ԿարևորՀասարակություն

Բողոքի ալիքը հասավ քաղաքապետարան

Հասարակության կողմից հրաժարականի պահանջը հասավ նաեւ Երեւանի քաղաքապետարան եւ ուղղվեց գործող քաղաքապետի դեմ: Տասնյակ քաղաքացիների այստեղ բերել են Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ կուտակված, տարիների ընթացքում չլուծված իրենց խնդիրները:

Ցույցն ինքնաբուխ է՝ հայտարարում են մասնակիցները, ելույթ ունեցողները, բայց միանում են նաեւ Երեւանի ավագանու «Ելք» եւ «Երկիր ծիրանիի» անդամները։

Քաղաքացիներն այսօր ազատ են մոտենալ խոսափողին, պատմել իրենց խնդիրների մասին, իրենց իրավունքների ոտնահարումների մասին: Հերթագրվում են, պատմում, հուզվում, բորբոքվում, երբեմն նույնիսկ հայհոյում: Նաեւ միմյանց ու ելույթ ունեցողներին սաստում ու հորդորում անպատիվ խոսքերից զերծ մնալ: «Երկիր ծիրանիից» Զարուհի Փոստանջյանը նկատում է.

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արձանագրում է՝ պետք է ջանքերը մեկտեղել նույն խնդիրների լուծման համար պայքարելու:

Ցույցի ընթացքում հանպատրաստից հացադուլ է հայտարարում Արայիկ ներկայացող քաղաքացին։ Նա վիրավորված է Տարոն Մարգարյանի հասցեին հնչող խոսքերից ու հրաժարականի պահանջից:

Ցույցն ավարտին մոտ է, քաղաքապետարանից պաշտոնապես այդպես էլ արձագանք չկա: Տարոն Մարգարյանը բազմաթիվ «դուրս արի»-ներին այդպես էլ չի պատասխանում: Քաղաքացիների արդեն փոքր մասին մոտենում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը: Հորդորում վիրավորական խոսքերից զերծ մնալ, որոնք, ի դեպ, քիչ չեն, կոչ է անում քաղաքապետի հետ հանդիպման համար օգտվել քաղաքացիների ընդունելության համապատասխան ընթացակարգից: Բայց սա քաղաքացիներին չի բավարարում: Ընդհատում են Գեւորգյանին, իրար:

Ցույցն ավարտվում է, 2-3 ժամ փակված Արգիշտիի փողոցը բացվում է, մարդիկ ցրվում են, պայմանավորվում՝ կհավաքվեն նորից, եթե հարցերը պատասխան չգտնեն: Իսկ սոցցանցերում ստորագրահավաք են կազմակերպել. կոչը՝ նույնն է: Հացադուլարվոր քաղաքացին հեռանում է ցուցարարների հետ միասին:

Back to top button