ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը շարունակել է Թումանյանի տան թեյախմության ավանդույթը

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, դիտել Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթի տիկնիկային ներկայացումը։

«Միշտ արթուն պահեք ձեր ներսի հեքիաթը: Դուք էլ հեքիաթային կարևոր հեղափոխություն արեցիք»,-ներկայացումից հետո Նիկոլ Փաշինյանին ասացին Թումանյանի տան տիկնիկային թատրոնի դերասանները։

Թումանյանի տանը բոլորովին վերջերս բացված տիկնիկային թատրոնը փորձում է տուն վերադարձնել այստեղ ստեղծված բազմաթիվ հեքիաթներ «տունը ապրում է հեքիաթով, այն հեքիաթով, որը ժամանակին գրել է մեծ բանաստեղծը»,-«Ռադիոլուր»-ին ասել է թատրոնի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը։

 

Այնպես, ինչպես հարյուր տարի առաջ Հովհաննես Թումանյանի թբիլսյան տանը բացված «Թումանյանի տուն» գիտական-մշակութային կենտրոնը փորձում է վերականգնել թումանյանական ավանդույթները՝ կազմակերպվելով գրական երեկոներ, քննարկումներ, շնորհանդեսներ։

Թումանյանի տան պատշգամբները այսօր էլ շարունակում են թեյի բաժակների շուրջ գրական քննարկումների ու բանավեճերի առիթ դառնալ։ Պատմական այս պատշգամբներից մեկը՝ հյուսիսային պատշգամբը, նայում է կենտրոնական փողոցին, որտեղից հյուրերը մինչ բարձրանալը ձայն էին տալիս Թումանյանին՝ ստուգելու նա տանն է, թե՝ ոչ։ Ամեն անգամ երբ զորավար Անդրանիկը Թբիլիսի էր գալիս, բազմություն էր հավաքվում Թումանյանի տան բակում․ բոլորը գիտեին, որ զորավարը պատշգամբից կդիմի այն օրերի համար վճռական իր խոսքին սպասող հայությանը։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը նկատեց, որ մյուս՝ հյուսիսային պատշգամբը, որտեղ արված են Թումանյանի բազմաթիվ լուսանկարները, գրողի ստեղծագործելու սիրելի անկյունն էր, որտեղից բացվող պատկերը նրան հիշեցնում էր ծննդավայր Լոռին։

«Մահից առաջ՝ 1923թվակաին Թումանյանն իր վերջին նամակներից մեկում սրտի կսկիծով է գրում այս պատշգամբի մասին․ «երանի մի անգամ էլ ես տեսնեի արևոտ պատշգամբում խաղացող իմ երեխաներին»,-ասում է կենտրոնի ղեկավարը։

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Հայաստանի առաջին հանրապետության հռչակման տարեդարձին նվիրված ընդունելությանը անդրադառնալով Փաշինյանի Թումանյանի տուն այցելությանը, ասել է․

«Անգնահատելի է Հովհաննես Թումանյանի վաստակը հայ-վրացական բարեկամության հարցում: Ինչպես նշում էր Թումանյանը՝ հայ և վրաց ժողովուրդները պատմականորեն կապված են միմյանց հետ: Համարձակ կարելի է ասել, որ Թումանյանի անցած կյանքի ուղին հայ-վրացական բարեկամության խորհրդանիշն է»:

Back to top button