ԿարևորՏնտեսական

Մենաշնորհի վտանգ անգամ վիրտուալ արժույթի ոլորտում. «Ելքը» փորձում է կանխել

ԱԺ «Ելք» խմբակցությունն առաջարկում է օրենքով կարգավորել Հայաստանում կրիպտոարժույթի մայնինգով զբաղվելը, քանի որ ոլորտի մոնոպոլիզացման ռիսկեր է տեսնում՝ «Ռադիոլուր»-ին ասել է «Ելք»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենսդրական նախաձեռնության հիմքում ոչ թե առհասարակ կրիպտոարժույթով գործարքների կարգավորումն է, այլ մեր երկրի ներսում դրանով զբաղվողների հանդեպ ավելորդ բյուրոկրատիայի բացառումը:

Իսկ Հայաստանի Կենտրոնական բանկում հարցն այլ կերպ են դիտարկում՝ դաշտն անորոշության աստիճանի ազատ է: Ազատ դաշտը ազատ էլ թողնե՞լ, թե՞ փորձել կանոնակարգել կանոնակարգման ոչ ենթակա ոլորտը:

ԱԺ «Ելք» խմբակցությունն օրենքի նոր նախագծով առաջարկում է կրիպտոարժույթի մայնինգի ներկայիս ազատ ոլորտը ազատ էլ թողնել՝ լիցենզավորման պարտադիր պահանջ չսահմանել, ինչպես նաև մինչեւ 2023 թվականը մայնինգի գործունեությունը չհարկել։ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը փորձում է «Ռադիոլուր»-ին պարզաբանել՝ ի՞նչ են իրենք առաջարկում, բայց նաեւ չի շտապում  բոլոր փակագծերը բացել: Ասում է՝  փորձում են կանխել իրենց հայտնի, սակայն դեռեւս ոչ տեսանելի ռիսկերը:

Ինչն է խնդիրը: Մենք ունենք տվյալ-տեղեկություններ, որ Հայաստանում այդ ոլորտը շատ արագ ուզում են մոնոպոլիզացնել: Դա նաեւ դառնում է ակնհայտ: Հավաքագրում են դրանով զբաղվող բոլոր անհատներին եւ կազմակերպություններին եւ փորձում են այստեղից որեւէ այլ տեղ մայնինգով զբաղվելու հնարավորությունները փակել: Նման մտադրություններ կան: Մենք նախագիծ ենք ներկայացրել, որը դա թույլ չի տա, քանի որ կարծում ենք, որ այս ոլորտը կարող է Հայաստանի համար լինել եկամտի աղբյուր:

Օրինագծի հեղինակները վստահեցնում են, որ ուսումնասիրել են Բելառուսի, Գերմանիայի, Իսրայելի, Միացյալ Նահանգների փորձը և եզրակացրել՝ պետք է թույլ տալ, որ նոր ոլորտը զարգանա, չշտապեն հարկել: Այլապես մայնինգի ֆերմաները կարող են տեղափոխվել երկրից: Հայաստանում կրիպտոարժույթի գործարքներով զբաղվողների թիվն ավելանում է: Նրանց ոչ թե պետք է գրանցել, այլ հաշվառել՝ առաջարկում են օրենքի նախագծի հեղինակները: Մանե Թանդիլյան:

«Օրենքի նախագիծը դրված է, մեխանիզմի խնդիր չկա, այն է, որ դրանով զբաղվող մայներները այս պահին պետք է կարողանան դա անել ազատ, առանց սահմանափակումների»:

Ծրագրավորող Գրիգոր Սահրադյանը մեկն է այն մարդկանցից, ովքեր ռիսկերն ու եկամուտները դրել են կշեռքի նժարներին ու որոշել զբաղվել վիրտուալ արժույթով գործարքներով: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը պատմում է՝ Հայաստանում իրենք ազատ են գործում, բայց այլ երկրներում պայմաններն ավելի բարենպաստ են:

«Հայաստանում բարդությունը հոսանքի գնի հետ է կապված: Համակարգիչն աշխատում է 24 ժամ շարունակ, բարդ հաշվարկ ու աշխատանք է անում, ինչը հոսանքի մեծ ծախս է նշանակում: Այսինքն՝ եթե բիզնեսի տեսանկյունից նայես, ավելի ձեռնտու է նույն գործողությունն այլ երկրում անես, որտեղ հոսանքն ավելի էժան է»:

Հայաստանի կենտրոնական բանկը հարցը բոլորովին այլ հարթության մեջ է դիտարկում: Կրիպտոարժույթով գործարքները չեն ճանաչում սահմաններ, չեն ենթարկվում բանկային վերահսկողության, չեն հարկվում: Դաշտն այնքան ազատ է ու անորոշ, որ անգամ զգուշավոր է պետք լինել: ԿԲ-ն ուշիուշով հետեւում է զարգացումներին, բայց համակարգն իրենց կարգավորման տիրույթում չէ՝ շեշտում է ԿԲ մամուլի խոսնակ Հարություն Կբեյանը:

«Կրիպտոարժույթների պարագայում բոլոր ռիսկերն այն քաղաքացունն են, ով մտել է նման հարաբերությունների մեջ»:

Իսկ այս ընթացքում բիթքոինի մասնագետները եկան մեր երկիր, տարբեր պաշտոնական ու բիզնես-հանդիպումներ ունեցան՝ պարզելու՝ որքանո՞վ է Հայաստանը վիրտուալ արժույթով գործարքների համար հարմար միջավայր: Բիթքոինի ամերիկացի մասնագետ Նիք Սփենոսն առանձնացրեց իրենց արդեն  հետաքրքրած ոլորտները՝ հանքարդյունաբերություն, ոսկու, ադամանդի արտադրություն, ապա արձագանքեց «Ռադիոլուր»-ի հարցին, թե ռիսկային չեն արդյոք բիթքոինով գործարքները: 19-4

« Բիթոքինը չի կարող մրցակցել կանխիկ դրամի հետ նույն տեռորիզմի ֆինանսավորման, փողերի լվացման եւ այլ հարցերում»:

Հայաստանում ազատ ոլորտն ազատ էլ կմնա, թե որոշակիորեն կկանոնակարգվի, ամեն դեպքում վիրտուալ արժույթի դաշտն ապրելու է իր կանոններով, որոնք  մեր երկիրը խմբագրել չի կարող:

Back to top button