Քաղաքական

Բիզնես շահե՞ր, թե՞ «դեղին քարտ» Հայաստանին

Հունվարի 19-ին Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան ու զինամթերքները հասել են Բաքվի նավահանգիստ և կտրամադրվեն ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող զնիվորականներին:

Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին հերթական զենք-զինամթերք տրամադրելու փաստը ևս մեկ անգամ քննադատության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հասցեին: «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր»:

 

 

Որքանո՞վ է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից զենքի մատակարարումը տեղավորվում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության տրամաբանության շրջանակներում: ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ չպետք է մոռանալ, որ նույն Մոսկվայում խնդրի հետ կապված մոտեցումները տարբեր են, որոնցում դեր են խաղում ֆինանսական խնդիրներից մինչեւ քաղաքականը:

«Այս բոլորը հաշվի առնելով, ես կարծում եմ, որ առանձնապես մեծ փոփոխություն երեւի տեղի չի ունեցել՝ զենքը տվել են, բացատրում են, թե ինչու են տալիս, գիտեք, մոտիվացիան գիտենք՝ ինչեր է ասվում, որ եթե այստեղ չառնեն, կառնեն ուրիշ տեղ եւ այլն եւ այլն: Բայց, ինձ թվում է, սա իմ անձնական կարծիքն է, ըստ երեւույթին, այն քաղաքական գործիչները, ովքեր կցանկանային կամ հակված են Ադրբեջանի շահերը պաշտպանելու, հավանաբար նրանք փորձում են դեղին քարտ ցույց տալ Հայաստանին՝ կապված նրա վերջին շրջանի աշխարհաքաղաքական քայլերի հետ: Ես նկատի ունեմ Եվրոպայի նկատմամբ մեր մոտեցումը, այն բոլոր ե՛ ւ փոքր, ե՛ւ մեծ քաղաքական երեւույթները, որ կան»:

Հարցը բավականին շատ է քննարկվել՝ նկատեց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով՝ պետք է մի բան ընդունել՝ կա երկու տարբերակ. պահանջել, որ Ռուսաստանը զենք չվաճառի Ադրբեջանին, որտեղից բխում է, որ Հայաստանին նույնպես: Գիտենք, որ Հայաստանին այլ գնով է վաճառվում: Եթե Հայաստանին չի վաճառվում, ապա՝ նաեւ չի տրամադրվում: Ադրբեջանը, մինչդեռ, զենք կարող է գնել այլ երկրներից: Հետեւաբար, խնդիրն էլ Ռուսաստանը չէ:

Հետեւաբար, խնդիրը կարող է լուծվել, եթե ՄԱԿ-ի բանաձեւով Ադրբեջանը ճանաչվի ագրեսոր եւ արգելվի նրան ընդհանրապես զենքի վաճառքը, ինչի համար մեծ աշխատանք է պետք տանել՝ եզրափակեց պատգամավորը:

Մոսկվայաբնակ հայազգի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի խմբաքանակի այս հերթական մատակարարումը նոր բան չէ, քանի որ այն դեռեւս 2010 -2011 թվականներին կնքված պայմանագրի մաս է կազմում:

«Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության վրա դրա ազդեցությանը, ապա, իհարկե, նման ազդեցություն եղել է, կա, առավել եւս, որ այդ պայմանագրերն արդեն ստորագրված են եւ, ամեն դեպքում, այսպես թե այնպես, իրականացվելու են մինչեւ վերջ»:

Դրանք արդեն պետք է կատարված լինեին, ուղղակի, երկու տարի առաջ Ադրբեջանը մի քանի պայմանագրերի ուղղությամբ ուշացրեց կանխավճարը եւ մատակարարումները որոշ ժամանակով սառեցված էին: Ակնհայտ է, որ այդ խնդիրը լուծվել է վերջին տարվա ընթացքում՝ հավելեց ռազմական փորձագետը: Ըստ նրա՝ առաջիկա երկու տարում եւս նման մատակարարումներ կլինեն, որոնք նույնպես հայտնի կդառնան.

