ԿարևորՔաղաքական

Մեկնարկեց քարոզարշավը

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ը ներառյալ: Սեպտեմբերի 22-ը լռության օր է:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդական ուղի», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայք», Ռեֆորմիստների և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև «Երևանի հանրություն», «Իմ քայլը», «Երևանցիներ» և «Լույս» դաշինքները:

Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին: Նրա հրաժարականից հետո նախկին իշխանություն համարվող և այժմ խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում լինելու է գալու դիտորդի դերում:

Բնական,  առանց հատուկ էֆեկտների ու ամենակարևորը ժպիտով.  Ժառանգություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսպիսի քարոզարշավ է խոստանում երևանցիներին:

«Ժառանգության» քարոզարշավի մեկնարկը տրվեց այսօր կեսօրին  Ազնավուրի հրապարակում: 12 օր կուսակցության  ավագանու թեկնածուները կլինեն բոլոր վարչական շրջաններում: Կշրջեն բակից բակ, խաչմերուկից խաչմերուկ, կլսեն մարդկանց, կխոսեն իրենց ծրագրերի մասին:
Կունենան նաև թեմատիկ քննարկումներ. օրինակ վաղվա հանդիպումը Նոր Նորքում Ընթերցող Երևան խորագիրը կունենա: Հաջորդ օրը բնապհապանական խնդիրներ  կքննարկեն  ու այդպես շարունակ:  Ամեն ինչ անելու են ժպիտով:

«Երևանի հանրություն»  դաշինքը քարոզարշավը սկսեց ասուլիսով: Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում է  Անահիտ Թարխանյանը:  Նա քաղաքապետի հավակնորդ 3 կին թեկնածուներից մեկն է: Հարցը, թե հասարակությունը կվստահի արդյոք կին թեկածուին, ժամանակավրեպ է համարում:

Անահիտ Թարխանյանն ասում է մանրամասն մշակված ծրագրային մոտեցումներ ունեն տրանսպորտային  խնդրի լուծման, Երևանի համաչափ զարգացման, բյուջեի արդյունավետ կառավարման  և մայրաքաղաքի համար կարևոր բոլոր հարցերի վերաբերյալ:  Դրանք ներկայացնելու համար  օգտագործելու են  քարոզարշավի բոլոր  հին ու նոր միջոցները:

 

«Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց Էրեբունի համայնքում: Դաշինքի քայլերթը մեկնարկեց Տիգրան Մեծ պողոտայից: Թե ինչո՞ւ հատկապես այս համայնքից, պարզաբանեց դաշինքի քաղաքապետի թենածու Հայկ Մարությանը՝ ասաց, որ խորհրդանշորեն այս ընտրությունը կապել են Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի հետ:

«ԻՄ քայլը» դաշինքը խոստանում է, որ Երեւանը կդառնա անվտանգ, առողջ, հարմարավետ՝ ապրելու եւ գործելու կենսամիջավայր, իսկ այցելուների համար գրավիչ ճամփորդական ուղղություն դարձնելը իրենց գլխավոր ուղենիշն է:

 

«Հայք (հայկազուններ)» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին քարոզարշավն սկսում է բակ առ բակ, տուն առ տուն այցելելով։ Ընտրության մասնակիցները երևանցիներին կպատմեն իրենց ծրագրերի մասին: Համամասնական ցուցակը գլխավորող Գևորգ Հովսեփյանն  է ներկայացնում իրենց քայլերը:  Ունեն ավելի քան 30 ծրագրեր, դրանք կազմվել են մասնագետների, ճանաչում ունեցող գիտնականների կողմից:

«Երկիր ծիրանին» նախընտրական քարոզարշավն անցկացրեց ավտոերթերով  «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի առջևից, Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածքից, Կենտրոն վարչական շրջանի Աբովյան պուրակից և նույն վարչական շրջանի Շահումյանի անվան հրապարակից՝ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում:

Մինչ այդ՝ Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն՝ Զարուհի Փոստանջյանը, ասուլիսում ասաց՝ մասնակցում են «Արդարություն և օրենք» կարգախոսով: Նախընտրակական ծրագիրը ներկայացված է 26 էջում. մանրամասն ներկայացված է Երկիր ծիրանի նախընտրական ծրագիրը:

