Հասարակություն

Երբ Երեւանը խոսում էր ֆրանսերեն


Շուրջ երկու տարի Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ պատրաստվեց  անկախ Հայաստանի պատմության մեջ տեղի ունենալիք ամենախոշոր և ամենալայնածավալ միջազգային միջոցառմանը, որը քաղաքական, տնտեսական, մշակութային մեծ նշանակություն ունի և կարող է էապես նպաստել Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը:

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն արդեն պատմություն է: Հինգ օր շարունակ Երևանն ապրում էր ֆրանսիական շնչով, խոսում՝ ֆրանսերեն:

Ավարտվեց Հայաստանի անկախության պատմության մեջ ամենակարևոր միջազգային իրադարձություններից մեկը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը։

Անցած 5 օրերին  Երևանը լցված էր Ֆրանկոֆոնիայի շնչով՝ «Ապրել միասին» կարգախոսով: Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանում էին  38 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն և Շարլ Միշելը, Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Հրաժեշտ տալիս Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը խոստովանեց՝ հեռանալ Հայաստանից չեն ցանկանում:


Բրիջիթ Մակրոն. «Շնորհակալություն Հայաստան: Սա յուրահատուկ ճանապարհորդություն էր: Ինչ այստեղ ենք, շատ բան ենք սովորել, հեռանալ չենք ուզում: Պետք է անպայման վերադառնանք»:

Հինգ օրերի ընթացքում անցկացվեց մի քանի միջոցառում. գործնական ֆորում, ցուցահանդեսներ ու համերգներ։

Գագաթնաժողովի շրջանակներում առաջին անգամ անցկացված տնտեսական ֆորումին մասնակցեց Սոֆիա ռոբոտը, խոստացավ հաջորդ անգամ խոսել ֆրանսերեն:

Սոֆիա  ռոբոտ. «Ֆրանսերենը գեղեցիկ լեզու է: Այն Վոլտերի և Ազնավուրի լեզուն է: Ֆրանսերեն սովորելն իմ առաջնահերթություններից է: Գուցե, հաջորդ անգամ, երբ հանդիպենք, իրար հետ ֆրանսերեն կխոսենք»:

Գագաթաժողովին ընտրեցին կազմակերպության նոր գլխավոր քարտուղարին. Կանադայի ներկայացուցիչ Միկաել Ժանին փոխարինեց Ռուանդայի նախկին արտգործնախարար Լուիզ Մուշիկիվաբոն։

Ֆրանկոֆոնիայի ընտանիք են մտել Իռլանդիան, Մալթան, Գամբիան ու ամերիկյան Լուիզիանա նահանգը։ Սաուդյան Արաբիայի թեկնածությունը չընդունվեց։

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը երկու տարի անց կընդունի Թունիսը, իսկ մինչ այդ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը կնախագահի Հայաստանը:

Back to top button