Քաղաքական

Կոնսենսուսի ձգտում ենք բոլորս. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում այսօր հերթական նիստն է հրավիրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը: Քննարկմանն այս անգամ մասնակցել  է  առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:  

Նա  Ընտրական բարեփոխումներով զբաղվող կառավարական հանձնաժողովի նախագահն է:  

Միրզոյանը ցանկալի  է համարել, որ աշխատանքային երկու խմբերը  կարողանան կոնսենսուսի գալ  ու միասնական  նախագիծ  ներկայացնել:

 

«Այնպիսի  Ընտրական օրենսգիրք պետք է ստեղծել, որը կասկածներ չառաջացնի, որ  մեր երկրում կայացել են ազատ, արդար ընտրություններ: Ընտրական oրենսգրքի այս տեսլականը ԱԺ-ում լրագրողներին  է ներկայացնում  առաջին փոխվարչապետ, վարչապետին կից Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հանձնաժողովի նախագահ  Արարատ Միրզոյանը:

Մինչ այս պահը ընտրական բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խումբը արդեն 4 նիստ է անցկացրել: Խմբի անդամների ներկայացմամբ՝ քննարկվող առաջարկների նպատակը ընտրակեղծիքների բացառումը և Ընտրական օրենսգրքի բարելավումն է:

Հիմնական փոփոխությունն էլ  վերաբերում է ռեյտինգային ընտրակարգի վերացմանն ու ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելուն:

ՀՀԿ-ն պնդում է՝ ռեյտինգային ընտրակարգը շատ կարևոր է:  Փոխվարչապետ Արարատ Միրզոյան էլ նշում է, որ թեև ինքը ընտրվել է ռեյտինգային ընտրակարգով, բայց շատ լավ գիտի այդ համակարգի բացերը:

Վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխման աշխատանքայինն հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը  նախկին քննարկումների ժամանակ ասում էր, որ որոշ հարցերի շուրջ դեռևս չկան հստակեցված դիրքորոշումներ, այսօր նշում է, որ հիմնական մոտեցումներն արդեն հստակ են:

Կառավարությունն  առաջարկում է հանել կոոլիցիոն ուժերի քանակական սահմանափակումը: Գործող օրենսգրքով սահմանվում է, որ խորհրդարանական  կոոլիցիաներ  կարող են ձևավորվել առավելագույնը 3 ուժերի միավորմամբ, հիմա  առաջարկում են հանել այդ սահմանափակումը:

Քննարկմանը ներկա փոխվարչապետ Արարատ Զուրաբյանը, ով այսօր ստանձնել էր ավելի շատ լսողի դերը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռևս չի պատկերացնում, որ պառլամենտում ներկայացված 4 քաղաքական ուժերը, որոնք տարբեր հայացքներ ունեն,  միավորվեն մեկ նախագծի շուրջ: Բայց լավատեսությունը չի կորցնում:

Մինչ այս պահը ՀՀԿ-ն ներկայացրել է 6, «Ելք»-ը 10, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը մոտ քսան առաջարկություն:  ԱԺ  3 խմբակցությունները՝ ԵԼՔ-ը, Ծառուկյանը  ու ՀՅԴ  ցանկանում են  իջեցնել կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը, իսկ ընդդիմադիր ՀՀԿ-ն դեմ է, ասում է, որ իջեցնելով շեմը՝  կվնասեն կուսակցությունների կայացմանը:

ՀՅԴ  էլ ավելի քան վստահ է, որ շեմի իջեցումը  թույլ չի տա  փոշիացնել ընտրողների ձայները:  Թե երբ  է հնարավոր արտահերթ ընտրությունների անցկացումը , փոխվարաչապետը չի մանրամասնում:

Կառավարությունը նախատեսում է հուլիսին ավարտել ԸՕ հայեցակարգի մշակումը, օգոստոսին այն նախագիծ  դարձնել  և ուղարկել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը:

Back to top button