Հասարակություն

Շանթի դպրոցում ուսուցիչը մեղադրում է տնօրենին, տնօրենը՝ հերքում


Կրթօջախից ստացված  հերթական ահազանգի հետքերով է գնացել «Ռադիոլուր»-ը: Լևոն Շանթի անվան N4 դպրոցի ուսուցչուհի  Անահիտ Թելունցն իր ֆեյսբուքյան էջում տնօրենի,  իր ձևակերպմամբ, անօրինությունների դեմ բողոք- նամակ էր գրել:

Նա պնդում է, որ դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը բոլոր դասղեկներին հանձնել է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից դասղեկի աշխատանքի դիմաց հավելյավճար չտալու մասին ծանուցում։

Նամակում նշված է նաև, որ այս տարվա հունվարից արդեն  իսկ այդ աշխատանքի դիմաց տրվող գումարը կրճատել են 3000 դրամով: Դպրոցի պատճառաբանությունը մեկն է՝ բյուջեն ունի ճեղքվածք և պետք  են որոշ խնայողություններ:

Օրեր առաջ Շանթի անվան համար 4 դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը դասղեկներին տեղեկացրել է, որ աշխատանքային օրենսգրքի 113 և 115 հոդվածների համաձայն՝ կրճատվելու է դասղեկերի աշխատավարձը։ Ծանուցման մեջ նշված է, որ պայմաններին չհամաձայնելու դեպքում նրանք կարող են  ազատման դիմում գրալ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց փոփոխությունների դեմ դժգոհող ուսուցչուհի Անահիտ Թելունցը:

Նա նաև բարձրաձայնեց, որ  դասղեկի աշխատավարձի կրճատում արդեն մեկ անգամ տեղի ունեցել է հունվարին, որին ինքը մոտեցել է ըմբռնումով և ստորագրել պայմանագրի տակ: Հաջորդ փոփոխությունը նախատեսվում է 2018 թվականի սեպտեմբերին, որի վերաբերյալ  դասղեկներն ստացել են ծանուցագիր, որի մասին Անահիտ Թելունցը  գրել է իր ֆեյսբության էջում ու խնդիրը ստացել  հանրային հնչեղություն:

Բարձրացրած խնդրին տնօրենը պատասխանել է, որ  բյուջեով  տրամադրվող գումարներից  կրճատվել է 6 միլիոն դրամ և անհրաժեշտ է դասղեկի աշխատավարձերը նվազեցնել: Ուսուցիչուհու դժգոհությանը տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը պատասխանում է, որ կան դպրոցներ, որտեղ վաղուց դասղեկը հավելավճար չի ստանում:

Ուսուցչուհին հրաժարվել է ստորագրել տնօրենի ներկայացրած ծանուցագիրը, տնօրենն էլ այն  ուղարկել է բնակարան: Դրանից հետո  Անահիտ Թելունցը դժգոհել է, որ գնալու է խնդրի հետքերով և բողոքելու է ընդհուպ վարչապետին։ Ինչպես զրուցակիցս է փոխանցում, տնօրենն էլ հակադարձել է՝  ինչ ուզում ես արա:

Դպրոցի տնօրեն Արմենուհի Զուռնաչյանը մեկնաբանեց առաջիկայում նախատեսվող փոփոխությունները: Ըստ նրա՝ ներկայացված բյուջեն կրճատվել է 5 միլիոն դրամով, բայց 2017 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ունեցել են նաև խնայողություններ, սակայն այդ խնայողությունները, ըստ տնօրենի, չի թույլատրվում օգտագործել աշխատավարձերի համար: Եվ որպեսզի աշխատողները հնարավորություն ունենան ավարտել տարին, նաև չեն կարող խզել արդեն կնքված պայմանագրերը, որոշել է հավելյալ աշխատանքների համար վճարում կրճատումներ անել:

Փաստաթղթերը ցույց են տալիս, որ դպրոցի տնօրենի, գլխավոր հաշվապահի, գրադարանավարի ու գիշերային պահակի հավելավճարները չեն կրճատվել: Մեր հարցին տնօրեն Զուռնաչյանը պատասխանեց.

«Հանրապետության մասշտաբով բոլոր տնօրեններին է  տրվել  հավելավճար, բացատրությունը, որ եթե չտրվի հավելավճար, ապա տնօրենը կստանա ավելի քիչ, քան փոխտնօրենը:   Հավելավճարները տրվել են, որպեսզի պահպանվի այն ֆիքսված գումարը, որը եղել է 150 հազար դրամ, ասում է տնօրենը»:

Դժգոհող ուսոցչուհու շահերի պաշտպան Լիլիթ Սարգսյանն էլ նշում է, որ ծանուցման մեջ կան իրավաբանական խախտւմներ: Նշվել են հոդվածները, սակայն չեն նշվել փոփոխությունները:

«Կարող են լինել ժամկետների, աշխատավարձերի փոփոխություններ: Կա խորհրդի նիստով արձանագրված փոփոխությունների անցնելը»:  

Ուսուցչուհու հաջորդ դժգոհությունը դպրոցի հոսանքալարերի համար ծնողներից գումարներ հավաքելն էր, հակառակ նրան, որ դպրոցի ուսուցչական ողջ կազմը պնդում է՝ դա արվել է ծնողների նախաձեռնությամբ: Դպրոցի տնօրենը բացատրում է՝ հոսանքալարերի խնդրից տեղյակ էին քաղաքապետարանում, սակայն արձագանքն ուշացել է, եւ երեխաների անվտանգության համար մտահոգ ծնողներն իրենք են առաջարկել հավաքել գումարները: Դրանից հետո եղել է դրամահավաքի մասին ահազանգ: Ահազանգի հետքերով եկել են քաղաքապետարանից.  քաղաքապետարանն ու պահանջել բացատրագրեր: Տնօրենն էլ բացատրել է, որ ուշացել է քաղաքային իշխանության պատասախանը և հարցին լուծում են տվել ծնողները:

Ուսուցչուհի Թելունցի բողոքներին գումարվեց ևս մեկը: Վերջինս ուսուցչական ամբողջ կազմի մոտ հայտարարեց, որ դպրոցում ֆակուլտատիվ պարապունքների համար յուրաքանչյուր երեխայի համար տնօրենին վճարել է 3500 դրամ:  Տնօրենը ասածը որակեց զրպարտանք:

Բանավեճին ներկա մյուս ուսուցչուհիները վեճի ընթացքում պաշտպանում էին տնօրենին և նշում, որ հավատում են իրենց առաքինի տնօրենին ու  կասկածի տակ չեն դնում նրա քայլերը: «Ռադիոլուրը» հետևողական է լինելու գործընթացին և ակնկալում է նաեւ Երևանի քաղաքապետարանի պատասխանը:

Back to top button