ԿարևորՔաղաքական

Կառավարության ծրագրի հիմքում արտահերթ ընտրություններն են

Երկու օրից կառավարության ծրագիրը քննարկման է դրվում խորհրդարանում։ Ինչպես  նախորդ կառավարությունների ներկայացրած, այնպես էլ այս ծրագրի շուրջ կարծիքները տարբեր են:

«Ռադիոլուրը» լսել է ծրագրի տնտեսական եւ անվտանգության ոլորտների մասին փորձագետների կարծիքները։

Սա անցումային ժամանակավոր կառավարության ծրագիր է և ըստ էության դա է պատճառը, որ ներքին և արտաքին անվտանգության վերաբերող դրույթը  ավելի շուտ շարադրված է հրապարակախոսական, քան գիտական լեզվով: Մինչդեռ՝ այն ը պետք է լինի գիտահեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը: Թեև, ըստ փորձագետի, նման ծրագիրն էլ իր օբյեկտիվ պատճառներն ունի:

« Խնդիրն այն է, որ Հայաստանը չունի ազգային անվտանգության հայեցակարգ: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը մշակվել է 11 տարի առաջ և դրանից հետո չի փոխվել: Իսկ նմանատիպ փաստաթղթերը պետք է հենվեն հայեցակարգերի և ռազմավարությունների վրա»:

Մի կողմից ծրագիրը շատ հասանելի է շարադրված յուրաքանչյուր քաղաքացու համար, մյուս կողմից էլ՝ կառավարության ծրագիրը միշտ չէ, որ պետք է մատչելի լինի ցանկացած քաղաքացու՝ ասում է:

«Անվտանգության թեմայով աշխատանքն ունի մի քանի թերություններ: Առաջին հերթին այն գիտահեն չի, 2-րդ՝ բաժանումը ներքինի և արտաքինի արհեստական է, որովհետև պետության անվտանգությունը չի բաժանվում արտաքինի և ներքինի:  Եվ հատկապես զարմանալի է, որ նրանք արտաքին քաղաքականությունը ներառել են անվտանգության մեջ, ինչը նույնպես արհեստական է: Արտաքին քաղաքականությունն իհարկե կապ ունի անվտանգության հետ, բայց նաև ուղղակիորեն այն անվտանգության հայեցակարգի մեջ դիտարկելը իմ կարծիքով ճիշտ չէ»:

Ծրագրում չկան թվային տվյալներ։ Արմեն Մանվելյանը սա նորմալ է գնահատում: Ի վերջո, այն մի կառավարություն է գրել, որը ծրագրի առաջին իսկ գլխում խոսում է արտահերթ ընտրությունների մասին:

«Հավանաբար խուսափել են թվեր ներկայացնելուց, քանի որ մյուս տարի արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան: Այսինքն սա ժամանակավոր կառավարության ծրագիր է, որը աչքի է ընկնում իր հրապարակախոսական ոճով և դիլետանտ լեզվով»:

Կառավարության ծրագրում բացի ներքին եւ արտաքին անվտանգությունից հիմնական ուղենիշերի մեջ նշված է պայքարը կոռուպցիայի դեմ, ազատ, արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալը, տնտեսության շարունակական զարգացումը, Հայաստան Սփյուռք կապերը։  Նոր կառավարության գործունեության հիմնական ուղղություններն ամփոփված են 33 էջում:

Տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ կառավարությունն ազնիվ մոտեցում է ցուցաբերել, հեքիաթներ չի շարադրել, խոստումներ չի տվել: Ստվերի դեմ պայքար, գործարար միջավայրի բարելավում, ու ոչ միայն

«Շատ կարևոր է ուշադրություն սևեռել բոլոր այն  բարեփոխումների վրա, որոնք պետք է ուղղված լինեն մարդու բարեկեցությանը: Սոցիալական էֆեկետը այսպես պետք է ընկալել՝ զբաղվածության աճ, աղքատության հաղթահարում»:

Տնտեսագետը կարծում է, որ այս փուլում աղքատությունը պետք է կրճատվի, հիշեցնում է աղքատության հաղթահարման ռազմավարության մասին.«Ամեն ինչ պետք է արվի զբաղվածության աճի համար»:

Ծրագիրը կարճ ժամանակահատվածի համար է, ավելի ծավալուն փաստաթուղթ ներկայացնելը իրատեսական չէ՝ ասում է Մանասերյանը։

Սննդագետ Դավիթ Պիպոյանը գյուղատնտեսության գլուխն է  առանձնացնում,  ուսումնասիրել ու եզրակացնում է՝   ծրագիր ներկայացնողները ավելի շատ ոչ թե ոլորտի խնդիրների վրա  են կենտրոնացել, այլ՝ գեղեցիկ բառեր ներկայացրել.

«Մասնավորապես  «հեղափոխական տեմպերով զարգացում»,«դրամատիկ ջանք»: Գյուղատնտեսությունը Հայաստանում տեղից դրամա է,  իսկ գյուղատնտեսության մեջ թափվող ջանքը, եթե մի օր մոտենան ու այս պայմաններում տեսնեն գյուղացու աշխատանքը, ծրագիր գրողները ձեռնպահ կմնան նմանատիպ բառեր գրելուց, առավել ևս՝ գյուղատնտեսության մեջ հեղափոխական արդյունքներ ակնկալելուց: Հեղափոխությունը մեզ մոտ մեկ ամսում տեղի ունեցավ, իսկ 2800 լ կաթնատվությամբ կովերը ոչ թե մեկ, այլ մեկ տարում 5600 լ կաթնատվություն չեն ունենա : Մեր հողերի բերրիության խնդիրները մեկ-երկու ամսում չի լուծվի»:

Ընդհանուր առմամբ՝ զրուցակիցս առանձնացնում է կառավարության ծրագրի նախաբանը՝ հեղափոխությունից հետո հիմնական նպատակը արտահերթ ընտրություններ անցկացնելն է։

Back to top button