Մշակույթ

Ի՞նչ է անհրաժեշտ հայկական կինոն զարգացնելու համար. քննարկումները շարունակվում են

Կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխումների՝ կանոնակարգի, կինոարտադրության, կինոյի մասին օրենքի վերաբերյալ առաջարկությունների շուրջ  քննարկումները շարունակվում են: Հիշյալ թեմաներով հերթական հանդիպումն այսօր  LOFT կենտրոնում էր: Ալիսա Գևորգյանն առանձնացրել ու հայ կինոգործիչների հետ զրուցել է մասնավորապես շրջանառության մեջ գտնվող կինոյի մասին օրենքի նախագծի շուրջ:

 

Հայ կինոյի զարգացման համար ժամանակի հրամայական պահանջը հարկային արտոնությունն է։ «Կինոյի մասին» շրջանառության մեջ դրված օրինագծում սա է կարեւորում Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար, ֆիլմ-հանձնակատար  Արսեն Բաղդասարյանը. «Ամենակարևորը հարկային արտոնությունն է և՛ դրսի, և՛ ներսի արտադրողների համար»:

Հայ կինոյի ապագան կանխորոշող օրենքի նախագիծն արդեն տևական ժամանակ քննարկումների փուլում է: Մասնագիտական և շահագրգիռ խմբերի հետ  բազմաթիվ քննարկումներից հետո էլ կինոգործիչների տեսակետները բախվում են, հնչում նորանոր առաջարկություններ:

«Կինոյի մասին» օրենքն անհրաժեշտություն է, եթե ուզում ենք ունենալ զարգացած կինոարտադրություն»,- ասում է անկախ կինոգործիչների համայնքի ներկայացուցիչ, կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:

Օրենքից նրա առանցքային ակնկալիքը հետևյալն է. «Նախ և առաջ դա պետք է հստակեցնի պետական մարմնի գործառույթները և պաշտպանի անկախ կինոգործչի շահերը»:

Կինոարտադրության ոլորտում առկա խնդիրները կարգավորելու համար «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը առաջնահերթ է համարում Հայաստանի կինեմատոգրաֆիայի նոր համակարգի և կանոնակարգի ընդունումը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասում է, որ շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագիծն ունի բազմաթիվ թերություններ, որոնք շտկման կարիք ունեն: Օրենքից նրա առանցքային ակնկալիքը. «Ներքին արտադրողին այդ օրենքը պետք է ավելի մեծ հնարավորություններ տա»:

«Կինոյի մասին» օրենքի շուրջ քննարկումները շարունակվելու են։ Սա այն դեպքն է, որի մասին կարելի է ասել՝ այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:

Back to top button