Քաղաքական

Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Ով է ընդդիմություն եւ ով է իշխանություն՝ Աժ-ում կատարյալ խառնաշփոթ է: Բոլորը պատրաստվում են վաղվանից սկսվող փոփոխությունների: Անգամ չգիտեն, ով կմնա խորհրդարանում, ով կգնա գործադիր՝ օդում կախված բազմաթիվ հարցեր կան՝ պատասխանները քիչ են:

Թերեւս այսօր խորհրդարանում հստակեցվել է մեկ հարց՝ գործարար Խաչատուր Սուքիասյանի հնարավոր նշանակումը առաջին փոխվարչապետի պաշտոնում: Վարչապետի պաշտոնում «ժողովրդի թեկնածուին» ընտրելուց առաջ այսօր խորհրդարանում տարատեսակ հանդիպումներ էին եւ լիագումար նիստից հետո ավանդական ճեպազրույցը:

Պատգամավորության թերեւս վերջին օրը Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին Աժ-ում էր եւ անգամ որոշ ժամանակ անցկացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում: «Աշխատանքային որոշ հարցեր էր քննարկվում»,- հետո պարզաբանեց լրագրողներին: Վաղը անակնկալներ խորհրդարանում չեն սպասվում:

Հանրապետականներն իրենց հերթին հավաստիացնում են՝ կօժանդակեն վարչապետի թեկնածուին բավարար ձայն հավաքելու համար: Սակայն դեռեւս չի որոշվել, թե ինչպիսի կեցվածք են որդեգրելու հանրապետական պատգամավորները քվեարկության ժամանակ: Կուսակցության Գործադիր մարմնի այսօրվա նիստում, որը վարել է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, վերջնական կորոշվեն, թե վաղը ովքեր պետք է կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանին:

Պայմանավորվածությունները կպահվեն՝ ասում է Վահրամ Բաղդասարյանը՝ հստակեցնելով՝ մտահոգությունները մնացել են, բայց ճգնաժամը պետք է լուծում ստանա:

Այսպիսով՝ թերեւս կարելի է լուծված համարել վարչապետի ընտրության հարցը: Երկրորդ փուլի առաջնային խնդիրն է, թե արդյո՞ք սահմանված ժամկետներում կներկայացվի նոր կառավարության ծրագիրը եւ արդյո՞ք այդ փաստաթղթի օգտին կքվեարկի արդեն ընդդիմության վերածված խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս հանրապետականի:

Այս պահին Նիկոլ Փաշինյանը դեռ չի աշխատում կառավարության ծրագրի վրա, դեռ պատրաստում է իր վաղվա ելույթը, բայց այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց՝ պատրաստվում է 20 օր հետո ներկայացնել կառավարության ծրագիրը: Հանրապետականներն ինչպես են վարվելու այդ ժամանակ. հարցի պատասխանը դեռ հստակ չէ Վահրամ Բաղդասարյանի համար:

Հաջորդ կարեւորագույն հարցերը կապված են կառավարության կառուցվածքի եւ պատասխանատվության հետ:  «Ծառուկյան» դաշինքի անդամները չեն շտապում նոր կառավարության մաս կազմել, հայտարարել էին, որ համաժողովրդական շարժմանը միանալու պատճառը պաշտոնները չեն: Իսկ ահա իշխող կոալիցիայից ժամանակին դուրս եկած դաշնակցությունը դեմ չէ նոր պատասխանատվություն ստանձնելուն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անձամբ իրեն գործադիրում չի պատկերացնում, բայց շահագրգռված է, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը չտապալվի:

«Ելք» խմբակցությունում դեռ չեն քննարկելի ապագա կառավարության ձեւավորման հարցը։  Պայքարի հենց սկզբից Նիկոլ Փաշինյանին չմիացած Էդմոն Մարուքյանն իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացնում, թեեւ ասում է՝ քննարկումներ դեռ կլինեն, հարաբերությունները Փաշինյանի հետ լավ են:

Ի դեպ, պաշտոնների առումով վերջին օրերին լայն տարածում ստացավ լուրը, թե չի բացառվում, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնի գործարար Խաչատուր Սուքիասյանը: Շատերի մոտ միանգամից հարց առաջացավ՝ եթե համակարգում մի բիզնեսմենը պետք է փոխարինվի մյուսով, ապա ո՞րն էր փոփոխության իմաստը: «Խաղի» նոր կանոնների մասին Նիկոլ Փաշինյանը կխոսի վաղը խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բայց լրագրողների հետ զրույցում հստակեցրեց Խաչատուր Սուքիասյանի հնարավոր նշանակման հարցը:

«Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»:

Խորհրդարանի ներսում բոլորն արդեն հոգեպես պատրաստվել են «դերերի» վերադասավորման: Հանրապետականները պատրաստ են վաղվանից դառնալ ընդդիմություն եւ տարբեր սցենարների համար ունեն պատրաստված ռազմավարություն՝ լինի դա խորհրդարանի լուծարումը կամ աշխատանքի շարունակությունը:

Դե իսկ «Ելք» խմբակցությունը փաստացի վաղը կդառնա իշխանական՝ կփոխվեն նաեւ այդ պատգամավորների աշխատանքների սկզբունքները, քանի որ փոքրաթիվ ուժերով պետք է պինդ պահեն նորընտիր վարչապետի թիկունքը խորհրդարանում:

Back to top button