Մշակույթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է եղել Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում «Հայաստան» ցուցահանդեսի բացմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) ներկա է գտնվել «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստա՛ն» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

Բացման արարողությանը նա իր օրհնությունն ու պատգամն է բերել միջոցառման մասնակիցներին` մասնավորապես նշելով.

 «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը ապրել է միջազգային առնչությունների խաչուղիներում և Մետաքսի ճանապարհի երկայնքով մասնակցություն ունեցել առևտրային լայն փոխհարաբերություններում, ինչն էլ խորացրել ու եզակի բազմազանություն է ստեղծել քրիստոնեությամբ ներշաղախված մեր մշակութային կյանքում` հարստացնելով մեր ինքնությունը և միաժամանակ պահպանելով մեր իրական ազգային առանձնահատկությունները։

Մեր հարևան տերությունների կողմից արյունալի ներխուժումների ժամանակներում էլ ստիպված ենք եղել զենք վերցնել և առ Աստված ապավինությամբ պաշտպանել մեր կյանքն ու ինքնությունը մեզ ոչնչացնել ցանկացողներից։ Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը։ Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից»։

Ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, Վեհափառ հայրապետը շնորհել է  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:

Ցուցադրել ավելի
Back to top button