Փոստանջյանի խոսքով, ազատ, արդար ընտրություններ անցկացնելու խնդիր կա, որի համար քաղաքական կամք է պետք, հակառակ դեպքում պատմությունը կկրկնվի՝ ավտորիտարիզմից չենք պոկվի ու չենք  գնա դեպի ժողովրդավարություն:

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր քարոզարշավը սկսել է Նուբարաշեն վարչական շրջանից, Նուբարաշենի եկեղեցու հարակից բակում տեղի է ունեցել  հանդիպում ԲՀԿ ավագանու ցուցակը գլխավորող եռյակի՝ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի, Արման Աբովյանի և ավագանու ցուցակում տեղ գտած մյուս թեկնածուների հետ: ԲՀԿ-ականները մրցակիցներին մաղթել են հաջողություն ու բարձր տրամադրություն:

 

Երևանի ավագանու` 2018 թվականի արտահերթ ընտրությունների իր քարոզարշավը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այսօր սկսելու է ժամը 18-ին Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից։

Թեկնածուներն ավտոերթով պետք է շարժվեն դեպի Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:

 

«Մենք ենք ու մեր Երեւանը» խորագրով էլ մեկնարկեց ՕԵԿ քարոզարշավը: Կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդայնը նույնպես ասում է, որ Երեւանը պետք է դառնա համընդհանուր քաղաք, ու այդ տեսլականն իրագործելու համար քաղաքական ուժը օրակարգային է դարձնելու կառավարման՝ Smart մոդելը, որն էլ լինելու նրանց հաղթաթուղթը:

Ժողովրդավարական ուղին քարոզարշավը սկսելու է՝ «Երեւանը ես եմ, Երեւանը դու ես, Երեւանը՝ մենք ենք» խորագրով: Քաղաքական ուժի քարոզարշավի ձեւաչափը՝ բակային հանդիպումներ են: Չնայած, այսօր քարոզարշավի առաջին օրն է, բայց ԺՈՒԿ ներկայացուցիչ Արթուր Գասպարյանը վստահ է, որ իրենք մաս են կազմելու Երեւանի կառավարման գործընթացին՝ ի նպաստ երեւանցիների:

«Լույս» դաշինքը իր նախընտրական քարոզարշավն սկսեց առավոտյան ժամը 9:00-ից Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։ Մինչ այս, սակայն, դաշինքի անդամներն ուղիղ տեսակապով կեսգիշերին հասցրել էին դիմել երևանցիներին:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյլանյանն է։ Նա հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարվել նախարարի պաշտոնից՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու դեպքում։

Քաղաքական դաշտում նոր անուն, նախկինում ընտրությունների փորձ չունեցող «Ռեֆորմիստներ»-ի կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց նախ մամուլի ասուլիսից ու նախընտրական ծրագրի ներկայացումից:

«Ռեֆորմիստներ»-ի քաղաքապետի թեկնածուն կինոռեժիսոր Արտակ Ավետյանն է, կետ առ կետ ներկայացնում է կուսակցության նախընտրական ծրագիրը՝ «Կանաչ Երևան» կարգախոսի ներքո:

«Հայոց ազգային շարժում» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները միցաել և առաջիկա ընտրությունների կներկայանան «Երևանցիներ» դաշինքով: Քաղաքապետի իրենց թեկնածու Արարատ Զուրաբյանն է։ Եթե ընտրվեն՝ Երևանը փորձառու ձեռքերում կլինի, ասում է Երեւանի Կենտրոնի նախկին համայնքապետը:

Դաշինքը քարոզարշավը կրետիվ լուծումներով չի անցկացնի, Երևանն ունի ուրույն խնդիրներ, որոնք կրեատիվ քարոզարշավով չեն լուծվի:

«Երևանցիներ»-ի համար սա ոչ թե «ընդդեմ»-ի, այլ «հանուն»-ի պայքար է: Պայքար հանուն ավելի լավ Երևանի:

 

Back to top button