«Դե, Ադրբեջանը նման յուրաքանչյուր մատակարարում շատ ուժեղ լուսաբանում է եւ PR անում՝ հենց քաղաքական նպատակներով՝ այդ թվում եւ  հայ-ռուսական հարաբերություններին վնաս հասցնելու նպատակով»:

Ռազմական փորձագետը բավականին մանրամասն խոսելով մատակարարված վերջին զինտեխնիկայի նշանակության մասին՝ նաեւ ասաց, թե  դրանք մարտական կայունությամբ աչքի չեն ընկնում հայկական զորքերի դեմ, հետեւաբար լուրջ ազդեցություն ռազմական հավասարակշռության վրա չի կարող լինել:

Ամեն ինչ էլ կարելի է բացատրել՝  ընդհանրապես Ռուսաստանից հնչող պարզաբանումների մասով ասաց  «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գիգորյանը: Ըստ նրա, սակայն, երկու գործոն կա, որոնք շատ լուրջ են եւ ցույց են տալիս, որ Ռուսաստանը բարդ քաղաքականություն է վարում:

«Մեր գլխավոր պրիտենզիաները Ռուսաստանի նկատմամբ կապված են երկու գործոնների հետ: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է ու մեծ քանակությամբ զենք է ծախում Ադրբեջանին: Կարող է ծախել, բայց նաեւ՝ ի՞նչ տեսակի զենքեր. մենք տեսնում ենք՝ ծանր զենքեր են ծախում եւ այլն, եւ այլն: Եւ երկրորդը, որ միջնորդը, այնուամենայնիվ, այսպիսի դեր չպետք է ունենա»:

Չեմ կարծում, թե նորմալ երեւույթ է, երբ կոնֆլիկտի լուծմանն աջակցող միջնորդը ռազմականացնում է նույն կոնֆլիկտային գոտին՝ հավելեց քաղաքագետը: Նա նկատեց նաեւ, որ մի հանգամանք էլ կա, որն ինքը չի կապում միայն Հայաստանի հետ:

«Միշտ, ու պատմությունը ցույց է տալիս, երբ որ Ռուսաստանը, նույնիսկ կարճ ժամանակահատվածում, անվտանգության ոլորտում ակտիվ համագործակցում է Թուրքիայի հետ, միշտ Ռուսաստանը իր դաշնակիցներին  «գցում է», բառիս բուն իմաստով: Քդերին, օրինակ, գցեց: Եթե չհամաձայներ՝ Թուրքիան ռիսկ չէր անի մտնել: Քրդերին գցեցին: Եկեք անկեղծ խոսենք՝ Թուրքիան չէր համարձակվի սահմանը անցնել, եթե Ռուսաստանը «դաբռո» չտար»:

Օրինակ, եթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ ուզում է մտնել  ԵՏՄ, ապա  ճնշումը Ռուսաստանի կողմից մեզ վրա շատ լուրջ ու ուժեղ կլինի՝ հավելեց քաղաքագետը:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  նախագահ Թևան Պողոսյանի ձեւակերպմամբ՝ Ռուսաստանը մեր տարածաշրջանում երկերեսանի քաղաքականություն է վարում: Ռուսաստանի նախագահն էր, որ ասում էր՝ եթե  որեւէ մեկը զենք է վաճառում կոնֆլիկտների տարածք, նպաստում է էսկալացիայի՝ հիշեցրեց քաղաքագետը:

« Եթե դու այդպես ես համարում, ապա՝ դու ինչ ես անում. դու միջնորդ ես: Հիմա վերցնենք մեր ներքին խնդրի շրջանակը, որտեղ նույն իմաստով երկերեսանիության խնդիր կարող է լինել: Եթե  Ռուսաստանը առնվազն հասկանում է, որ իր շահերից  Հայաստանն իր համար ռազմավարական դաշնակից է, ապա պիտի փորձի օգնել կամ նպաստել, որ շահերի բախում չլինի, Հայաստանն էլ նրան խնդրի, որ խաղի կանոներն է պետք փոխել»:

Կոշտ հայտարարություններով խնդիր չի լուծվի, իսկ խաղի կանոնների փոփոխությամբ, ըստ քաղաքագետի, կլինի միանգամայն այլ իրավիճակ: Նա կարծում է, որ խաղի կանոնների փոփոխության նախաձեռնողն էլ Հայաստանը պետք է լինի: Դրա տակ էլ պետք է հասկանալ մի բան՝ սեփական ռազմաարդյունաբերությունը զարգացնելու ցանկությունը, նաեւ՝  համատեղ արտադրություններով: Այս դեպքում մի կողմից կլինի ռազմավարական դաշնակցի հետ ներքին պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանն էլ կհասկանա, որ ինչքան էլ զենք գնի՝ չի կարողանա մեր պաշտպանությանը վնաս հասցնել՝ եզրափակեց Թեւան Պողոսյանը:

Ստեփան Գրիգորյանի խոսքով էլ՝ նման բան հնարավոր կլինի, երբ Հայաստանը ստեղծի եւ ունենա իր այլընտրանքը: Արման Նավասարդյանը նույնպես համամիտ էր ասվածի հետ: Կարծում է, որ  դա հնարավոր է, եթե որպես այլընտրանք էլ դիտարկվի Չինաստանի, Իրանի, ինչու չէ, նաեւ՝ Իսրայելի հետ նման համագործակցությունը:

Back to top button