Քաղաքական

Ավագանու ընտրություններից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների գործընթացը կարագանա՞

Աժ-ում հաստատված կառավարության ծրագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար նախատեսված է ժամկետ: Սա, ըստ էության, պայմանավորվածություն է մի քանի ուժի միջեւ, որն այժմ փորձ է արվում փոխել:

Ինչ տեղի ունեցավ եւ ինչ մարտավարական պայքար է այժմ ընթանում ներքաղաքական դաշտում, որը կարող է բերել անսպասելի զարգացումների:

Ավագանու թեժ նախընտրական մթնոլորտը նոր լուրջ հարցականներ առաջացրեց ընդհանուր ներքաղաքական դաշտում եւ կառավարության ծրագրով հաստատված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ծրագրերում: Այժմ ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական ուժերը միմյանց սպառնում եւ նախազգուշացնում են: Առաջին հրաձգությունն արդեն տեղի ունեցավ:

Ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ հեղափոխական դաշինքից սրտնեղած ուժերը իրենց հոգեվիճակի եւ նպատակների մասին բարձրաձայնեցին տարբեր հավաքների ժամանակ: Մտադրությունների հնարավոր փոփոխման մասին առաջինը զգուշացրեց «Լույս» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ից ազդակ հնչեց, որ կիսում են հնչած տեսակետը: Աժ-ում ներկայացված ուժերի եւ պատգամավորների պարզ հաշվարկից երեւում է, որ արված հայտարարությունները լուրջ խնդրի առաջ կարող են կանգնեցնել գործադիր իշխանությանը՝ արտահերթ ընտրությունների հիմքերը խորհրդարանում ստեղծելու առումով:

Հնչած սպառնալիքներին ի պատասխան՝ նախազգուշացում արդեն հնչել է նաեւ գործադիր իշխանությունից: Մալաթիա-Սեբաստիա համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հասկացրեց, որ արտահերթ ընտրությունների հարցում իր հենքը ոչ թե քաղաքական ուժերն են, այլ՝ ժողովուրդը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը դեռ չի պատկերացնում, թե տեխնիկապես ինչ միջոցներով է հնարավոր օգտագործել հանրային ճնշումը՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ամեն դեպքում, կարծում է, որ հայտարարություններն իրոք կարող են իրավիճակ փոխել:

Այժմ, ըստ քաղտեխնոլոգի, մտել ենք մի փուլ, երբ նախկին գործընկերներն անցել են ռազմավարական եւ մարտավարական պայքարի՝ Աժ պատերից այն կողմ՝ խորհրդարանի ներսում:

Հասկանալի է, որ արդյունքները դեռ անկանխատեսելի են եւ Աժ-ի արտահերթ ընտրությունների կազմակերպման հարցով որեւէ հստակություն հնարավոր է մտցվի արդեն ավագանու արտահերթ ընտրություններից հետո, երբ արդեն ձեւավորված կլինի քաղաքային իշխանությունը:

Back to top button