Քաղաքական

Սոցիոլոգը ներկայացնում է հարցման արդյունքներ. Սերժ Սարգսյանն ունի 95% «հզորություն», իսկ Կարեն Կարապետյանը՝ 55%


Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ երկրի ներքին տնտեսական խնդիրներում հարցվածների 45%-ը հույսը կապում է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ, իսկ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ 35%-ը:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ այս տվյալները հրապարակել է «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա փոխանցմամբ՝ հարցումների արդյունքներով՝ երկրի արտաքին քաղաքականության հարցերում, սակայն, Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է 60%-ը, իսկ Կարեն Կարապետյանի հետ՝ միայն 10%-ը:

Սերժ Սարգսյանն այսպիսով ունենում է  95% «հզորություն», իսկ Կարեն Կարապետյանը՝ 55%՝ եզրահանգել է սոցիոլոգը:

 

Հարցումներն անցկացվել են փորձագետների, կուսակցապետերի, խորհրդարանականների, գործարարների, լրագրողների շրջանում՝ տեղեկացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հրապարակելով փորձագիտական հարցումների արդյունքները:

Սոցիոլոգը նկատեց, որ ձեւավորված 510 համայնքների 70 տոկոսում ղեկավարները հանրապետականներն են, 6500 ավագանու անդամների 25 տոկոսը: Մյուս կուսակցությունները 5 անգամ զիջում են: Մարզպետներից էլ, ընդամենը, մի քանիսն են, որ հանրապետական չեն:

«ՀՀԿ-ն ունի մեծ հենք և նրա ղեկավարը հզոր դեմք է, ուստի Կարեն Կարապետյանն անդամակցել է այդ կուսակցությանը, որ այդ հենքից օգտվի»:

Սակայն, ըստ սոցիոլոգի, վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումն արդարացված էր, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չկային եւ որեւէ մեկը չէր կանխատեսում այսօրվա զարգացումները: Այս առումով  մեզ պետք  է այնպիսի ղեկավար, ով կարող է ճկունություն, փորձառություն ունենալ, որ Հայաստանը քաղաքական օվկիանոսի մեջ չխորտակվի՝ նշեց նա:

«Կարծում եմ, որ այդ նկատառումով են փորձում պահպանել Սերժ Սարգսյանի քաղաքական ֆունկցիաները»:

Սոցիոլոգի դիտարկմամբ՝ Կարեն Կարապետյանը, լինելով փոխվարչապետ, կստանա փորձառություն նաև արտաքին քաղաքականությունում: Նրա ձեւակերպմամբ՝ եթե Կարեն Կարապետյանը և Սերժ Սարգսյանը մնացին գործադիրում, ՀՀԿ-ի հզորությունն ավելի է մեծանում, քանի որ մեկի հետ տնտեսական հույսեր են կապում, իսկ մյուսի հետ՝ արտաքին քաղաքականության:

«Այսպիսով՝ ՀՀԿ-ն հզոր ուժ կդառնա, և փողոցային անցուդարձը դժվար կարողանա նրա վարկանիշն իջեցնել: Սերժ Սարգսյանը՝ որպես արտաքին գործող դեմք, շատ պետք է, Կարեն Կարապետյանը՝ որպես տնտեսական հարցեր լուծող, ևս շատ պետք է, եթե նրանք ներդաշնակ կարողանան աշխատել՝ ամենալավ ընտրությունը կլինի»:

Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ընդդիմությանը հասարակությունը չի վստահում, քանի որ չունի նպատակային խնդիրներ:

Մինչդեռ, հանրապետական նախկին պատգամավորի խոսքով, ուժեղ ընդդիմություն առաջին հերթին պետք է հենց իշխանությանը, քանի որ դա կնպաստի առաջընթացին: Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ համակարգ է փոխվում եւ առավել մեծ պատասխանատվություն է կրում կուսակցությունը, հետեւաբար՝ ընդդիմությանը չպետք է մտահոգի հարցը, թե ՀՀԿ-ն ում կընտրի վարչապետ: Դա քաղաքականապես սխալ է: Լեռնիկ Ալեքսանյանը նաեւ դրական գնահատեց Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիները: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը նախագահ Սարգսյանի կառավարման 10 տարիները խիստ բացասական գնահատեց՝ կոշտ քննադատելով հատկապես ԵՏՄ-ին անդամակցությունը: Նա, սակայն, վարչապետության հարցով փողոցում ընդդիմության պայքարի վերաբերյալ համակարծիք էր գործընկերոջ հետ:

Ազատ Արշակյանի խոսքով՝ պայքարողներից շատերը ծանոթ չեն Սահմանադրությանը, անգամ, եթե մասնակցել են «Ոչ»-ի քարոզչությանը: Համոզմունք հայտնեց, որ նոր Սահմանադրությունը լուրջ հնարավորություններ տալիս է ազդելու իշխանության վրա, որից, սակայն, ներկայիս պաշտոնական ընդդիմությունը չի օգտվում:

Որպես միջոցառում՝ ընդդիմության պայքարը հաջողվել է, իսկ որպես գործ՝ ոչինչ չկա՝ եզրափակեց ԳԽ նախկին պատգամավորը:

Back to top button