Հասարակություն

Ինչպես խուսափել օձերի հետ «հանդիպումից»

Տարվա այս եղանակին օձերն ավելի շատ են լինում ուշադրության կենտրոնում: Ինչքան տաք է լինում ամառը, օձերին տեսնելու վտանգն ավելի է մեծանում:

Սակայն, չնայած, և՛ ԱԻՆից և՛ առողջապահության նախարարությունից փոխանցում են՝ նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ օձի խայթոցի դեպքերը նվազել են:

 

Օրերս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ՝ ասֆալտի վրա,  երեկոյան 22:00-ի սահմաններում չնկատեցի օձին։ Կողքիններս նկատեցին։ Պարզվեց թունավոր գյուրզա է:

Տարածքում երեխաներ կային նաև, որ խաղում էին խոտածածկ տարածքում։ Դեպքից հետո տարածքի աշխատակիցները փաստեցին, որ առաջին դեպքը չէ՝ օձեր են տեսնում: Այս տարի շատացել են՝ ասացին։

Սակայն, արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունների փոխանցած տվյալներն այլ բան են ասում: Օձի խայթոցի դեպքերը նվազել են:

ԱԻՆ լրատվության պետ Գոհար Բաղդասարյանը խոսում է թվերով, համեմատություն անցկացնում՝ նախորդ տարվա նույն այս ժամանակահատվածի հետ պատկերն ավելի լավ ցույց տալու համար:

Մահվան ելքով օձի խայթոցի դեպք այս տարի չի գրանցվել:

2018 թվականի առաջին կիսամյակում ԱՆ ստացել է օձի խայթոցի մասին 38 հաղորդում, 2017 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 65 դեպք:

Այս տարի օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է մարտի 5-ին, 2017 թվականին՝ ապրիլի 18-ին:

ԱՆ դիմում-բողոքների բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Հախումյանը օձի խայթոցի դեպքում խորհուրդ է տալիս որևէ քայլ չձեռնարկել՝ միայն շատ արագ հասնել մոտակա հիվանդանոց:

Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է հետևել որոշ կանոնների.

  • – այնպիսի վայրերում, որտեղ օձերի առկայության հավանակությունը մեծ է, պետք է հագնել երկարաճիտ կոշիկներ
  • – անհրաժեշտ է ձեռքին ունենալ երկար փայտ` քայլելիս տեսադաշտը թփերից ազատելու և բացելու համար
  • – հարձակման դիրք ընդունած օձ տեսնելու դեպքում պետք է կանգ առնել և դանդաղ, աննկատ ետ քաշվել:

Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով, «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում և տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար:

Back to top button