Քաղաքական

Չարաշահումներով առաջին հորիզոնականում ԲԷՑ-ն է. Դավիթ Սանասարյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը


Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր հայտարարել է, որ ծառայությունը վերջին 100 օրվա ընթացքում մի շարք բացահայտումներ է արձանագրել, եղել են խոստումներ չարաշահումներ թույլ տված ընկերությունների ու կառույցների կողմից՝ պետական բյուջե խոշոր գումարներ փոխանցելու մասին:

Այսօր նաեւ խոշոր չարաշահման մասին է հայտարարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շին աշխատանքներում: Եվ այսօր էլ կոռուպցիոն երևույթների դեմ կոշտ միջոցներ ձեռնարկելու մասին զեկույց է հրապարակել միջազգային կազմակերպությունը:

Ամենախայտառակ չարաշահումը հայտնաբերվել է  Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում և ԲԷՑ-ի նախկին տնօրեններից մեկը Պետական վերահսկողական ծառայության պետին խոստացել է բյուջե փոխանցել 140 մլն դրամ՝ տեղեկացրեց ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Պարզվել է նաև, որ տրանսֆորմատորների վրայից ցուցմունքները ջնջվել են ածելիով ու այլ ցուցմունք գրվել:

Սա միակ բացահայտումը չէ։ Միջազգային կապալառուներից մեկի գործունեության ուսումնասիրության արդյունքում 1.5 մլն դոլար կփոխանցվի բյուջե:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ի  2016-2018  թթ  տնօրենը նախնական տվյալներով Պետական վերահսկողական ծառայության պետին վստահեցրել է, որ պետությանը պատճառած վնասի դիմաց պատրաստ է բյուջե վերադարձնել  210 մլն դրամ: Միայն այս տարվա հունիսի տվյալներով 30-35 մլն դրամի խախտում է արձանագրվել գծանշումների մասով:

«Հայրենիք-Սփյուռք» ՊՈԱԿ-ի տնօրենն էլ խոստացել է պետբյուջե փոխանցել 100 մլն դրամ, որպես բացահայտված չարաշահումների փոխհատուցում:

«Սփյուռքի նախարարություն 75 մլն պետք է փոխանցեր ֆիլմ նկարահանելու համար, սակայն պարզվել է որ Հ1-ը իր միջոցներով է այդ ֆիլմը նկարահանել է, իսկ ուր է կորել 75 մլն.-ը։ Ագրարային համալսարանում ևս չարաշահումներ են արձանագրվել»:

Դավիթ Սանասարյանը զերծ մնաց որևէ անուն հրապարակելուց, որպեսզի չխախտի անմեղության կանխավարկածը. հանցակազմ կա բոլոր նշված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված գործերում:

Խոստացված գումարները պետբյուջե կփոխանցվեն հենց այս ամսվա ընթացքում՝ վստահեցրեց ծառայության պետը: Ուսումնասիրությունները շարունակվելու են։ Հաջորդ վայրը, ուր կայցելեն ծառայության աշխատակիցները, ատոմակայանն է։ Կշարունակվի ուսումնասիրությունը նաև ոստիկանական համակարգում:

Օրվա բացահայտումների շարքն այսքանով չի ավարտվում։ Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում 23,5 մլրդ դրամի չարաշահումների մասին։ Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով: 16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը պետք է Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային եւ հյուսիսային սահմանները կապի միմյանց ՝ ճանապարհի երկարությունը կրճատելով մոտ 85 կմ-ով:

Մինչ Հայաստանում բացահայտումներ են արվում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը այսօր հրապարակած զեկույցում Հայաստանին հորդորել է վճռական միջոցներ ձեռնարկել կոռուպցիան եւ շահերի համատարած բախումը վերացնելու համար:

«Հայաստանը պետք է կոշտ միջոցներ ձեռնարկի դատական եւ դատախազական համակարգում անկախություն ապահովելու համար եւ ջանքեր գործադրի բացահայտելու, հետաքննելու եւ պատժելու բարդ կոռուպցիոն գործերը՝ օգտագործելով բացահայտման եւ վերլուծական տարբեր աղբյուրներ»,- ասված է զեկույցում։

Back to top button