Վերլուծական

Ինչպես է Բաքուն ձեռք բերել ուղղաթիռները

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական բանակի տրամադրության տակ են հայտնվել ամերիկյան «Բել-412» երկու ուղղաթիռներ: Առայժմ չի պարզվել, թե ո՞ր երկրից է Բաքուն ձեռք բերել ուղղաթիռները:

Հայ փորձագետների կարծիքով՝ այս մասով Հայաստանն ունի անելիք: Խնդրի հետ կապված՝ կա մտահոգություն, քանի որ որոշ փորձագետներ կարծում են, որ այստեղ վտանգավորը նախադեպն է, որ ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով կարող է սպառազինություն հայտնվել Ադրբեջանում եւ չկա երաշխիք, որ դա չի կարող դառնալ սովորություն:

Փորձագետների մի մասն էլ նկատում է, որ նախադեպեր արդեն առկա են եւ պետք է ավելի ակտիվ աշխատանք՝ դրանք կանխելու համար:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ արտադրող երկրից երրորդ երկրի միջոցով Ադրբեջանին զենքի մատակարարման նախադեպեր մենք արդեն ունենք: Ամենաթարմ օրինակներից մեկն էլ, հիշեցրեց նա, ՆԱՏՕ-ի անդամ երկրներ Չեխիայի եւ Սլովակիայի կողմից արտադրված հրետանային համակարգերի՝ Իսրայելի միջոցով մատակարարումն է Ադրբեջանին: Թեպետ՝ այդ երկրները բարձր մակարդակով վստահեցրել են, որ տեղյակ չեն, թե ինչպե՞ս են դրանք հայտնվել Ադրբեջանում: Ինչ վերաբերում է ամերիկյան «Բել-412» ուղղաթիռների մատակարարմանը: 

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը նույնպես նկատեց, որ նախադեպերը շատ են եւ զարմանք հայտնեց, որ ամերիկյան ուղղաթիռների մասին են միայն լրատվամիջոցները բարձրաձայնում:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ  դեռեւս հստակ չէ, թե արդյո՞ք  ԱՄՆ-ից է եղել մատակարարումը, սակայն, դա չի նշանակում, որ Միացյալ Նահանգների հետ հարցեր չկան: Նրա տեղեկացմամբ՝ միջազգային զենքի վաճառքի շուկայում յուրաքանչյուր առաջնային մատակարարող երկիր սովորաբար պատասխանատվություն է ստանձնում՝ հետեւելու նաեւ այդ զենքի հետագա վերամատակարարումներին:

Ադրբեջանին ամերիկյան ուղղաթիռների վաճառքի մասին հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահին եւ անդամին իր մտահոգություններն է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս մասին նա գրել է իր ՖԲ էջում: Գործարքի դեմ  ԱՄՆ Կոնգրեսին, Պետդեպին եւ  Պենտագոնին հասցեգրված բողոք է  ներկայացրել նաեւ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակը` միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում փոխանցեց, որ առաջիկա օրերին ինչ-որ դիրքորոշում ակնկալում են:

Մինչ այդ, հայտնի է, որ վաղը Բաքվում սպասվող զորահանդեսին մասնակցելու են նաեւ ամերիկյան կործանիչներ, որոնք բերվել են Թուրքիայից: Անդրադառնալով այս իրողությանը՝ միջազգայնագետն ասաց.

«Դրանք բերվել են միայն ռազմահանդեսին մասնակցելու նպատակով, բայց՝ ո՞վ գիտի, թե ինչ կարող է լինել եւ ո՞վ կարող է բացառել, որ դրանք կարող են մնալ Ադրբեջանում:  Չենք կարող բացառել»:

Սակայն, ըստ միջազգայնագետի, մինչեւ չլինի փաստ, որ այդ կործանիչները այս կամ այն ձեւով մնացել են Ադրբեջանում՝ որեւէ բան ասել չենք կարող:

Back to top button