ԿարևորՏնտեսական

Պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին փակել են միջպետական Մ6 ճանապարհը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հետ կառավարությունում կհանդիպեն: Լուրը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի  մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Նա նաև հստակեցրել է՝ աշխատակիցներին կընդունի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Այսօր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կրկին փակել են միջպետական Մ6 ճանապարհը:

 

Երեկվանից իր աշխատանքները դադարեցրեց Ալավերդու պղնձաձուլարանը: Գործարանի աշխատակիցներն իրենց ֆեյսբուքյան էջում էին տեղեկացրել, ապա նաև՝ նկարներ տեղադրել, որտեղ գրել էին. «Սրանք հնարավոր է պատմական նկարներ դառնան, 250- ամյա գործարանի վերջին հալոցքը։ Մի քանի ժամից կթողարկվի վերջին պղինձը»:

Երեկվանից նրանք նաև բողոքի ակցիա  էին  նախապատրաստում: Այսօր առավոտյան «Աշխատանք՝շեն ու հզոր հայրենիք», «Ալավերդին մեր տունն է, պղնձաձուլարանը՝ Ալավերդու սիրտը» պաստառներով հավաքվեցին  քաղաքի եկեղեցու հարակից տարածքում։

Գործարանի աշխատակից Գարեգին Անտաշյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ փակել են  միջպետական Մ6 ճանապարհը: Զրուցակցիս  խնդրեցի ևս մեկ անգամ հստակեցնել իրենց պահանջները:

Օրերս ACP «ԱՐՄԵՆԻԱՆ ՔԱՓԸՐ ՓՐՈԳՐԱՄ» ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը «Ռադիոլուրին» փոխանցել էր, որ   Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 380 մլն դրամ տուգանք էր նշանակել, նաև հանձնարարական են ստացել.

«Մինչև 2018թ դեկտեմբերի 25-ը արտանետվող ծծմբային անհիդրիդի  քանակը պետք է 90 տոկոսով պակասեցնենք: Գործնականում անհնարին է իրականացնել, առավել ևս նշված այս կարճ ժամկետում: Հիմք ընդունելով այս անելանելի պայմանները՝ որոշում է կայացվել դադարեցնել գործունեությունը»:

Շաբաթվա սկզբում հանդիպեցին «Վալլեքս Գրուպ» ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Ըստ էության՝ այդ հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերվեց: Եվ ահա այսօր Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները կհանդիպեն փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ: Սրա մասին «Ռադիոլուրին» փոխանցեց Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: Գործարանի աշխատակիցները մեզ փոխանցեցին՝ եթե Սիսեռյանի հետ հանդիպումից դժգոհ լինեն, խոստացել են՝  հանդիպում կկազմակերպվի փոխվարչապետ Ավինյանի հետ:

Back to top button