Հասարակություն

Հրապարակվել են հեռախոսային գաղտնալսումները

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին այսօր շարունակեցին ուսումնասիրվել գործում առկա ապացույցները: Դատարանն այսօր լսում էր  հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։ Օրինակ՝ Աշոտ Պետրոսյանը խոսում է ոմն Գնելի հետ։

«Լավ ա լինելու, ցավդ տանեմ, նոր Վիտալի Բալասանյանը եկավ, սկզբից շատ հպարտ էր եկել, կզզցրել ենք։ Հիմա եկել էր ռազվետկի Սերժի կողմից էլի։ Ես պինդ եմ, ցավդ տանեմ, մինչեւ ատամներս զինված եմ։ Մենք հսկայական զենք պիտի հանենք ստեղից։ Չես պատկերացնի՝ ինչ օրեր ենք ունեցել, ինչ վայրկյաններ ենք ունեցել։ Ընդամենը կնոջդ, երեխեքիդ հետ պետք ա լինեք ժողովրդի հետ, գործողություններ պետք չի անեք։ Մենք կարանք դուրս գանք, բայց դեռ ժամանակը չկա։ Հիմա ներում-բեկում չկա, ծեծել, ջարդել դավաճաններին՝ էդ Նիկոլից սկսած»։

Աշոտ Պետրոսյանը իր խոսքում նշում է, որ ծեծի է ենթարկել  այժմյան ոստիկանապետ Վալերի  Օսիպյանին, որն այդ օրերին պատանդ էր ՊՊԾ գնդում։

Նշենք, որ  դատական նիստի ժամանակ խմբավորման  անդամներից  Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը պաշտպանյալի խափանման միջոցը` կալանքը, փոփոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն եւ Սերգեյ Բագրատյանը։

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստին մասնակցելու էին եկել օրեր առաջ ազատ արձակված «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ու ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Սամվել Բաբայանից  հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պետք է փոխվեն «Սասնա ծռերի» այն անդամների խափանման միջոցները ևս,  ովքեր մեղավոր են ոստիկանների սպանության մեջ:

Հիշեցրեցինք նաեւ սպանված ոստիկանների հարազատների վրդովմունքը`«Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու հետ կապված:

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը անդրադարձավ նաև ԱԱԾ-ի   մեծ աղմուկ հանած տեսանյութին՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված: Ասաց, որ իր համար ոչինչ զարմանալի չէր:

2016 մայիսին, որ ասում էի կոլխոզի նախագահները գեներալների հագուստներով, ա՛յ, ձեզ այն ժամանակ չէր հետաքրքրում, հիմա հանկարծ զարմացել եք, թե էս ի՞նչ կատարվեց: Ոչ մի բան չի կատարվել, միշտ էլ տենց ա եղել 25 տարի, տենց էլ գնում է:

Իսկ հնարավո՞ր է, որ Սամվել Բաբայանը վերադառնա քաղաքականություն՝ վերջինս բազմանշանակ ժպտաց և ասաց՝ «կտեսնենք», իսկ Արցախ վերադառնալու առումով կրկնեց նախորդ օրվա ասածը՝ եթե  Հայաստանի իշխանությունները ցանկանան, որ ինքը լինի Արցախում, ապա  ինքը կլինի։

Back to top button