Մշակույթ

«Անկոչ հյուրը». փրկված սիրո պատմություն


Կին-տղամարդ հարաբերությունները հավերժական թեմա են: Դրամատուրգ  Սվետլանա  Բարտոխովան  փորձել է  թեմայի նրբությունները ներկայացնել իր  «Անկոչ հյուրը» պիեսում:

Այն ցուցադրվել է Կամերային երաժշտական թատրոնում:

Ինչպես է ստացվում, որ կենցաղը  սպանում է հարաբերությունները։ Հարցի պատասխանը փորձել են տալ շատ դրամատուրգներ:

Այդ նույն խնդրի պատասխանն է փորձում տալ Պետական կամերային երաժշտական թատրոնում վերջերս բեմ բարձրացած «Անկոչ հյուրը» ներկայացումը։

Բելառուսցի դրամատուրգ Սվետլանա Բարտոխովայի  պիեսը բեմադրել է ռեժիսոր Արման Նավասարդյանը:

Բելառուսցի դրամատուրգի այս գործը տղամարդու եւ կնոջ փոխհարաբերությունների մասին է: Ամուսիններ, որոնք տարիներ շարունակ ապրում են  միմյանց կողքին, բայց այդպես էլ չեն բացահայտում միմյանց, չգիտեն միմյանց սովորույթների, զգացումների ու ապրումների մասին։ Նրանք ապրում են մի հարկի տակ,  քանի որ ունեն երեխա:

Սակայն պատահականության արդյունքում զույգը բոլորովին այլ վայրում  հանդիպում է միմյանց  և արդյունքում՝ նրանց  կյանքը էապես փոխվում է:

Ռեժիսոր Արման Նավասարդյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշում է, որ այս ներկայացումը  շատ ընտանիքների համար կարող է դառնալ յուրօրինակ ազդակ, թե ինչպես պետք է պահել ու գնահատել երջանկությունը:

Ներկայացման հերոսներին մարմնավորում են  թատրոնի դերասաններ  Հայկ Պետրոսյանը  ու  Անի Նիկոյանը։

«Ռադիոլուրի»  հետ զրույցում Հայկը նշում է՝ երբ  առաջին անգամ  խաղաց այս ներկայացումը, այդ ժամանակ պատրաստվում էր ամուսնանալ ու արդեն ներկայացման միջոցով սկսեց  ծանոթանալ ընտանեկան կյանքի նրբություններին:

Անի Նիկոյանը  մարմնավորում է  ամուսնու կողմից դավաճանված  ու անտեսված  կնոջ կերպար։ Ներկայացումը դիտելով՝ թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ   հնարավոր է  գտնեն  այն ճակատագրական սխալները, որոնք թույլ են տալիս՝ ասում է:

Ներկայացումը ներառվել է թատրոնի խաղացանկում ու հանդիսատեսը հնարավորություն կունենա այն դիտելու արդեն աշնանը:

Back to top button