Մշակույթ

Պերճ Զեյթունցյանի 80-րդ հոբելյանը՝ առանց սիրված գրողի

Այսօր  ականավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանի ծննդյան օրն է: Ծննդյան 80-ամյա հոբելյանը, ցավոք, նշում ենք առանց Զեյթունցյանի: Նա կյանքից հեռացավ շուրջ մեկ տարի առաջ, 79 տարեկանում: Պերճ Զեյթունցյանը ծնվել էր  Եգիպտոսում 1938 թվականին։ 1948 թվականին ընտանիքով հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։

Սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ»կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարն էր։ 1991-1992 թվականներին՝ ՀՀ մշակույթի առաջին նախարարը:

«60-ականներին նրան կոչում էին՝ բուժուական գրականության դեսանտը Հայաստանում». Զեյթունցյանը 20-րդ  դարի 60-ական թվականներին հայ արձակի դաշտ մտած այն  երիտասարդ  ու տաղանդավոր գրողներից էր, որոնց ստեղծագործությունները թարմ ու գայթակղիչ շունչ բերեցին՝ զերծ ժամանակի  կեղծ կաղապարներից, գաղափարական ուղղորդված գծից:

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ծնված Զեյթունցյանը ընտանիքով հայրենիք էր տեղափոխվել  1948 թվականին, երբ ընդամենը  տասը տարեկան էր:

«Գրականության դռներն իմ  առջև բացվեցին, երբ «բարի ու խելոք» մարդիկ մատնացույց արեցին ճիշտ հասցեներ», — իր մուտքը գրականություն այսպես էր ներկայացնում Զեյթունցյանը:

Ստեղծագործական շուրջ 60 տարիների ընթացքում նա  թողեց ահռելի ժառանգություն: ԵԿԹՊԻ ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանը Զեյթունցյանին անգերազանցելի է համարում: «Ժամանակին մարտահրավեր նետող հեղինակ էր»,-ասում է

Մտավորականը կարծում էր, որ իր բախտն այդպես էլ կինոյում չբերեց: Բայց շուրջ տասը տարի Զեյթունցյանը «Հայֆիլմ»-ի գլխավոր խմբագիրն էր: Նա մեծություն էր նաև կինոյում, Դավիթ Մուրադյանի կարծիքն է:

Զեյթունցյանը սիրվեց, կայացավ նաև որպես դրամատուրգ: Դրամատիկական թատրոնն անդավաճան սիրով տարիներ շարունակ Զեյթունցյան էր բեմադրում:

Մեծ դրամատուրգի գործերը դեռ երկար են ապրելու  ազգային թատրոնի բեմում, դերասան Արթուր Ութմազյանն իրեն բախտավոր է համարում՝ Զեյթունցյանի հինգ պիեսում է խաղացել:

«Ամեն նոր գրքի հետ Պերճ Զեյթունցյանի խոսքն ավելի ընդարձակում էր  ժանրային սահմանները, նրա դրամատուրգիան թատրոնների բեմերից խոսում էր պատմության ու ներկայի հետ, ապագայի խորքերից քննում անցյալն ու ներկան: Իսկ իբրև մարդ` ազնվական հայի ձիգ տեսակ էր, որի հետ շփվելիս երկնքի մոտիկությունն էիր  զգում: Պատահական չէ, որ նա իր աչքերում միշտ անհունի կապույտն էր պահում»,-Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիոտոնյանի խոսքերն են: Նա փոխանցում է բոլորիս ուղղված Զեյթունցյանի կարևորագույն պատգամներից մեկը.

«Մենք վրեժ ունենք լուծելու: Վրեժի լավագույն ճանապարհը բարեկեցիկ երկիր կառուցելն է թուրքի քթի տակ` բարոյապես ուժեղ, կեղտից ու աղբից մաքրված, որպեսզի հայը ոչ թե արտագաղթի, այլ ուզենա հայրենիք վերադառնալ»։

«Ռադիոլուր»-ն այսօր զրուցեց նաև Պերճ Զեյթունցյանի դստեր՝ Զառա Զեյթունցյանի հետ, ով տեղեկացրեց, որ թվայնացման փուլում է գրողի ամբողջ գրական ժառանգությունը:  Առաջիկայում կգործարկվի մտավորականի կայքէջը: Գրողի դուստրը փոխանցեց նաև իր ցավը, որն ապրել է վերջերս սոցիալական ցանցում տեղ գտած մի հրապարակման առիթով։

«Ֆեյսբուքյան էջում ազգի դավաճանների շարքում էր նաեւ Պերճ Զեյթունցյանը, որովհետեւ նա մրցանակ էր ստացել նախորդ նախագահից։ Բայց Պերճ Զեյթունցյանը երբեւէ չի եղել որեւէ իշխանության կամակատարը։ Նա պետականամետ էր»։

Անկախ Հայաստանի առաջին մշակույթի նախարարն էր Պերճ Զեյթունցյանը: Պաշտոնավարման այդ շրջանի վերաբերյալ նա գրում է. «Նախարար լինելը չէր խանգարում քննադատել ինձ պաշտոն տված իշխանություններին, նրանց դեմ հոդվածներ էի գրում: Գրողի մասնագիտությունն ինձնից  առաջ էր ընկնում: Ես չէի կարող ճշմարտությունն իմ մեջ խեղդել: Եվ ուրախ եմ, որ գիտակցությունս չհաղթեց գրողի մասնագիտությանը»:

Back to top button