ԿարևորՔաղաքական

Իրավիճակի փոփոխությունը կազդի որոշ քրեական գործերի վրա. գլխավոր դատախազ


Ազգային ժողովում այսօր քննարկել են դատախազության հաղորդումը 2017 թվականի գործունեության մասին: Արթուր Դավթյանը հանցավորության դեմ պայքարի տվյալներ ու ցուցանիշեր  է ներկայացրել, քննարկումը, սակայն, ծավալվել է ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցերի  շուրջ:

Ինչպես է առողջանալու իրավական  համակարգը, ինչ լուծում է ստանալու քաղբանտարկյալների հարցը, ինչու կոռուպցիայի դեմ պայքարը տեսանելի արդյունքներ մինչ այժմ չի տվել: Գլխավոր դատախազին խորհրդարանում ուղղվել են այս հարցերը, իսկ որոշ պատասխաններ պատգամավորներին զարմացրել են:

Խորհրդարանի աշխատանքն այսօր սկսվեց  աշխատակարգային վեճով ու մի պահ թվաց, որ նոր իրավիճակում ԱԺ օրինաստեղծ գործունեությունն  արդեն չի ստացվում: Ամեն ինչ սկսվեց Վահրամ Բաղդասրայանից: ՀՀԿ խմբակցության ղեկավարն  առաջարկում էր  նախագծերից մեկի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կազմակերպել  նիստի ավարտին, որպեսզի վաղը միայն դրա համար նիստ չհրավիրվի:

Նաիրա Զոհրաբյան. «Ինձ համառորեն շարունակում է թվալ, որ մեր աշխատանքի վայրը ԱԺ-ն, և ինձ թվում է՝ ես չեմ սխալվում: Եթե վաղն աշխատանքի գալը ոմանց համար ծանր բեռ է, մեր կարծիքով՝ դա մեր պարտականությունն է»:

Հետո՝ պարտականություններից  անցում ընկալումներին:

«Ես խնդրում եմ՝ ով ուշ է ընկալում, ուշադիր եղեք, որ ընկալեք իմ ասածը, այսպես, թե այնպես մենք այդ օրենքը քննարկում և ավարտում ենք այսօր: Հիմա եթե ուզում եք վաղը քվեարկենք կամ երկուշաբթի, թող այդպես լինի»:

«Ո՞վ իրավունք ունի մեկին ասել՝ դու ընկալում ես, թե՞ չես ընկալում»:

Հետո բանավեճը շարունակեցին Գևորգ Կոստանյանն ու Սասուն Միքայելյանը:

Միջադեպը հարթվեց, հաղթեց փոքր հարցը մեծ խնդիր չդարձնելու մոտեցումն ու  պատգամավորներն անցան ավելի ծանրակշիռ  թեմայի՝ դատախազության հաղորդման քննարկմանը:

Արթուր Դավթյանը համարյա կես ժամ ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կառույցի գործունեությունն ամփոփող թվերն ու ցուցանիշերը:  Նրան ուղղված հարցերը, սակայն,  ընթացիկ իրավիճակի մասին էին: Ալեն Սիմոնյանի հարցը վերաբերում էր քաղբանտարկյալների խնդրին :

«Դուք ասում եք՝ քաղբանտարկյալներ չկան, վարչապետն ասում է  կան, այդ կարգախոսի ներքո ժողովրդի ճնշումը այնքան բարձր է լինում, որ քաղաքական մեծամասնությունը ստիպված է լինում զիջել իշխանություն: Չե՞ք մտածում, որ գլխավոր դատախազը պետք է ունենա բարձր վստահության տոկոս, որ շարունակի աշխատել»:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը նոր է համալրել «Ելք» խմբակցության շարքերը և արդեն հայտարարել է  մանդատը վայր դնելու մտադրության մասին: Նա այսօր նիստին մասնակցում էր, քանի որ օրենսդրությունը մի քանի օր մտածելու և մտադրությունը վերահաստատելու հնարավորություն է տալիս:  Նրա հարցին պատասխանելով ՝ գլխավոր դատախազը նախ առաջարկեց չշահարկել քաղբանտարկյալներ տերմինը, հետո բացատրեց.  այն գործերով, որոնք  քաղաքական են համարվում, դատական քննությունները շարունակվում են:   Դատախազությունը ինչպես երեկ, այսօր էլ համոզված է,  որ փաստական առումով առաջադրված  մեղադրանքները հիմնավոր են: Արթուր Դավթյանը, սակայն, խոսում է իրադրության փոփոխության և այդ գործերի վրա դրա հնարավոր ազդեցության մասին:

«Հնարավոր են իրավիճակներ,  որ իրադրության փոփոխության արդյունքում անձը կամ նրա կատարած արարքը դառնա  հանրության համար ոչ վտանգավոր կամ նվազ վտանգավոր»:

Թե ինչպես  կարող է իրադրության փոփոխությունը ոչ վտանգավոր կամ պակաս վտանգավոր դարձնել  արաքը,  Արթուր Դավթյանն այսպես է բացատրում:

«Օրինակ կան քրեական գործեր, որոնցով անցնող  մարդիկ նախապատրաստում էին զանգվածային անկարգություններ, պետությանը ներկայացնում էին պահանջներ, դատական նիստերի ընթացքում զինված գործողությունները շարունակելու կոչեր էին հնչեցնում՝ անձնավորելով կոնկրետ պաշտոնատար անձանց: Մենք այսօր չունենք այդ պաշտոնատար անձանց: Եվ սա չի՞ վկայում, արդյոք, որ այդ անձանց հետագա վարքագծի առումով մենք իրավիճակի փոփոխություն ունենք»:

Արթուր Դավթյանի պատասխանը զարմացրեց «Ելք»-ից  Էդմոն Մարուքյանին:

«Դուք ավելի եք բարդացնում ձեր՝ առանց այն էլ բարդ վիճակը: Հարցին ի պատասխան՝ ասում եք, փաստորեն, այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով անձինք քաղաքական հետապնդման են արժանացել ձեր կողմից: Այսինքն, ասում եք՝ այդ պաշտոնյաները չկան, իրավիճակ է փոխվել, այդ մարդկանց կարող ենք բաց թողնել: Պաշտոնյաներն էին մեղավոր էլի, որ այդ մարդկանց քրեական հետապնդման եք ենթարկել»:

Գլխավոր դատախազին նաև կոռուպցիային վերաբերող շատ հարցեր տրվեցին: Ընդհանուր առմամբ՝ կառույցի վիճակագրությամբ կոռուպցիոն հանցագործությունները 2017-ին  աճել են, բայց դա,  գլխավոր դատախազի կարծիքով,  վկայում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության խորացման մասին:

Back to top button