Մշակույթ

Ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային


Ինչու Հայաստանը ներկայացված չէր Կաննի կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկայում: Հարցը, կարծում ենք, տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ այդ իրադարձությանը Հայաստանի ազգային կինոկենտրոնը  պատրաստվում էր դեռ ամիսներ առաջ:

Մասնակցության մրցույթում հաղթած 3 հայ ռեժիսորները մեկնել են Կանն, բայց ոչ երկիրը ներկայացնող պաշտոնական պատվիրակության կազմում: Ինչով էր պայմանավորված  հայկական տաղավարի բացակայությունը Կաննի կինոշուկայում` փորձել է պարզաբանել «Ռադիոլուրը»:

 

2018 թվականի մայիսի 8-19-ը Կաննի 71-րդ կինոփառատոնի շրջանակում գործող կինոշուկային մասնակցելու համար ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով: Մասնակցության համար հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում էլ ներկայացված 6 կինոնախագծերից ժյուրիի որոշմամբ հաղթող էին ճանաչվել Արտյոմ Բաղդասարյանի «Իններորդ ալիք-Այվազովսկի», Ելենա Արշակյանի «Հարճը» և Մերի Աղախանյանի «Մոռացված բնակիչները» կինոնախագծերը։

Ասենք, որ վերջինները մեկնել են Կանն ու մասնակցել կինոշոկային, բայց ոչ Հայաստանը պաշտոնապես ներկայացնող պատվիրակության կազմում, այլ որպես անհատ ստեղծագործողներ:

Կաննի 71-րդ կինոշուկայում Հայաստանը ներկայացված չէր առանձին տաղավարով,  ինչը նշանակում է, որ, չնայած նախապատրաստական աշխատանքներին,  մեր երկիրը պարզապես չի մասնակցել Կաննի կինոշուկային:

Պատճառը նախ փորձեցինք պարզել Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ հեռախոսազրույցում:

«Ոչ թե չի մասնակցել, այլ տաղավար չենք ունեցել: Տաղավար ոչ ամեն տարի ենք ունեցել»:

Այլ մանրամասներ Ազգային կինոկենտրոնի տնօրենը հրաժարվեց ներկայացնել՝ պատճառաբանելով, որ առաջիկայում հանդես է գալու ասուլիսով:

Զրուցեցինք «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանի հետ, որը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս պետք է ղեկավարեր Կաննի կինոշուկային մասնակցող հայկական պատվիրակությունը:

Վերջինի փոխանցմամբ, Հայաստանի պաշտոնական մասնակցությունը մերժվել է Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի կողմից:

Ինչ կորցրեց Հայաստանը չմասնակցելով Կաննի կինոշուկային. «Հայկական կինոարտադրանքը պատշաճորեն ներկայացնելու, համագործակցության բազմաթիվ հնարավորություններ»,-հարցիս արձագանքում է Ազգային կինոկենտրոնի ֆիլմ հանձնակատարը:

Այսօր մենք փորձեցին զրուցել նաև այն երեք կինոգործիչների հետ, որոնք թեև ոչ պաշտոնական պատվիրակության  կազմում, այդուհանդերձ մեկնել են Կանն ու մասնակցել  կինոշուկային:

Նրանք խոստացան պարզաբանումները «Ռադիոլուրի» եթերում ներկայացնել Երևան վերադառնալուց  հետո:

Back to top button