Հասարակություն

Պատմաբանները կվերանայեն դասագրքերի բովանդակությունը


Վերջին շրջանի իրադարձությունները դարձան պատմական և բնականաբար իրենց տեղը կգտնեն նաև պատմության դասագրքրերում:

Ընդհանրապես վերջին 30 տարիների իրադարձությունները, որոնք արդեն իսկ ներկայացված են դասագրքերում բավականին հակասական վերաբերմունքի են արժանացել մասնագիտական շրջանակներում:

Արդյոք վերջին իրադարձություններից հետո պատմաբանները կվերանայեն դասագրքրերի բովանդակությունը և արդյոք կվերագրվեն վերջին 30 տարիների քաղաքական իրադարձությունները:

 

Հայաստանն այժմ մի փուլում է, երբ հասունացել է նաև դպրոցական և բուհական դասագրքերի արմատական վերանայումը: Անժխտելի փաստ է, որ հատկապես պատմության դասագրքերի վրա քաղաքական ժամանակակից իրադարձությունները որոշակի ազդեցություն են ունենում: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ հատկապես վերջին տարիների պատմությունը պետք է առավել զգուշությամբ գրել ու հաշվի առնել տարբեր կարծիքներ:

Դասագիրքը իր նպատակին կծառայի միայն այն ժամանակ, երբ  պահպանի օբյեկտիվությունը և իրադարձությունների հավասարակշռվածությունը: Ի վերջո՝ պատմության դասագիրքը երեխաների մոտ պետք է զարգացնի պատմական մտածողություն, իրադարձությունը սթափ ու օբյեկտիվ գնահատելու մոտեցում:

Այն, որ դասագրքերը պետք է վերագրվեն, համամիտ է նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան և դասագրքերի հեղինակ Էդիկ Մինասյանը: Միևնույն ժամանակ համաձայն չէ, որ դասագրքերում կարող են գնահատականներ կամ կողմնակալ վերաբերմունք լինել: Ամբողջը շարադրված է փաստերի հիման վրա, ասում է զրուցակիցս:

Մասնագիտական որոշ շրջանակներում կարծիք կա, թե պատմության դասագրքերում ակնհայտորեն աղավաղվում են 2008 թվականի մարտի 1-ի և դրան նախորդող փետրվարյան իրադարձությունները։ Այս տեսակետի հետ ևս Էդիկ Մինասյանը ոչ միայն համաձայն չէ, այլև մեջբերում է դասագրքում շարադրված այդ իրադարձություններին վերաբերող հատվածը:

Մինչ Էդիկ Մինասյանը բացառում է դասագրքերում կողմնակալ վերաբերմունքը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը ընդգծում է. այսօրվա կրթական համակարգը փորձում է դասագրքի հեղինակի մտածելակերպը պարտադրել բոլորին, ինչը սխալ է:

Սերոբ Խաչատրյանն իհարկե  չէր ասի, թե դասագրքերը գրվել են կոնկրետ պատվիրատուի կողմից, և դա է պատճառը, որ կողմնակալություն կա: Ավելի շուտ գործել է ներքին գրաքննությունը, ասում է:

Մինչ կրթության փորձագետը բացատրում է, թե ինչով է պայմանավորված հեղինակի կողմնակալ վերաբերմունքը, Էդիկ Մինասյանը հակադարձում է. դասագիրքը պարզապես չի գրվում ինչ որ մեկի կողմից: Հեղինակից բացի դասագրքի վրա աշխատում են նաև խմբագիրն ու սրբագրիչը: Դրանից հետո անցնում է գրախոսների ձեռքի տակով, ապա ուղարկվում գիտական հաստատություն: Դասագիրք կազմելը, հատկապես պատմության, շատ մեծ պատասխանատվություն է, ուստի պետք է առավելագույնս զերծ մնալ սուբյեկտիվ գնահատականներից, համաձայնում է պատմության ֆակուլտետի դեկանը։

Back to top button