Քաղաքական

Արա Բաբլոյանը հրավիրված եղել է․ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցիչ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Տասնյակ լրատվամիջոցներ մինչ այս պահը զանգում են մեզ՝ փորձելով հասկանալ «ՀՀԿ» խմբակցության անդամ, ԱԺ Նախագահ Արա Բաբլոյանի այսօրվա միջոցառումներին չներկայանալու պատճառը: Եվ արդյոք նա առհասարակ եղել է հրավիրված անձանց ցուցակում թե ոչ:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես «ՀՀԿ» խմբակցության ներկայացուցիչ: Եվ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»,- գրել է Աղաջանյանը:

Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը չհրավիրելու մասին «Ֆեյսբուքի» իր էջում ավելի վաղ մտահոգություն էր հայտնել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Առաջին Հանրապետության ծննդյան և Սարդարապատի ճակատամարտի գլխավոր խորհրդանիշներից մեկը ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է եղել։ Այսօրվա տոնը որևէ մեկի սեփականությունը չէ, որևէ մեկի «դասարանի քեֆը» չէ, որևէ մեկի ընտանեկան ու անձնական միջոցառումը չէ։ Պետության վերականգնումը խորհրդանշող օրը նաև պետական ինստիտուտների վերարժևորման և գնահատման օր է՝ անկախ օրվա հերոսներից, գործող անձերից և «նոր իրողությունններից»։

Զարմանալի է, երբ իրենց ադեկվատ համարող մարդիկ փորձում են արդարացնել այսօրվա տոնակատարություններին ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալումը»,- մասնավորապես, գրել է Աշոտյանը։

Back to top button