինելու է երկրի բոլոր շրջանների ու բոլոր քաղաքացիների նախագահը։ Վարդերի հեղափոխությունից հետո Ֆրանսիայից Վրաստան տեղափոխված Զուրաբիշվիլին, ում ժամանակ առ ժամանակ քննադատում են պետական լեզվին լավ չտիրապետելու համար, ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում այսօր հիմնական խնդիր է համարում հենց լեզվի չիմացությունը․

«Ես պարտավորվեցի, որ այս խմբերի հետ կապը կպահպանեմ և կաշխատեմ այն ուղղությամբ, թե ինչ կարող է նախագահն անել հարցի լուծման ուղղությամբ»։

Պատասխանելով այլընտրանքային ճանապարհների, Աբխազական երկաթգծի վերաբացման հարցի շուրջ իր դիրքորոշմանը, նա նշում է․ «Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն ու լարված իրավիճակը անհավանական են դարձնում հարցի լուծումն այս պահին։ Ապագայում՝ կտեսնենք։ Հասկանալի է, որ այլընտրանքային ճանապարհը բխում է մեր հարևան Հայաստանի տնտեսական շահերից, սակայն մենք առաջին հերթին պետք է հաշվի առնենք Վրաստանի շահերը»։

Հարցումներով երկրորդ տեղում նախկին արտգործնախարար միասնական ընդդիմության թեկնածու Գրիգորի Վաշաձեն է, ում համար սոցցանցերում ակտիվ քարոզարշավին է լծվել նաև նախկին նախագահ, այժմ վտարանդի Միխեիլ Սաակաշվիլին։ Վերջինս վստահ է, որ նախագահական ընտրությունները որոշիչ են լինելու և ինքը վերադառնալու է հայրենիք։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ նախկին իշխանությունները այս օրերին հեղափոխության փորձ են անելու։

Պակաս ռեյտինգ չունեն նաև Սաակաշվիլիի կուսակցությունը լքած թեկնածուներ, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն և Գիրչի կուսակցությունը ներկայացնող Զուրաբ Ջափարիձեն։ Վերջինս երիտասարդների մի հոծ բանակ ունի, ովքեր կողմ են մարիխուանայի և մյուս թմրանյութերի ազտականացմանը։ Գիրչիի հայցն է ՍԴ-ը վերջերս բավարարել՝ ազատականացնելով մարիխուանան։ Վրաստանի թեևս ամենաէքսցենտրիկ քաղաքական գործիչը կուսակցության գրասենյակում մարիխուանա է աճեցնում, օրեր առաջ էլ կազմակերպած մարիխուանայի փառատոնում կանեփ էր բաժանում, ինչի համար ոստիկանությունը բերման ենթարկեց։

Ջափարիձեն տարբերվող թեկնածուն է, նա նախընտրական շրջանում խոսել է նաև ազգային փոքրամասնությունների լեզվով․ Ջավախքի Կարնո բարբառով նրա ուղերձը բուռն արձագանք է ունեցել:

Հայկական համայնքի ներկայացուցիչ, Բազմազգ Վրաստան կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը նշում է, որ ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում բնակչությունը հիմնականում քվեարկում է իշխող ուժի թեկնածուների օգտին։ Այլ է պատկերը Թբիլիսիում․
«Թիֆլիսում ավելի շատ հնարավորություն ունեն ծանոթանալ թեկնածուների ծրագրերին»։

Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ»-ի ղեկավար Զաուր Խալիլովը նշում է, որ ամեն անգամ նախընտրական շրջանում իր համար կարևորում է հետևյալ հարցը․«Պետք չէ Վրաստանի ազգությամբ հայ և ադրբեջանցի քաղաքացիներին նայել Հայաստանի ու Ադրբեջանի պրիզմայով»։

Back to top button