Հասարակություն

Ինչպես են ծխելու դեմ պայքարում հետխորհրդային երկրները

Ծխելու դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները միայն հայկական երեւույթներ չեն։ Այդ ուղիով գնում են նաեւ հետխորհրդային այլ հանրապետություններ։

Նիկոտինի մի գրամը կարող է սպանել ձիուն, իսկ եթե մարդն իրար ետևից 25 գլանակ ծխի, թունավորումը կսկսվի 15 վարկյան հետո: Կար մի ժամանակ, երբ ծխելու դեմ պայքարում էին՝ մատնանշելով դրա վնասները: Իսկ դրանք բազմաթիվ են՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական:

Հաշվի առնելով այս բոլոր ռիսկերը՝ այսօր արդեն ծխելու դեմ որոշել են պայքարել օրենսդրորեն:  Ղրղզստանում, օրինակ, 2013 թվականին իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հասարակության մեկ քառորդը ծխում է, ներկայացնելով իրենց երկրի վիճակագրությունը, նշում է  բժիշկ-թոքաբան Ալինա Ալտիմիշևան:

«Ներկա պահին Ղրղզստանում մշակվում է ծխախոտի վերահսկողության ազգային ծրագիր»:

Վիճակագրությունը բավականին անհանգստացնող է նաև Վրաստանում: Չնայած այստեղ ծխելու դեմ պայքարում են արդեն 20 տարի, այնուամենայնիվ Վրաստանում ծխախոտ է օգտագործում ամեն  3-րդ և ծխախոտի հետևանքներից մահանում ամեն 5-րդ մարդը՝ հայտնում է  ծխելու նկատմամբ վերահսկողական կազմակերպությունից Գեորգի Բախտուրիձեն:

«Մեր նոր օրենքով, որն ուժի մեջ կմտնին մայիսից, կարգելվի ծխելը հանրային վայրերում, այդ թվում՝ տրանսպորտում»:

Ի տարբերություն Վրաստանի և Ղրղզստանոի՝ Էստոնիայում վաղուց են սկսել ծխելու դեմ պայքարը: Հատուկ վերապատրաստված ավելի քան 200 մասնագետներա այցելուներին անվճար խորհրդատվության են տրամադրում ծխախոտի վնասների և դրա դեմ պայքարի մեթոդների մասին:

Եվ իսկապես, ինչպես ցույց է տվել հատկապես վերջին տարվա փորձը, իրազեկման ճիշտ աշխատանքները ծխելու դեմ պայքարի կեսն են, նկատում է էստոնիայի ներկայացուցիչ, ծխելուց հրաժարվելու խորհրդատու Անաստասիա Դրևսը:

«Էստոնիայում ծխողների 30 տոկոսը տղամարդիկ են, 16 տոկոսը կանայք և մեր հիվանդանոցային վիճակագրությունը ցույց է տվել, որ տղամարդիկ շատ ավելի հեշտությամբ են հրաժարվում ծխելուց, քան՝ կանայք: Մեր պետությունում այժմ ավելի մեծ խնդիր է առաջացել նարգիլայի օգտագործման հետ կապված: Հանգստի և զվարճանքի հաստատություններում առաջարկում են նարգիլա, և մարդիկ մտածում են, որ այն ավելի անվտանգ է, քան՝ ծխախոտը: Մինչդեռ այնտեղ ավելի մեծ թվով ծանր մետաղներ կան, որոնք մի շարք հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ»:

Վերջին օրերին ծխելու դեմ պայքարի մեխանիզմները բավականին շատ են քննարկվում նաև Հայաստանում: Այստեղ մեծ աղմուկ է բարձրացրել հատկապես նոր օրենքի նախագիծը, որը բավականին լուրջ պատժամիջոցներ է նախատեսում՝ 50.000-ից մինչև 700 000 դրամ տուգանք:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության  նախագահ Կարեն Չիլինգարյանը, իհարկե, ողջունում է հակածխախոտային միջոցառումներն ու համաշխարհային պայքարը:

Միևնույն ժամանակ դեմ է այն մեթոդներին, որոնցով Հայաստանում պատրաստվում են պայքարել ծխողների դեմ նոր օրինագծով: Կարեն Չիլինգարյանը կարծում է, որ ծխելու դեմ կարելի է պայքարել՝ օգնելով ազատվել կախվածությունից կամ խրախուսելով չծխողներին, ինչպես օրինակ ընդունված է Նիդեռլանդներում:

Back to top button